Բան Ձ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Ահա ենթարկված այսքան անողորմ,

Դառն ու սրտաբեկ հուսահատության

Եվ աստվածային սահմռկեցուցիչ բարկության ահեղ,

Թախծագին հոգով իսպառ տագնապած՝

Աղաչում եմ քեզ, սուրբ Աստվածածի՜ն,

Ո՜վ մարդ-հրեշտակ ու մարմնատեսիլ անբիծ քերովբե,

Երկնի թագուհի, անխառն՝ ինչպես օդ, մաքուր՝ ինչպես լույս,

Անեղծ՝ երկնաճեմ արուսյակի պես,

Անապակությամբ գերազանց՝ անկոխ սրբություններից,

Առատախոստում երանության վայր, շնչավոր եդեմ,

Բոցեղեն սրով պաշտպանված՝ կենաց անմահության ծառ,

Հովանավորված, զորացած՝ բարձրյալ արարչի ձեռքով,

Հանգստյամբ հոգու՝ շնորհազարդված ու մաքրագործված,

Հարդարված, որպես տաղավար, որդուդ սուրբ բնակությամբ,

Անաղտ մաքրությամբ հանդերձ՝ գթասիրտ,

Անբիծ սրբությամբ հանդերձ՝ բարեխոս ու խնամակալ,

Ընդունի՛ր մաղթանքն այս աղերսական՝ քեզ դավանողիս,

Խառնելով մեծիդ նվիրած նախկին ներբողներիս հետ՝

Մատուցի՛ր որպես պաղատանքը քո.

Միավորի՛ր ու հյուսի՛ր հեծեծանքն իմ դառնակսկիծ

Աղերսանքներին քո երանելի ու նվիրական,

Ո՜վ կենաց պտղի օրհնաբանված տունկ,

Որ ապավինած քո սուրբ մայրության

Եվ լուսազարդված, միշտ աջակցություն,

Բարեգործություն գտած քեզանից,

Ապրեմ միածին Քրիստոս որդուդ ու տիրոջ համար։

Բ

Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով,

Ո՜վ խոստովանված մայր կենդանության,

Որ այս աշխարհի հովտից դուրս գալիս՝

Առանց տանջանքի մեկնեմ դեպի կյանք,

Դեպի պատրաստած օթևաններդ,

Որպեսզի թեթև լինի վախճանը

Անօրենությամբ ծանրաբեռնվածիս։

Օրն հոգեվարքի դարձրո՛ւ ինձ համար մի տոն ցնծության,

Ցավազերծո՜ղդ երկունքն Եվայի.

Խնդրի՛ր, աղաչի՛ր ու բարեխոսի՛ր,

Քանզի անպատում մաքրությանդ համար,

Հավատացած եմ, խոսքդ կընդունվի։

Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ.

Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստծո.

Հոգածո՛ւ եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն բարձրյալի.

Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար.

Փառավորի՛ր քո որդուն քեզանով՝

Աստվածորեն ինձ հրաշագործել,

Տալով քավություն և ողորմություն,

Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր։

Գ

Թող փրկությունս ցույց տրվի քեզնով,

Եվ քո պատիվը ինձնով բարձրանա։

Եթե գտնես ինձ նորից, Տիրամա՜յր,

Եթե ողորմես, անե՜ղծ սրբուհի,

Թե կորուսյալիս շահես, անարա՜տ,

Եթե խրտնածիս հոգաս, երջանի՜կ,

Թե առաջ տանես ամոթահարիս, ո՜վ բարեշնորհ,

Եթե միջնորդես հուսահատվածիս համար, միշտ սո՜ւրբ կույս,

Եթե մերժվածիս ընտանեցնես, մեծարյա՜լդ Աստծո,

Եթե ցույց տաս ինձ գթածությունդ, լուծի՜չդ անեծքի,

Եթե ամոքես հուզվածիս, հանգի՜ստ,

Եթե ազատես այս ալեխռով

Վարանումներից, ո՜վ խաղաղարար,

Եթե ճար գտնես գայթածիս, գովյա՜լ,

Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՜ն նահանջիչ,

Թե անուշացնես դառնություններն իմ, համա՜կ քաղցրություն,

Եթե բաժանման խոչընդոտները քանդես, հաշտարա՜ր,

Եթե սրբես ինձ անմաքրությունից, եղծմա՜ն ընդոտնիչ,

Եթե փրկես ինձ՝ մատնվածիս մահվան, ո՜վ կենդանի լույս,

Թե ձայնը լացիս կտրես, բերկրությո՜ւն,

Թե խորտակվածիս կազդուրես նորից, կենսապարգև՜ դեղ,

Թե կործանվածիս նայես, հոգելի՜ց,

Եթե ընդունես ինձ ողորմությամբ, նվիրյա՜լ կտակ։

Օրհնյա՜լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերով,

Ահա մի կաթիլ կուսական կաթիդ

Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ,

Ո՜վ մայրդ բարձրյալ տիրոջ Հիսուսի՝

Արարչի երկնի և համայն երկրի,

Որին ծնեցիր դու անճառորեն՝

Բովանդակ մարմնով ու համաբոլոր իր աստվածությամբ,

Որ փառավորն է հոր հետ, սուրբ Հոգով,

Կապված էությամբ և անքննությամբ մեր բնության հետ,

Որն ամենայն է և ամեն ինչում՝

Որպես մեկը սուրբ Երրորդությունից.

Նրան վայել է փա՛ռք հավիտենից հավիտյանս. ամեն։