Բան ՀԶ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Աստվա՜ծ ողորմած, բազմագութ, հզոր,
Անճառ, կենարար, օրհնյալ, մարդասեր,
Քո կամքի համար չկա ոչ մի բան անձեռնարկելի,
Թեկուզ այն լինի մինչևիսկ մտքով
Անըմբռնելի, անհաս, անհնար.
Դժնի փշերի փոխարեն նույնիսկ
Հատուցում ես միշտ քաղցրահամ պտուղ,
Սկզբնահա՜յրդ նոր զարմանասքանչ կյանքի կանոնի.
Քանզի բարիքներ գործել ատելուն,
Աղոթել իր իսկ հալածչի համար,
Փրկություն հայցել իր խոցոտողին
Եվ սպանողին ներումն խնդրել,—
Դու էիր միայն, որ ընծայեցիր
Այս սքանչելի պտուղները մեզ,
Քաղցրությամբ անճառ ու անօրինակ,
Ախորժահաճո՝ օրհնյալ քո կամքին
Եվ ճաշակելի՝ շուրթերիդ գովյալ,
Շո՜ւնչդ մեր կյանքի և զորությունդ մեր գեղեցկության,
Տե՜ր Հիսուս Քրիստոս, օրհնյալ ի բարձունս։
Թեպետ ապերախտ ու բազմավրեպ երկրածին մարդիկ
Քո բարեմատույց ձեռքերին անգամ
Միայն չարությամբ փոխհատուցեցին,
Բայց դու լինելով լույս ու լուսատու՝
Անեծք չես լսում, խորշում ես չարից,
Կորուստ չես ուզում, չես ցանկանում մահ,
Խռովությունից չես հուզվում երբեք,
Չես տրվում ցասման և բարկությունից չես բռնադատվում,
Սիրուց չես մթնում,
Չես այլակերպվում գթածությունից,
Բարությունից քո չես փոխվում բնավ,
Թիկունք չես դարձնում, չես շրջում երես.
Լո՜ւյս ես համորեն և ամբողջովին փրկագործություն։
Բ
Եթե ցանկանաս քավել, կարող ես,
Եթե ամոքել, բուժել՝ զորավոր,
Թե կենդանացնել՝ ձեռներեց, հասու,
Եթե շնորհել՝ առատապարգև,
Եթե ողջացնել՝ ամենահնար,
Եթե ընծայել՝ ամենազեղուն,
Թե արդարացնել՝ ամենակատար,
Եթե սփոփել՝ ամենախնամ,
Եթե նորոգել՝ ամենակարող,
Թե հրաշք գործել՝ ամենքի արքա,
Եթե հաստատել կրկին՝ արարիչ,
Թե գոյություն տալ վերստին՝ աստված,
Թե խնամարկել մեզ՝ ամենատեր,
Եթե մեղքերից կորզել՝ հանձանձիչ,
Թե անարժանին ընծայել՝ օրհնյալ,
Եթե որսողից ազատել՝ փրկիչ,
Եթե գանձերդ զեղել մեզ՝ հարուստ,
Թե ձեռք կարկառել նախքան մեր կողմից խնդրելն՝ անկարոտ,
Եթե դուրս բերել անձկություններից՝ անդորրապարգև,
Թե ետ ընկածիս կանչել՝ հոգատար,
Եթե հաստատել սասանյալիս՝ վեմ,
Եթե ծարավիս հագուրդ տալ՝ աղբյուր,
Թե ծածկյալները ցուցադրել՝ լույս,
Եթե ծանուցել օգտակարները՝ ամենաբարի,
Եթե արատներն անտեսել՝ անոխ,
Եթե փոքրիս հետ դատի չմտնել՝ ամենաբարձրյալ,
Եթե ծառայիս ձեռք մեկնել՝ հաստող,
Եթե պաշտպանել աջովդ՝ հոգածու,
Եթե մատուցել հուսահատյալիս դարման՝ սնուցիչ,
Եթե անգետիս հոգալ՝ վարդապետ,
Եթե դիմողիս առ քեզ ընդունել կրկին՝ ապավեն։
Գ
Այս բոլորն ահա քո ձեռքում են լոկ, տե՜ր ողորմության,
Ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված,
Ո՜վ համբերատար նախամարտիկդ նահատակության,
Որ հզորապես խիզախելով՝ իմ փրկության համար
Մտար ասպարեզ ճակատամարտի,
Որպեսզի վիշտ ու տառապանքների վարժությամբ կրթած՝
Կակղացնես, մեղմես բռնությունը կարծր այս գոռոզ մարմնիս.
Անպարտականդ՝ չարչրկումներով մարմնիդ չափեցիր
Տաժանելի ողջ տագնապները մեր բնության հատուկ,
Որ ունենալով փորձ ու օրինակ՝
Առավել գործուն ցույց տաս մեր հանդեպ գթությունը քո,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։