Բան Թ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Արդ, քեզ արժանի նախատինքների ի՞նչ խոսքեր գրեմ
Մաղթանքներիս այս կտակամատյան ողբերգության մեջ,
Ո՜վ անձն իմ թշվառ, իսպառ անպատկառ,
Պատասխան տալու համար անբարբառ,
Անպիտան՝ Աստծո և սրբերի հետ հաղորդակցելու։
Զի եթե մի լիճ, ծովե՜րը նույնիսկ թանաքի փոխեմ,
Թե բազմասպարեզ դաշտերն իրենց ողջ
Անսահմանությամբ դարձնեմ մագաղաթ
Եվ եղեգների շամբ ու պուրակներն, անտառներն ամբողջ
Կտրելով միայն գրիչներ շինեմ,
Դարձյալ չեմ կարող բարդված իմ անթիվ անօրենության
Մի չնչին մասնիկն իսկ գրի առնել։
Եթե անգամ ողջ մայրի անտառներն այն Լիբանանի
Զոդելով դարձնեմ կշեռքի լծակ
Եվ մի նժարին իբրև կշռաքար
Արարատ լեռը դնելու լինեմ,
Դարձյալ չի կարող նա իր ծանրությամբ
Իջնելով հասնել, համազուգակցել ու հավասարվել
Մյուս նժարի հանցանքներիս հետ։
Բ
Դու ծառ ես, մի ծառ, շքեղ, բարձրուղեշ,
Ստվար ճյուղերով ու տերևալից,
Սակայն պտղազուրկ,
Ճիշտ հար ու նման այն թզենուն, որ տերը չորացրեց։
Քանզի վարսագեղ քո սաղարթներով,
Այսինքն՝ արտաքին տեսքով, բարեշուք,
Ասես պաճուճված ինչ-որ պսակով,
Հեռավորներին թովում ես, գերում,
Սակայն տնկողդ եթե մոտենա բերքդ քաղելու,
Պիտի գտնի քեզ անպտուղ, ունայն,
Գեղեցկությունից զուրկ ու գարշելի,
Որպես տեսնողի նշավակության,
Նախատինքի ու ծաղրի առարկա։
Եթե հերապանծ անպտուղ տունկն այն, անշունչ, անկենդան,
Չնչին պատկերն այդ անպատրաստ մարդու,
Տարաժամ, անդեպ, չսպասված պահին անեծք ընդունեց,
Կամ եթե հողը, ցողով ոռոգված,
Երկրագործների ջանքերի դիմաց
Բազմապատիկ բերք չմատուցելով
Լքվում, մատնվում է անհուշ մոռացման,
Հապա դո՛ւ, դո՛ւ, ո՜վ անձն իմ եղկելի,
Դո՛ւ, բանական հող, դո՜ւ, կենդանի տունկ,
Որ ժամանակին պտուղ չես տվել,
Ինչպե՞ս չես կրում պատիժ նրանց պես.
Չէ՛ որ սկսած առաջին մարդուց
Մինչև վախճանը մարդկային ցեղի՝
Քեզ ստեղծողին՝ Աստծուն ատելի, անախորժելի՝
Արդեն կատարված ու կատարվելիք
Նանիր գործերի արդյունքն համորեն առել ես քո մեջ։
Գ
Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ
Որպես թիրախի, ա՜նձն իմ անպիտան,
Խոսքիս քարերով, ինչպես անընտել վայրի գազանի,
Անողորմաբար պիտի քարկոծեմ։
Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու,
Բայց, իմաստունի խոսքի համաձայն,
Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ
Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ
Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ
Խոստովանելով որպես կատարված չարագործություն՝
Պիտի անսքող հրապարակեմ,
Սփռեմ քո առաջ, Աստվա՜ծ իմ և տեր։
Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ,
Այնքան ավելի կարժանանամ քո անհատ գթության,
Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝
Առավել առատ շնորհները քո։
Որքան ավելի ճարակված լինեմ
Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու ցավերով,
Դրա համեմատ՝ այնքան առավել ու կրկնապատիկ
Բարձրյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար
Ցուցադրվելով պիտի հռչակվի.
Ըստ իմ պարտքերի առավելության
Եվ փոխատվիդ շռայլությունը, շնորհաբաշխմամբ,
Բարեբանվելով պիտի պսակվի,
Ըստ առակի քո խնկելի ու սուրբ։
Դ
Զի քո ձեռքում է փրկությունը, տե՛ր,
Եվ քեզանից է լինում քավություն.
Աջովդ նորոգում ու զորություն ես ընձեռում մատով.
Արդարությունը հրամանիցդ է,
Ազատությունը՝ քո գթությունից.
Դեմքդ տալիս է լուսավորություն, երեսդ՝ բերկրանք.
Բարությունը քո հոգով է լինում,
Սփոփանքը՝ քո սուրբ յուղի օծմամբ,
Զվարթությունը՝ շնորհիդ ցողով.
Դու ես պարգևում մխիթարություն,
Վհատությունը հանձնում մոռացման,
Վշտի խավարը փարատում անհետ,
Ողբն ու հառաչը փոխում ծիծաղի։
Քեզ վայելում է օրհնաբանություն
Գովությամբ հանդերձ՝ ի վերին երկինք՝
Նախահայրերից ու սերունդներից բոլոր ապագա,
Հավիտյաններից հավիտյանս. ամեն։