Բան ՁԴ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Արքա՜ երկնավոր, թագավոր բարձրյալ,
Տեր ամենայնի և բոլորի հույս,
Հոգեղենների հաստիչ, ստեղծող բանականների,
Արարյալների սկզբնապատճառ
Եվ կազմավորիչ լինելիների,
Լույսի պարգևող, այգի շարժառիթ
Եվ վաղորդայնի նախապատրաստող,
Իրիկվա ցուցիչ, տարրիչ խավարի,
Արհեստ-արվեստի բարեհնարող
Եվ իմաստության գործադիր խթան,
Օրհնյալ քավարան, հալիչ մեղքերի,
Ցավի հալածիչ, լուծիչ դառնության,
Հանգստի օրրան, նիրհի հնարող,
Քնի հարմարիչ, պարգևիչ ննջման,
Շնչի պահապան-հարակարգադիր
Եվ զգայության անխափանարար,
Ցնորքի ցրիչ, այլափոփոխող անուրջ-երազի,
Թախծի ամոքիչ, վանող զարհուրման,
Ծփման խաղաղիչ, խափանիչ խիթման,
Փարատող տագնապ-տարակուսանքի,
Խարդախման սարսափ, չարի խարազան,
Ախտի փախուցիչ, ընկղմիչ գայթման։
Պաշտպանի՛ր ինձ քո երկնաստեղծ ձեռքով
Եվ զորացրու աջովդ բարձրացած,
Ամփոփի՛ր թևով ամենակալիդ,
Ծածկի՛ր խնամքով քո աստվածային
Եվ ամրապնդի՛ր վերնայիններիդ վերակացությամբ,
Պարսպի՛ր շուրջս քո անմահների գումարտակներով,
Պարփակի՛ր ամուր բոլոր կողմերից
Հրեշտակներիդ միաբանությամբ,
Ընդդիմամարտին վանի՛ր, վտարի՛ր
Զվարթուններիդ զորախմբերով,
Պաղատանքներով սուրբ Աստվածամոր
Հովանավորի՛ր ալեկոծյալիս,
Անդրանիկներիդ բանակները ինձ կարգի՛ր պահապան։
Աչքերիս հետ բա՛ց տեսանելիքը նաև իմ մտքի,
Ոգուս պես նաև թեթևացրո՛ւ
Ծանր կրքերիս հափրանքն այս տարտամ,
Փարատի՛ր անհետ լերդացած այս բութ
Հիմարությունն իմ զգայությունից,
Թոթափի՛ր պատճիս թանձրությունը բիրտ, միա՜յն բարեգործ։
Լույսը բացվելիս ողորմությունդ էլ թող ծագի վրաս,
Արևելի հետ՝ թող որ անձկացած սիրտս թափանցի
Եվ արդարության արեգակը քո,
Փառքիդ ճաճանչը ջահանա մտքիս խորհրդարանում,
Տյառնագրումը խաչիդ՝ համասփյուռ
Տարածվի շնչիս ու մարմնիս վրա։
Քեզ եմ ավանդում այսօր քո կերտած տաղավարը իմ,
Որ պահպանակն է մեջն եղած ոգուս,
Քանի որ դու ես Աստված անքնին,
Ամենքին հասու և ամեն ինչում բովանդակապես,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։