Բան ՀԸ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Հողանյութ դեմքով ընկած երեսիս,

Ծնրադրական երկրպագությամբ գետնին խոնարհված՝

Երախտավորիդ ողորմածության

Կենարար ոտքն եմ ահա համբուրում՝

Ուղերձելով այս աղերսը մեծիդ։

Աղաչում եմ քեզ, միա՜կ հոգածու, մարդասեր, գթած,

Կեցուցիչ հզոր, զորավիգ, պաշտպան,

Թող որ ինձ համար մարդացած Աստծուդ

Կրած փրկարար տառապանքները ընդունայն չանցնեն.

Ի դերև չելնի մատնության օրվա

Գիշերը թափած քրտինքդ արնախառն.

Թող չստվերանա լույսն երախտիքիդ,

Որ պարգևեցիր թշվառիս ձրի, առանց հատուցման.

Թող չանհետանա քո շնորհների ավետիսն անճառ,

Որ նորոգել է կայլակը կողիդ.

Անօգուտ չանցնեն պտուղները քո չարչարանքների,

Որ մատուցեցիր իմ կարոտության.

Թող չպարծենա վանված բանսարկուն՝

Յուրացնելով ստացվածքը քո։

Բ

Հաղթի՛ր քո կամքով իղձերին չարի.

Թող որ վերստին ապշի՝ մի անգամ զարհուրածն արդեն.

Հավիտենապես դատապարտվածը թող պարտվի՛ նորից.

Մի՛ խնայիր քո խոսքն ազատարար,

Որն ընծայվելով՝ ստեղծածներիդ

Վերադարձնում է վերստին առ քեզ։

Հուսահատության չսպասված ժամին,

Երբ բոլորովին անհետացել էր

Ամեն մի շարժում, շունչ կենդանության,

Անճառ հրաշքներ բարեգործեցիր.

Մեռար անմահդ և նորոգեցիր մահացածներին.

Եթե փոխեցիր օրենքն ու կարգը համաձևության,

Ապա դյուրինը, հեշտն ու առավել

Հնարավորը մի՛ զլանար մեզ,

Սկզբնաձի՜րդ ողորմածության,

Բարեգութ, օրհնյալ և երկայնամիտ անմահ թագավոր։

Ներգործի՛ր խոսքովդ ամենակարող,

Որով առաջին օրն արարչության լույսն ստեղծեցիր,

Եվ անմիջապես լավի կփոխվեմ.

Քանի որ ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ,

Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լույսից ծագած ճառագա՜յթ.

Հանցապարտ ծառաս թող կանչվեմ քեզ մոտ՝

Գտնելու շնորհ ու ողորմություն.

Երկար ժամանակ հարկավոր չէ քեզ

Բոլոր պարտքերիս հատուցման համար.

Տառապյալիս լոկ շնո՛րհ արա քո երեսը տեսնել,

Լո՜ւյսդ՝ խավարում վհատ սրտերի։

Արգելափակի՛ր ճանապարհը այն,

Որով բազմազեղ բարիքները քո

Խույս են տալիս միշտ իմ հիշողության տեսողությունից.

Ինձ համար պահի՛ր քո հարամնա

Գանձերի շնորհն ամենապայծառ,

Որի շնորհիվ պատվական դարձած՝ քոնը համարվեմ,

Պաշտպանվեմ քեզնով, անսահմա՜ն բարի։

Գ

Ողորմի՛ր, գթա՜ծ, աղաչում եմ քեզ,

Ողորմի՛ր, հզո՜ր, կրկին ողորմի՛ր։

Ո՜վ համակ բարի, չարիքները իմ

Մի՛ փոխհատուցիր վիշտ ու ցավերով,

Վտանգվածիցս շնորհները քո ետ մի՛ վերցրու,

Շունչն ամենօրհնյալ հոգուդ՝ մի՛ խլիր,

Մի՛ ջնջիր ինձնից կնիքը խնկյալ

Քո արքունական ու սուրբ պատկերի։

Սրբված մտքիս մեջ թո՛ղ չհայտնվեն մեղքերի փշեր.

Մի՛ խզիր սիրուս՝ քեզ միավորող կապը ամրապինդ,

Մի՛ զրկիր ճարտար ու վայելչարվեստ

Լեզվով խոսելու զորությունից, տե՜ր,

Հաջողվածն աջիս մի՛ նվազեցրու,

Որպեսզի բաշխեմ մասունքը լույսիդ։

Մի՛ գրիր պարտքերս ծանր ու մահացու՝

Կյանքի դպրության քո մատյանի մեջ,

Մի՛ պահիր և ինձ մի՛ վերագրիր,

Հիշել մի՛ տուր միշտ, մի՛ ամաչեցրու,

Մի՛ նախատիր ինձ, մի՛ ոտնահարիր,

Մի՛ արձանագրիր արարքներս մեղկ,

Կործանիչ գործերս էլ մի՛ ամբարիր,

Մի՛ ամբաստանիր որպես հանցագործ։

Մի՛ աճեցրու ինձ հետ միասին ծառն անեծքների,

Մի՛ ծլարձակիր իմ մեջ վնասիչ սաղարթ ու թփեր,

Մի՛ բարունակիր մեղքերի ծաղիկ,

Մի՛ պտղաբերիր բերքն ամոթաբեր։

Մի՛ դիր իմ առաջ թուղթը պարտքերիս.

Քո աշխարհաստեղծ մատների վրա

Մի՛ հաշվիր արդյունքն արած գործերիս.

Մի՛ դիմախոսիր այդքան ահարկու՝

Անօրենությունս հիշատակելով.

Կամքիս մի՛ հանձնիր ավանդն իմ հոգու,

Որ չմատնեմ այն գերեվարության.

Այստեղ ինձ բնավ մի՛ փառավորիր,

Որպեսզի այնտեղ չդատապարտես.

Անցավոր կյանքի այս նվազությամբ՝

Հավիտենական բարիքներն անբավ ինձ տուժել մի՛ տուր.

Մի՛ չափիր փառքը անվախճանելի՝

Այս ժամանակի կարճատևությամբ.

Այս վշտահառաչ հովտի փոխարեն՝

Կյանքն անապական գրավի մի՛ դիր.

Մի՛ փոխանակիր լույսը քո անճառ՝

Մռայլ ու անշող այս խավարի հետ.

Ձեռքից բաց մի՛ թող սանձերը մտքիս,

Որ ես չընթանամ խոտոր ճամփեքով.

Հանգստիս համար բավականության

Սահման մի՛ հաշվիր կամուրջն աշխարհի.

Հովիտն հանճարիս մի՛ պահիր խավար ստվերի ներքո,

Որ հանդերձյալում չխայտառակվեմ։

Եթե ամբարես չար գործերս անթիվ, կմեռնեմ ողջ-ողջ.

Եթե սրտիս մեջ շտեմարանես,

Այստեղ կիզվելով՝ պիտ այրվեմ անբոց.

Անօրենությունն իմ եթե քննես,

Առանց բարձրյալիդ ներկայանալու կհալվեմ իսպառ.

Եթե մեղքերս ինձ թողնես տնկակից,

Նրանցով մաշված՝ կսպառվեմ անհետ։

Դ

Ակնարկի՛ր, զորե՜ղ, ամենակարող,

Որ չարությունը փախչի ինձանից,

Որպեսզի նրան բարությունդ գա փոխարինելու.

Հրամայի՛ր քո զորությամբ անբավ,

Բարեգո՜ւթ, գովյալ և խնամակալ,

Անշիջելի՜ լույս,

Որ բնությունը հարկիս մարմնեղեն,

Գոյավորող իր ողջ անդամներով, վերանորոգվի,

Որպեսզի այնտեղ անբաժանորեն

Միայն դու բազմած հանգիստ բնակվես ախորժ տենչանքով՝

Միավորելով քեզ հետ իմ հոգին,

Վերակազմես ինձ անարատությամբ՝

Վանելով իսպառ ապականությունն ամբողջ մեղքերիս,

Ամենակեցույց անմահ թագավոր,

Տե՜ր Հիսուս, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։