Բան ՂԴ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Աստվա՜ծ բարերար և ամենակալ, հավիտենական,

Արարիչ լույսի, հաստիչ գիշերվա,

Դու կյանք մահվան մեջ և լույս խավարում,

Սպասողի հույս և համբերություն վարանածների,

Որ ամենարվեստ քո իմաստությամբ

Ստվերը մահվան այգի ես փոխում,

Աննվազ ծագում, անմուտ արեգակ,

Քանզի անզոր է մութը գիշերվա

Ծածկելու փառքը մեծիդ տերության,

Որին ծնրադիր երկրպագում են էակները ողջ՝

Երկնավորներն ու երկրավորները,

Բնակիչները սանդարամետյան։

Ունկնդրում ես միշտ դու կապյալների հեծեծանքներին

Եվ խոնարհների աղոթքին լսում,

Ընդունում նրանց խնդրանքներն առ քեզ։

Աստվա՜ծ իմ, կյա՜նք իմ, թագավոր ու տեր,

Հո՜ւյս իմ, ապավեն և վստահություն,

Հիսո՜ւս Քրիստոս, Աստվա՜ծդ համայնի,

Սուրբ, որ հանգչում ես սրբերի հոգում,

Վշտաբեկների մխիթարություն,

Քավարան բոլոր մեղանչածների,

Որ ամենայն ինչ գիտես դեռ նրանց լինելուց առաջ,

Հղի՛ր պահապան զորությունն աջիդ,

Փրկի՛ր գիշերվա երկյուղից խավար,

Փրկի՛ր չար դևից,

Որ հիշատակը քո սոսկալի ու սրբազան անվան

Համբուրելով միշտ շուրթերով հոգուս,

Շնչիս անձկությամբ,

Ապրեմ՝ պահպանված բոլոր նրանց հետ,

Որոնք կանչում են քեզ ամբողջ սրտով։

Բ

Արդ, դրոշմից քո խաչի նշանի,

Որ աստվածային արյամբդ ներկելով դու նորոգեցիր,

Մկրտեցիր մեզ որդեգրության շնորհով նրա

Եվ հորինեցիր քո նմանությամբ՝ պատկերիդ փառքով,—

Այդ պարգևներից աստվածային թող դևը ամաչի,

Ի դերև ելնեն խարդավանքները նենգ ու դժնախոհ,

Խափանվի ամեն վարմ ու որոգայթ,

Մարտնչողները պարտված կործանվեն,

Խորտակվեն բոլոր զենքերը սուրսայր,

Մշուշը ցնդի, մութը փարատվի,

Եվ մառախուղը չքանա անհետ։

Թող որ բազուկդ հովանի դառնա և աջդ կնքի,

Քանզի գթած ես, տե՜ր, և ողորմած,

Անվամբդ են կոչվում ծառաները քո։

Եվ քեզ, Սուրբ Հոգովդ, բարձրյալ Հորդ հետ,

Իշխանությո՜ւն, փա՜ռք, հավիտյաններից հավիտյանս. ամեն։