Բան ՁԳ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Բարձրյա՜լ անքնին, զորություն ահեղ,

Արարածոց տեր, երկնի թագավոր,

Հրեշտակների ստեղծող, հաստիչ հրեղենների,

Մտքի գոյարան, հոգու բարի պետ,

Ապավինման աջ, անվրդով հանգիստ,

Լույսի տեսարան, բերկրառիթ ճաճանչ,

Երանության ռահ, կյանքի շարժառիթ,

Բանականության սկզբնապատճառ,

Անչար փրկություն և խաղաղության շունչ ու առաջնորդ,

Ամրության պարիսպ, պահպանիչ պատվար,

Բոցե ցանկապատ անբավ օրհնության

Եվ անոխության չափանիշ, սահման,

Ողբերգության այս մատյանում գրված

Խոստովանական աղերսանքներով՝

Ի բարին հիշի՛ր մարդկային ազգից

Եվ նրանց, որոնք թշնամի են մեզ.

Տուր լիակատար քավություն, գթա՜ծ, ու ողորմություն։

Եվ իմ պատճառով, իմ հանդեպ տածած մեծ սիրուդ համար,

Մի՛ բարկացիր, տե՜ր, դու նրանց վրա՝

Իբրև սրբերին բամբասողների,

Այլ իբրև չարին նախատողների

Եվ արդարացի կշտամբողների՝

Ների՛ր դու նրանց հանցանքներն իրենց։

Եթե նրանց հետ քեզ ներկայանանք, ո՜վ արդարադատ,

Ոմանք մեր հանդեպ կարող են դուրս գալ պակաս հանցավոր

Եվ իրավացի, միգուցե, նաև մեզ բամբասելով,

Մինչդեռ քո հանդեպ իմ բազմօրինակ

Ուխտազանցությունն, ամենապարգև՜,

Անթիվ է, անբավ ու անկշռելի։

Բ

Արդ, տե՜ր, նայելով անարգիս՝ հիշի՛ր մեծությունը քո,

Եվ երբ քեզանից բարիքներ խնդրեմ ինձ ատողներին,

Նրանց համար էլ, որ քոնն են նույնպես,

Ըստ մեծությանդ, անճառելիներ հրաշագործի՛ր։

Ինձ խայթողներին մի՛ բնաջնջիր, այլ ուղղի՛ր միայն.

Հանելով խոտան բարքը երկրային՝

Արմատավորի՛ր առաքինություն իմ ու նրանց մեջ։

Մանավանդ չէ՛ որ դու լույս ես ու հույս,

Իսկ ես խավար եմ ու հիմարամիտ.

Դու՝ փառաբանված բարի իսկություն,

Ես՝ ամեն ինչով չար ու ապիկար.

Դու տնօրենն ես երկնի ու երկրի,

Ես իշխանություն իսկ չունեմ շնչիս ու հոգուս վրա.

Դու՝ բարձրյալ, առանց հոգս ու վշտերի,

Ես՝ տագնապահար ու տաժանավոր.

Դու՝ վեր երկրային բոլոր կրքերից,

Ես անարգ կավ եմ ու գարշելի հող.

Դու՝ հարամնա, ըստ մարգարեի,

Անհասանելի բարձունքիդ վրա,

Իսկ ես, ըստ նրա, կորստական եմ հավիտենապես.

Քո մեջ նենգություն ու խավար չկա,

Իսկ ես, որ ավանդն իմ չպահեցի, և՛ այս եմ, և՛ այն։

Դո՛ւրս բեր ինձ բանտից,

Արձակի՛ր բոլոր կապանքներն իմ այս,

Այս շղթաները պրկող՝ կտրատի՛ր,

Փրկի՛ր խեղդվելուց, վե՛րջ տուր տագնապիս,

Քանդի՛ր կապկպող երկաթներն այս ողջ,

Հա՛ն պաշարումից, տարակույսներիս վարմից ազատի՛ր,

Սփոփա՛նք տուր իմ տխրություններին, տանջանքիս անդորր,

Վիշտս փարատի՛ր, տվայտանքներիս խաղաղություն բեր,

Լացիս՝ ամոքում, հեծեծանքներիս՝ ապաքինություն,

Ողբ ու կականիս՝ դադար ու հանգիստ։

Տե՜ր ողորմության և պարգևատու ամեն քաղցրության,

Հզորիդ արյան գնով փրկվածիս

Անտես անելով իզուր մի՛ կորցրու.

Կանգնեցրո՛ւ ինձ, որ բազմավտանգ

Այս հիվանդությամբ ճարակված՝ մահվան ափին եմ հասել։

Գ

Ահա բարդվեցին ու կուտակվեցին

Կյանքիս տարիներն ընդունայն ու փուչ,

Քանզի այն օրից, երբ մորս արգանդի

Անդաստանից ես լույս աշխարհ եկա,

Ընձյուղված որպես մեղքի դժնիկ փուշ,

Եղա անպիտան.

Բայց դու մի՛ լինիր ինձ խոցող խայթոց,

Ինչպես երբեմն Հուդայի տոհմին

Եվ կամ Եփրեմի սերնդին եղար։

Երբ որ բարեսերմ ցորենի տեղ՝ միշտ

Հոգուս մեջ տնկած աճեցրի խայթող

Ընդարմացուցիչ ինքնաթույն խոտեր,

Ինչպե՞ս չկոչեմ անձն իմ գարշելի

Ու անիծաբեր անդաստան, խեղդված մեղքի փշերով։

Երբ արդարություն չսերմանեցի,

Օվսեի խոսքի համաձայն, ինչպե՞ս

Կարող եմ հնձել պտուղը կյանքի։

Թուլացավ ընկավ կուսական ստինքն անձիս մաքրության,

Ըստ մարգարեի, որ Իսրայելի մասին է ասել,

Բայց դու կարող ես վերականգնել, տե՜ր։

Վառված Հուդայի մոլեկան վարքով՝

Կամքիս մահիճը արձակ, ցոփությամբ

Բաց արի սեղեխ դևերի համար,

Բայց դու կարող ես նորից հավաքել՝

Վերադարձնելով նույն զգաստության։

Դ

Եթե մարմնական կցորդությունն այն մարգարեի հետ

Անարատ, անբիծ դարձրեց պոռնկին,

Հապա, փրկությո՜ւն, եթե հոգեպես դո՛ւ ինձ միանաս,

Պիտի կրկնակի ինձ մաքրագործես։

Եթե անկենդան արեգակն այս, որ

Հենց դո՛ւ ես որպես մի մատակարար ստեղծել երկրին,

Ճահճացեխերը ցամաքեցնում

Ու հասցնում է պտուղները խակ,

Հապա դու ինքդ, որ արարիչն ես

Ամեն գոյության ու Հոգին Աստծո,

Որքա՜ն ավելի կարող ես զազիր տիղմը չարիքի

Ու պիղծ մեղքերի մթերված թարախն իսկույն սպառել։

Ահա թե ինչու, խոսքիս ընթացքում,

Փութացի քեզնից՝ ինձ ատողներին նախ բարիք հայցել,

Որպեսզի մերժված վնասակարիս ու մահապարտիս

Հանկարծ հզորիդ ամենախնամ

Աչքից չձգես, օրհնյա՜լ գթություն.

Կենդանությո՛ւն տուր ամենամեղիս մարմնին ու հոգուն,

Որ կարողանամ մտքով լինել միշտ քո էության հետ։

Բարեգործներին բարիք խնդրելուն,

Բնության կարգով, հակամիտված է ամեն գոյություն,

Եվ ամեն հասակ այդ պատվերը քո

Ի վիճակի է, անշուշտ, կատարել,

Բայց նույն սիրով ու ջերմեռանդությամբ

Իրագործել և երկրորդն այն՝ արդեն

Նշանակում է նմանվել Աստծուդ.

Այդ պատճառով էլ գերադասեցի

Թշնամիներիս բարիք աղերսել,

Քան երախտավոր բարեկամներիս։

Ե

Մեկի փոխարեն կրկնակի՛ հիշիր նրանց, բարերա՜ր,

Որ ընդունեցին անարժանիս քո վսեմ անունով.

Շնորհի՛ր նրանց, տե՜ր ամենառատ ու անոխակալ,

Վարձքը արդարի ու մարգարեի.

Թեպետև ինքս լիովին զուրկ եմ արժանիքներից,

Սակայն նրանք, ըստ իրենց հավատի

Եվ հուսապատար ակնկալության,

Մեղավոր գերուս նայում են բարի, ուղղամիտ կամքով,

Կարծելով հոգուս պահարանում ես

Ծածկույթի ներքո ունեմ լիառատ

Սուրբ մասունքներից քո կենսապարգև։

Արդ, պատժապարտիս, որն անկարող է

Թաքնվել մեծիդ տեսողությունից

Եվ խուսափել քո կշեռքից ուղիղ ու անխաբելի,

Մոտենալով քո անսահմանորեն քաղցր գթությամբ՝

Մաքրի՛ր, որպեսզի տիեզերական

Մեծ դատաստանին ներկայանալիս չխայտառակվեմ։

Ինչպես հաճում են սիրելիներդ

Քո անվան համար ինձ՝ անարժանիս,

Վայելուչ շուքով պատվել՝ նայելով

Մաքուր զգեստիս բարեձևության

Եվ երանելի հաշվել եղկելուս՝

Անգիտակ գաղտնի իմ արատներին,

Դու էլ, ձեռնահա՜ս, ամենապարգև,

Օրհնյալ, մարդասեր և ամենողորմ,

Թշվառականիս հեծության համար՝

Հաշտվի՛ր նրանց հետ և, ըստ հավատի,

Վերջին հատուցման օրն այն ահավոր ու ամենափորձ

Ընծայի՛ր նրանց, տո՛ւր որպես պարգև մեծությունդ անեղծ

Ու պսակը քո հավերժ անթառամ։

Զ

Ստրուկիս համար ու սովատանջիս՝

Երաշխիքն ես դու փառքի, փրկության,

Անսպառելի, անհատ գանձերի,

Եվ շնորհներդ այդ շրջանակելով երկնքին ի շահ՝

Խոսքիդ զորությամբ՝ ճոխանում ենք մենք։

Տե՛ղ սահմանիր, տե՜ր, ինձ համար խաղաղ ջրերի ափին.

Ամրապնդի՛ր ինձ անխախտ, անվրդով մի վստահությամբ.

Հաստատի՛ր, օրհնյա՜լ, իմ մեջ անկասկած,

Աներկբայելի հույսի ամրություն.

Պաշտպանի՛ր աջովդ ամենախնամ.

Սասանվածիս տո՛ւր անխռով անդորր,

Տարակուսյալիս՝ լույսի ապավեն,

Բազմաչարչարիս՝ մեծ երջանկություն,

Հուսահատվածիս՝ օգնություն կյանքի,

Լքվածիս՝ անեղծ օժանդակություն

Ու նահանջածիս՝ վերընթացություն անսայթաքելի։

Քանի որ դու ես տերն ամենայնի,

Եվ ամենայն ինչ քեզնից է միայն.

Քո ձեռքն է բաշխում այն բոլորն, ինչ որ

Հավաստի պետք է ամեն մի կյանքի.

Եվ քեզ վայել է փա՜ռք հավիտենից հավիտյանս. ամեն։