Բան ՀԷ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Օրհնաբանված է և լուսանորոգ

Մեծ պահսի ուրբաթ օրն այն ահավոր,

Երբ արարածներն ուժգին սասանմամբ

Տարորոշվեցին երկու մասերի՝

Փոխակերպվելու նոր երկնակենցաղ

Անայլայլելի մի այլ էության՝

Բարձրացածների խոնարհեցմամբ ու

Կործանվածների վերամբարձումով։

Արդ, բարեպատեհ ժամն հասավ և ինձ

Գրելու նվագն այս հառաչաձայն՝

Զվարճախառն ահ ու երկյուղով,—

Չարչարանքներիդ մասին եմ այստեղ ցանկանում ասել,

Որոնք կրեցիր դու իմ պատճառով, Աստվա՜ծ բոլորի։

Բ

Կանգնեցիր խոնարհ՝ իմ կերպարանքով

Քո ստեղծածի ատյանի առաջ

Ու չխոսեցիր տվիչդ խոսքի,

Չբարբառեցիր հաստիչդ լեզվի,

Ձայն չարձակեցիր սասանիչդ երկրի,

Չմռնչացիր, ո՜վ ամենացունց փողդ ահագնաձայն.

Ո՛չ նախատեցիր երախտիքներովդ

Եվ ո՛չ էլ իրենց չարագործությամբ ըմբերանեցիր.

Չմատնեցիր դու ամոթի նրանց,

Որ քեզ մատնեցին տանջանքին մահու.

Ո՛չ քեզ կապելիս դիմադրեցիր,

Ո՛չ ապտակելիս փոքր-ինչ դառնացար,

Ո՛չ անարգեցիր դեմքիդ թքելիս,

Ո՛չ հուզվեցիր, երբ կռփահարեցին անողորմաբար.

Չսրտմտեցիր, երբ հեգնեցին քեզ,

Ու չայլայլվեցիր, երբ ենթարկեցին ծաղր ու ծանակի։

Իբրև տկարից՝ հանեցին քեզնից պատմուճանը քո

Ու դարձյալ հագցրին՝ իբրև անփրկում կալանավորի։

Եթե կրկնակի չըմպեր քացախն այն, խառնված լեղու հետ,

Նախկին դառնության մաղձն իմ մթերված դուրս չէր թափվելու

(Ճաշակեց վհատ ու մերժեց իսկույն տարակուսանքով.

Առան կատաղած ու դարձյալ տվին անպատկառորեն)։

Եվ խառնիճաղանջ ամբոխի առաջ

Գանահարելով նրան սաստկապես

Ու ենթարկելով անարգանքների՝

Ծնկի իջեցրին ծաղրելու համար՝

Դնելով գլխին և փշե պսակն արհամարհանքի։

Գ

Հանգիստ չտվին կենդանարարիդ,

Հարկադրեցին կրել պատրաստված գործիքը մահվան.

Ընդունեցիր այն իբր երկայնամիտ, առար իբրև հեզ,

Բարձրացրիր անխոս իբրև համբերող,

Շալակեցիր այն փայտը վշտալի իբրև հանցապարտ,

Տարար ուսամբարձ զենքն այն կենարար, զերթ հովտաշուշան,

Որ գիշերային արհավիրքներից

Պահպանած լինես քո ձեռքով կերտած

Մեր գոյացության գահը մարմնեղեն՝

Դատապարտության վայրը փոխելով խրախճանության։

Դուրս հանեցին քեզ՝ որպես ողջակեզ,

Կախեցին, ինչպես խոյը Սաբեկի,

Փռեցին խաչի սեղանի վրա՝ իբրև պատարագ,

Գամեցին ամուր՝ որպես չարագործ,

Կապկպեցին պիրկ՝ իբրև ապստամբ,

Քե՜զ իսկ, երկնավոր խաղաղությանդ՝ իբրև ավազակ,

Մեծությանդ անհաս՝ իբրև եղկելի,

Քերովբեներից երկրպագվածիդ՝ իբրև քամահրյալ,

Կենաց պատճառիդ՝ իբրև մահապարտ,

Ավետարանի նկարչիդ՝ իբրև օրենքի լուտող,

Մարգարեներին ներշնչողիդ ու

Տիրոջդ՝ որպես գրքերի զեղչիչ,

Փառքի ճաճանչիդ, հոր խորհուրդների կնիքիդ անճառ՝

Իբրև դիմամարտ ծնողիդ կամքին,

Օրհնյալիդ՝ իբրև տարագրական,

Օրենքի կապը քանդողիդ՝ իբրև «նզովյալ այր մի»,

Հուրն սպառողիդ՝ իբրև անձնատուր մի կալանավոր,

Անմատույց լույսով պարածածկյալիդ՝

Իբրև հողածին մի ձերբակալված։

Դ

Ո՜վ երկայնամիտ բարերարություն,

Ողորմածություն քաղցր ու բազմագութ,

Որ անօրեն ու երախտամոռաց ծառայիս համար

Հանձն առար բոլորն այս սիրահոժար, կամավորապես

Այն մարմնով, որ քեզ միավորեցիր

Եվ մինչև շիրմի քնարանը քո

Ամբողջ լրությամբ մնացիր միշտ նույն Աստվածն անքնին՝

Նույն նախատինքը կրելով անճառ քո համբերությամբ

Եվ ապա դարձյալ հարություն առար

Ինքնիշխանորեն, լուսազարդ փառքով,

Աննվազ մարմնով ու լիակատար քո աստվածությամբ։

Օրհնյա՜լ փառքով ու գովյալ գթությամբ

Եվ ողորմությամբ բարեբանված միշտ,

Հավիտյաններից հավիտյանս. ամեն։