Բան ՁԸ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Արդ, բեկված հոգով, վհատված մտքով, խորտակված սրտով՝

Ջուրը իմ կամքի և կաթիլները

Արտասուքներիս առջևդ եմ թափում,

Զամարաթացի մարգարեի պես,

Որ ջուրն առնելով՝ սկավառակից

Հեղեց քո առաջ, ո՜վ ամենատես,

Օրինակ տալով ժողովրդին, որ

Խոստովանությամբ, հնազանդությամբ

Ընկնեն կենարար գարշապարներդ։

Բ

Ընդունիր հյուսվածքն այս աղիողորմ հեծեծանքներիս

Եվ այս բանական նվերն հոտոտի՛ր

Որպես անարյուն զոհաբերություն.

Օրհնությամբ սրբի՛ր ու մաքրի՛ր ամեն

Տառը մատյանի այս ողբերգության.

Վավերագրի՛ր, հաստատի՛ր, կնքի՛ր

Այն որպես արձան հավիտենական՝

Ընտիր ու հաճո գործերի կարգում։

Թո՛ղ որ առջևդ լինի մշտապես

Ու լսելիքիդ հնչի շարունակ,

Խոսի շուրթերով քո ընտրյալների,

Հրեշտակներիդ լեզվով բարբառի,

Թո՛ղ տարածվի քո աթոռի հանդեպ

Եվ ընծա բերվի քո սուրբ սրահում,

Խնկի տաճարում անունդ կրող

Ու բուրի փառքիդ սեղանի վրա,

Պահպանվի հավետ քո գանձարանում

Եվ ամբարվի քո ստացվածքի մեջ։

Թո՛ղ որ հռչակված հասնի ազգերին,

Ժողովուրդներին քարոզվի ի լուր,

Տպվի դռներին բանականության

Եվ զգայության սեմերի վրա դրոշմվի ամուր։

Ու թեպետ որպես մի մահկանացու՝ պիտի վախճանվեմ,

Բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ։

Կամքովդ թող, տե՜ր, սա մնա անեղծ,

Պատժապարտիս դեմ բարձրացած որպես

Անաչառ դատող, անդուլ կշտամբիչ,

Անպատկառ բասրիչ, անխիղճ նախատող,

Անգութ պարսավող, անհաշտ ծանակիչ,

Անողոք մատնիչ, անողորմ տանջող,

Անկաշառ դահիճ, անխնա հայտնիչ,

Անզգամ ու բիրտ հրապարակող

Եվ ամբաստանող մի աշխարհալուր.

Բարձրագոչ փողով անլուռ, անդադար ազդարարելով՝

Թող որ հանցանքներն իմ խոստովանի։

Գ

Այս գիրքն իմ ձայնով անձիս փոխարեն

Իբրև ես՝ պիտի միշտ աղաղակի,

Տարածի այն, ինչ ծածկված է եղել,

Ինչ որ գաղտնի էր, պիտի հռչակի,

Կատարածներս կականի ողբով,

Մոռացվածները բերի ասպարեզ,

Ինչ որ եղել է անտեսանելի ու աներևույթ,

Մերկացնելով՝ դուրս հանի հանդես,

Բարուրանքներս պիտի տարփողի,

Հրապարակի՝ ինչ որ թաղված է եղել խորքերում,

Մեղքերս պատմի, թաքնվածները

Ցուցադրի բուն կերպարանքներով։

Սրանով պիտի խայծերն ի հայտ գան,

Որոգայթներն ու կարթերը բացվեն,

Երևան հանվեն անպատումները,

Չարիքների ողջ մնացորդները լիովին քամվեն։

Եվ իմ ցամաքած, գոս ոսկորների գանձապահեստում

Թող թագավորի քո շնորհների

Ու ողորմության շունչը, Քրիստո՜ս,

Որ կենդանարար գարնանամուտի սկզբնալույսին՝

Կենսանորոգման այն օրը պայծառ՝

Անմահ փրկության քո ցողով աճած

Ու բարունակած հոգևոր բարյաց ընձյուղները պերճ՝

Անթառամելի վերամբարձությամբ

Դալարեմ դարձյալ ու ծաղկեմ կրկին,

Համաձայն շնչով քո՝ գրված գրքի հուսադրության։

Եվ քեզ՝ փրկողիդ միակ և Հոգուդ, հորդ փառակից,

Միասնական քո տերության՝ անճառ սուրբ Երրորդության,

Գովեստով փա՛ռք ու երկրպագությո՜ւն հավիտյանս. ամեն։