Բան Ը
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ կորուսյալ,
Ո՞ւր պիտի թաքնվես, կամ ինչպե՞ս փրկվես,
Ինչպե՞ս ազատվես մեղքերի բանտից.
Պարտքերդ շատ են, տալիքներդ՝ անթիվ,
Կշտամբանքը՝ դառն, ամբաստանքն՝ անվերջ,
Հրեշտակները՝ խիստ ու անողորմ,
Իսկ դատավորը՝ անկաշառելի,
Ատյանը՝ հզոր, բեմը՝ անաչառ,
Սաստը՝ ահարկու, վճիռն՝ անողոք,
Հրամանն՝ ահեղ, պարսավանքները՝ մերկապարանոց,
Գետերն՝ հրեղեն, վտակներն՝ անանց,
Խավարն՝ արջնամառ, մշուշն՝ անթափանց,
Գուբը՝ մահախեղդ, տագնապն՝ հարագո,
Տարտարոսն՝ անհագ ու ամենակուլ,
Սառնամանիքը՝ անզերծանելի։
Ահա այդ բոլոր դառնությունները
Հենց քեզ համար են մթերված, իրոք,
Որպես դժնդակ ու տաժանական
Օթևաններ քո ծանր, անտանելի պատուհասների,
Ո՜վ դու անարժան անձն իմ հանցավոր,
Չարագործ, պոռնիկ, բազմաբիծ, համակ
Ապականության անդ ու անդաստան։
Քո իսկ գործերի արդյունքն ես ահա ժառանգելու դու,
Զի խոտորվեցիր ճշմարտությունից,
Մաքրությունից քո զազրացար իսպառ,
Տարագրվեցիր արդարությունից
Ու պարկեշտության կարգից հեռացար,
Ունա՜յնդ հոգեձիր հարստությունից
Եվ նախանձարկուդ քեզ բարերարող ամենակալի։
Բ
Ինքդ քո ձեռքով կառուցեցիր քեզ անել արգելան
Ու որոգայթներ անճողոպրելի,
Խոստովանելով անձամբ, որ վերքերդ՝ անբժշկական,
Իսկ տանջանքներդ անօրինակ են,
Հաստատելով, որ անբուժելի է կործանումը քո,
Ո՜վ չարագործդ բարիների մեջ,
Դառնդ՝ քաղցրերի,
Խավարակերպդ՝ լուսազարմների,
Կողոպտվածդ՝ ճոխ պաճուճվածների,
Պախարակվածդ՝ գովյալների մեջ,
Ո՜վ ամբարիշտդ՝ բարեպաշտների,
Անբանականդ՝ բանականների,
Անմտականդ՝ մտավորների,
Ապաշնորհդ՝ իմաստունների
Եվ անմաքուրդ ընտրյալների մեջ.
Մեռած՝ ողջերի, զազիր՝ սրբերի,
Զեխ՝ պարկեշտների, կեղծ՝ արդարների,
Իսպառ անպիտան՝ պիտանիների,
Նվաստ՝ վեհերի, նվազ՝ մեծերի,
Գերի՝ գերերի, զուրկ՝ ընչեղների
Եվ անարժանդ՝ փրկվածների մեջ,
Տնանկդ՝ հոգևոր հարստությունից ու բարձրությունից
Եվ օրհնյալներից զատվածդ անեծքով։