Բան ՂԵ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Արեգա՜կ արդար, օրհնյա՜լ ճառագայթ,
Լույսի կերպարանք, փափագ անձկալի,
Անքնին բարձրյալ, անպատում զորեղ,
Բարու բերկրություն, հույսի տեսություն,
Գովյալ երկնավոր, թագավոր փառքի,
Քրիստոս արարիչ, խոստովանված կյանք,
Թերություններն ու վրիպումներն այս
Բազմասխալ իմ ողբամատյանի
Ամենազոր քո խոսքով լրացրած՝
Մատուցի՛ր որպես հաճելի աղերս երկնավոր քո հոր։
Դու, որ առնելով իմ տեսքն՝ ինձ համար
Անեծքի ծանր փորձություններին
Քեզ ենթարկեցիր, կենա՜ց օրհնություն,
Բարեխնամող տեսո՜ւչ համայնի՝
Թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա,
Եթե հանձն առար ինձ համար մեռնել, Աստվա՜ծ բոլորի,
Որքա՜ն առավել և այժմ պիտի հաճես կարեկցել
Տաժանավորիս տվայտանքներին,
Մեզնից ստացած ազգակից մարմնով՝
Մեղապարտիս տեղ աղոթելով միշտ հորդ փառակից։
Բ
Թող շնորհիվ քո պատվական արյան,
Որ մատուցվում է միշտ ի հաճություն առաքչիդ կամքին,
Դատապարտյալիս պատիժներն համակ ջնջված վերանան,
Պարտքերը զիջվեն, ամոթը ցրվի,
Անարգանքները տրվեն մոռացման,
Դատավճիռը փոխվի ի բարին,
Որդերը սատկեն, լացը վերանա,
Ատամնակրճտումն իսպառ դադարի,
Ողբերն սպառվեն, արցունքներն հատնեն,
Սուգը փարատվի, խավարն հալածվի,
Մարի, խափանվի հուրն այս սաստկաբոց,
Եվ բնաջնջվեն տանջարանները զանազանակերպ։
Գ
Թող որ ամենքին կյանք կամեցողիդ
Ու պարգևողիդ գթությունը գա,
Լույսդ ճառագի, փրկությունդ փութա,
Օգնությունդ հասնի, այցդ ժամանի,
Ողորմությանդ ցողն շտապելով՝
Ոռոգի պապակ անդաստաններն այս
Թշվառությամբ խոր մահվան վիհն ընկած գոս ոսկորներիս,
Եվ կենարարիդ սրբազան արյան բաժակն երկնավոր,
Որ միշտ անսպառ պատարագվում է
Որպես հիշատակ ննջեցյալների
Հոգու փրկության ու կենդանության,
Ծաղկեցնի ու պտղաբեր դարձնի դաշտն իմ մարմնեղեն՝
Խնամարկելով լույս օրիդ համար,
Որպեսզի նրա մեղքերով իսպառ մահացած հոգիս
Քո շնորհներով, քո մեջ զորացած, նորոգվի քեզնով,
Եվ ես, ազատված մեղքերից, անմահ մի կենդանությամբ՝
Հարության ժամին արդարների հետ
Արժանի դառնամ Հորդ օրհնության,
Որի հետ քեզ փա՜ռք, իսկ քո Սուրբ Հոգուն
Բարեբանությո՜ւն՝ անլուռ գոհությամբ
Այժմ, հանապազ և հավիտենից հավիտյանս. ամեն։