Բան Ղ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Ո՜վ բարեբանված Աստված երկնավոր,

Միակ արարիչ, տեր ամենակալ,

Մեծություն ահեղ, օրհնյալ գթություն,

Ողորմածություն խոստովանելի,

Երկրպագելի բարերարություն,

Խնամարկություն պաշտելի, տոնված մարդասիրություն,

Խնկյալ պահապան, բարձրյալ անքնին,

Մոտիկ կամարար, անխեթ ապավեն,

Սրտի սփոփանք, վշտի փարատիչ,

Ցավի ամոքիչ, լքման սպառում,

Պարտքի վերացում, կարիքի դարման, կրքի կարգադիր,

Խոսքի հարմարող, լեզվի սանձարկու,

Շնչի պարփակող, հագագի հաստիչ,

Մտքի ամփոփիչ, կամքի կրթարան,

Հուզման կանխարգել, մրրկի հանդարտում

Եվ խաղաղություն վարանումների,

Որ ամենընթաց ինքնիշխանության

Թևերը բռնած՝ իմաստությամբ քո

Նվաճելով՝ միշտ ուղղում ես առ քեզ։

Բ

Ո՜վ երախտավոր միշտ գոհաբանված,

Որ քո հեզությամբ անհպարտական

Ու երկայնամիտ՝ անճառ հրաշքով

Սրբերի մեջ ես հաճությամբ հանգչում.

Թագավոր բոլոր արարածների,

Ըստ ամենայնի ճանաչված գթած,

Սկզբնահայրդ ու նախաշավիղ սիրո ընթացքի.

Կյանքի ճանապարհ,

Որ քեզ դիմողիս առաջնորդում ես

Քաղցրությամբ դեպի քո լույսը վերին.

Ո՜վ ձեռնկալու ամենավստահ,

Որ թույլ չես տալիս գայթողիս բնավ ի վայր կործանվել.

Հույսի կերպարանք,

Որ երևում ես որպես ճշմարիտ

Մի առհավատչյա աղաչողներին.

Հանգստացուցիչ ապավինություն,

Որ վտանգի ու դատապարտության չես մատնում երբեք.

Ո՜վ ազատություն շնորհապարգև,

Որ տալիս ես ճոխ՝ առանց փրկանքի փոխատվության.

Աննախանձ, շռայլ առատատրություն,

Որ ճոխացնում ես հողանյութս անարգ՝ անհասիդ փառքով.

Ո՜վ պայծառություն անբիծ, անստվեր,

Որ ճաճանչով քո վսեմ բարձրության

Պարածածկելով՝ ծաղկեցնում ես կրկին թշվառիս.

Քավիչ մեղքերի,

Որ փրկությունից մերժվածիս նախկին

Իր զվարթությամբ կենսանորոգած՝

Վայելչություն ես տալիս վերստին.

Ամենահնար դյուրահասուցիչ

Ամեն մի անբավ գերամբարձության.

Դեպի խոստացված վայելքներ տանող

Ամենավստահ ելարանն ես դու.

Երանություն ես անձկալի, որին գտնելու համար

Կենդանի շունչս կտայի սիրով, ո՜վ անմահություն.

Անփոփոխ կամք ես՝ քավությամբ գերուս

Զորացնելու, ո՜վ ամենագով.

Կենաց դեղն ես դու անսխալելի,

Որ մեռյալներին, լիովին եղծված,

Կենագործում ես սքանչելապես.

Ամենաստեղծ աներկբայելի,

Որ հրակեզին, քամուն տվածին

Եվ գազաններից լափվածին անգամ

Վերստեղծում ես մի ակնթարթում՝

Նախկին կազմությամբ ողջ ու անթերի.

Դու անզուգական ապավենն ես այն,

Բոլորի համար համարձակելի,

Որով, հիրավի, իբրև աստծո՝ պետք է պարծենալ։

Գ

Զվարթ քաղցրությա՛մբ նայիր երկնքից

Հոգնաչարչարիս ամենակործան վտանգներին, տե՜ր,

Եվ ազատի՛ր ինձ հեծեծանքներից այս դառնակսկիծ,

Հանգստացրո՛ւ, տո՛ւր անդորրություն

Եվ վրաս խուժող գումարտակներն այս սատակիչների,

Լինեն դրանք թե՛ նենգ, չարահնար,

Դժնի զենքերով սպառազինված

Խոլ մարտիկների գնդեր դիվական,

Թե՛ քեզ ատելի աղծապիղծ մեղքեր զանազանակերպ,

Թե՛ կորստական ու վատնիչ հետքեր ախտ ու ցավերի,

Կտրի՛ր, հա՛ն, վանի՛ր, խափանի՛ր իսպառ,

Անսահմանորեն հալածի՛ր հեռու

Ու տարագրի՛ր կրկնապես, մատնած անդարձ կորստյան

Եվ կանգնեցրո՛ւ, հաստատի՛ր որպես կյանքի նպատակ,

Ամուր մահարձան՝ նշանը խաչիդ՝

Ապավինածիս փրկությամբ ի քեզ։

Դ

Մեծ ահավորիդ անպարտ, անպատիր

Ու ամենահաղթ հրաշագործմամբ

Թո՛ղ քանդվեն բոլոր այս գաղտնածածուկ

Որոգայթները սատանայական,

Մերկանան չարի խարդավանքներն ու գայթերը չքվեն,

Հնարադրված թակարդներն ամբողջ լինեն խայտառակ,

Երևան հանվեն խայծերը կարթի,

Բացվեն նենգողի ծուղակներն անտես,

Վերանա վարմի ամեն ծածկ ու քող,

Որոմնաբույսերն այրվեն տապահար,

Բռնացողների դավերն ստանան անեծք ու նզովք,

Ծվատվի ցանցը խաբեբայական ի մահ որսողի,

Պարսվի պատրողի ամեն բարուրանք,

Զրպարտիչների զենքերը հատնեն,

Ընկնեն սրերը մահ տարածողի,

Խորտակված թաղվի սադրողի ամեն մեքենայություն,

Ու տագնապողի կապանքները պիրկ՝ քանդված արձակվեն։

Թող երեսպաշտի կեղծ կերպարանքն իր բուն տեսքն ստանա,

Ջախջախվեն մոլի հարձակումները ստահակների,

Ցիրուցան լինեն ուտիճ-ցեցերի տարմերն անպատկառ,

Պառակտված ցրվեն հրոսակները ավազակների,

Քայքայվեն խուժդուժ բարբարոսների հորդաները խոլ,

Քանդվեն ամրոցներն ստամբակների,

Կանխվեն լրբերի ամպրոպներն անզուսպ,

Փարատվի տարափն աղետաբերի,

Ցնդի եղյամը չարափառության։

Թող որ խորտակվեն ամբարտավանի եղջյուրները գոռ,

Բարձրաձողերը կեղծ դրոշների լինեն ջարդուբուրդ,

Փշրտվի հոխորտ գոռոզությունը բարձրահոնների,

Ետ շպրտվի խեռ ճակատողների ամեն դիմարշավ.

Թող Բելիարի՝ թե անմարմնական ու թե մարմնավոր

Զորագնդերի դաշնը քայքայվի,

Մի ճամփով եկած՝ յոթով ետ փախչեն,

Հենց իրենք ընկնեն ինձ համար փորած վիհն անդնդախոր։

Թող անցնեն անդարձ նեղչի ձմեռներն այս ձանձրատաղտուկ,

Կտրվի կապը միաբանության

Հանապազաջան ավազակների.

Թող շողոքորթի համբույրը շողոմ

Ճակատիս միայն հարուցի նողկանք,

Խոշտանգիչների նետարձակումներն անհետ խափանվեն,

Սասանվի նավը խարդախողների,

Եվ ատամները կծոտողների արմատահանվեն։

Ե

Օրհնյալ փայտովդ կենարար, որին

Պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի,

Այն բևեռների սուրբ հիշատակով,

Որոնցով մահվան գործիքին գամվեց

Արարիչդ համայն երկնի ու երկրի,

Տերունական քո սրբազան արյամբ,

Որի շնորհիվ հսկա վիշապին որսացիր կարթով,

Լեղու դառնությամբ, որը ըմպելով՝

Կորուսչի թույնը արտաքս թափեցիր,

Քո սարսափելի չարչարանքների

Պատմության թովիչ ճառագրությամբ,

Որով, լրբությունն ըմբերանելով,

Ամաչեցրիր հակառակողին,

Անվամբ քո անհաս, անճառ, անմեկին,

Որից դողում են ու դատապարտվում

Սարսափահար ու սաստիկ սոսկումով

Ե՛վ տեսանելի, և՛ աներևույթ էակներն համայն,—

Ահա այս բոլոր շնորհներով քո

Խոստովանողս թող որ ստանա

Քավություն, բուժում և պաշտպանություն։

Իսկ այն մահաբեր դառնաթույն օձին

Եվ ով որ դրդեց նրան չարությանն իր տիեզերադավ,

Թող լինեն դրանք սատակման պատճառ.

Դրանցով ինքը անբժշկելի

Տառապանքներով մատնվի կորստյան,

Բռնվի ու կապվի։

Թող որ արարչիդ ողորմությունը միշտ լինի ինձ հետ,

Եվ շունչս ու հոգիս միավորվեն քեզ հավետ անբաժան։

Զ

Արդ, աղոթահայց և աղերսաձայն

Մաղթանքները այս ով որ ընթերցի,

Ով որ պաղատի տիրասիրաբար,

Ծեր թե երեխա, կույս, երիտասարդ կամ թե աղախին,

Հավասարապես, անաչառորեն

Թող որ ստանա քեզնից, բարեգո՜ւթ,

Պարտքից սրբվելու մասն երանության,

Մաքրված նորից՝ հաստվի վերստին

Անարատությամբ, վերակերտվելով

Քո կերպարանքով անփոփոխելի։

Ահա տիրապես մեծազո՜ր, կարող,

Անիմանալի, անհաս, անպատում,

Նայի՛ր հաճությամբ այս արտասվահեծ

Ու կողկողագին հառաչանքներին,

Որ, ընծայվելով շուրթերից բոլոր,

Սուրբ Աստվածածնիդ բարեխոսությամբ

Ու խնդրանքներով համայն սրբերի,

Մատուցվում է քեզ՝

Ի սեր բարերար երկնավոր քո Հոր

Եվ քո Սուրբ Հոգու, նրան փառակից ու կենդանատու։

Քանզի ամենքին դու ես ստեղծել,

Եվ քեզանից է եղել ամեն բան,

Դու ես իշխում ու տիրում բոլորին.

Փա՜ռք քեզ բոլորից, մեկիդ էական

Ու անժամանակ Երրորդությունից՝

Հավասարապես փառավորված միշտ,

Հավիտյաններից հավիտյանս. ամեն։