Բան ՀԴ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Տե՜ր ամենայնի, արքա երկնավոր,
Ամենքի համար ամեն ինչի մեջ միշտ երկայնամիտ,
Անքնին որդի կենդանի Աստծո,
Այնտեղ իսկապես պետք է ողորմել,
Ուր չքացել է լիովին ամեն ակնկալություն.
Այն ժամանակ է բարեգործել պետք,
Երբ տեսությունն է մտքի խափանված.
Այնժամ պետք է միշտ մարդասեր լինել,
Երբ տկարության վտանգը իսպառ
Տիրապետում է ներսից ու դրսից.
Այն ժամանակ է լինում հարկավոր
Բժշկությունը սրբազան ձեռքիդ,
Երբ բոլորովին տեղի է տալիս կենդանությունը
Մարդու էության բոլոր մասերում.
Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել,
Ուր չկա ելքի որևէ հնար.
Այնժամ կերևա մեծությունը քո,
Երբ բուժես վերքերն հուսահատության.
Այն է իսկական քո բնությունը,
Որ անակնկալ ժամին փրկություն հրաշագործես.
Հաղթահանդեսը քո այն կլինի,
Որ վերջին շնչում կյանքի փակված դուռն իմ առաջ բանաս.
Այն է շնորհը քո վայելչական,
Որ մոռանալով չար գործերը իմ՝
Հիշես շարունակ բարությունը քո.
Նրանով ես հենց դու անոխակալ,
Որ ապերախտիս երախտագետի հետ խնամարկես։
Սրանք տեսնելով պիտի համոզվեմ,
Որ այս բանական նվերն իմ առ քեզ
Ընդունել ես դու նախկին գթությամբ
Եվ սովորույթներն իմ, չար ու հոռի, պիտի խափանես։
Բ
Բարեբանություն, գովքեր են հյուսվում,
Եղանակվում են երգ ու նվագներ,
Երբ տերը բարի՝ իր չար ծառային
Վարձատրում է բարեգործների հասանելիքով.
Այնպես որ, մինչդեռ նա սպասում է իրավամբ բանտի,
Սա արքայական ապարանքում է հանգչեցնում նրան.
Մինչ վճռված է նրան տղմի գուբ,
Սա գուրգուրում է պերճաշուք ու ճոխ
Բազմոցների ու գահույքի վրա.
Մինչ սպասում է աչքերն հանելուն,
Հայացքը նրա ուղղում է դեպի զվարթ բարձունքներ.
Մինչ դողդողում է, որ իր մատները պիտի ծայրատեն,
Սա մատուցում է նրան մատանին համարձակության.
Մինչ վախենում է գանակոծումից,
Նրան գթառատ իր գիրկն է առնում.
Մինչ պատրաստվում է ահով՝ կորստյան,
Բազմության առաջ, ի տես բոլորի, վեր է բարձրացնում.
Մինչ սպասում է տանջամահության,
Կյանքի հետ նաև փառք է շնորհում.
Մինչ բռնված է գլխատման դողով,
Պսակներով է զարդարում նրան։
Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնյալ
Սքանչելարմատ շառավիղներիդ,
Սրանք՝ կենարար արգասիքները
Հրամանների քո արարչական,
Այս է խորհուրդը խոստովանված քո իղձ ու տենչերի,
Լույսի շողերը ճառագայթների քո համայնասփյուռ
Եվ բարեբանյալ ճաշակներն ախորժ մեծիդ քաղցրության։
Գ
Այս բոլորն ահա քոնն են միայն, տե՜ր,
Քանզի գրված են քո ներշնչանքով.
Ուստի և, օրհնյա՜լ, աղաչում եմ քեզ,
Մի՛ թող անկատար աղերսանքն իմ այս,
Որ ուղղված է քեզ քո իսկ բաղձանքով։
Բա՛ց բարությանդ գանձարանը, տե՜ր,
Ըստ առակողի աղերսանքների.
Իմ չարիքներից չխառնես այնտեղ
Ճոխ բարիքների պաշարներին քո.
Սիրելիներիդ՝ ողորմածության ու գթության հետ,
Չշտեմարանես ատելիներդ՝ ոխ ու բարկություն.
Քո նվիրական ստացվածքի մեջ
Չպահես մեծիդ անախորժելի
Մթություններ ու դաժանություններ,
Այլև ինձ համար վնասիչ մեղքեր ու թշվառություն.
Կենացդ գրքում օրհնյալ քո աջով
Չգրես, գթա՜ծ, պարտամուրհակը իմ անեծքների.
Ինձ անհնարին համարվածները
Ցույց տալով դյուրին ու հեշտ չափազանց՝
Առավել ևս կբարձրացնես անունը քո, տե՜ր։
Դ
Շատ են պարտքերս, չափից ավելի,
Ողորմությունդ, սակայն, անսահման
Բարձր է ամեն մի հրաշալիքից.
Բազմաբազում են մեղանչումներս,
Բայց հույժ նվազ են քո ներողության համեմատությամբ,
Հաճախական են չարություններս,
Բայց հաղթական է ամեն ինչի դեմ
Մարդասիրությունն ամենակալիդ.
Արատներն անձիս համար են ծանր ու անթվելի,
Բայց քեզ համար շատ թեթև են նրանք ու սահմանափակ.
Ամոթահարիս պտղաբերած ողջ
Մեղքերի բեռներն այնքան ուժ չունեն կենդանանալու,
Որքան հիշատակն անմահիդ մահվան՝
Կործանարարի բռնությունները վանելու համար։
Փոքրիկ խավարն ի՞նչ կարող է անել Աստծուդ լույսին,
Դույզն աղջամուղջը մեծիդ ճաճանչին ինչպե՞ս դիմանա,
Ինչպե՞ս կշռվի քո խաչելության չարչարանքի հետ
Հեշտասիրական սանձարձակությունն իմ տկար մարմնի։
Ի՞նչ են քո աչքում, ո՜վ ամենակալ,
Բազմակույտ մեղքերն ամբողջ տիեզերքի,
Եթե ոչ, հողի դյուրափխրուն կոշտ,
Որ մի կարծրության բախմամբ՝ անհապաղ
Փոշիանալով կցնդի անհետ,
Կամ թե անձրևի չնչին պղպջակ,
Որը հոսանքով բազմազեղ կամքիդ
Պայթելով՝ իսկույն պիտի չքանա։
Ե
Իմ հանցանքները քավելու համար
Ամենահնար զորությունը քո
Պետք չունի ինչ-որ մի ժամանակի.
Ո՛չ ակնթարթի, ո՛չ թեթևակի մի ակնարկության,
Ո՛չ վայրկենապես նետված հայացքի,
Ո՛չ իսկ ավարտին չնչին հապաղման,
Ո՛չ արագոտն մի քայլափոխի,
Ո՛չ մի կանգնաչափ բարձունքից ցայտող կաթիլի անկման,
Ո՛չ մտքով անգամ մի գիծ քաշելու,
Ո՛չ արագության շանթ ու կայծակի,
Ո՛չ իսկ միջոցի մի շնչառության։
Այս բոլոր չնչին անկերպ, անորոշ
Եվ հույժ անկայուն օրինակներից
Ոչ մեկը այնքան առժամանակյա ու փութանցիկ չէ,
Որքան մեղքերիս պահեստում դիզված
Սառցակույտերի հալվել, ցնդելն ու
Անհետանալը մեծիդ զորությամբ,
Աստվա՜ծ բոլորի, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Կենդանի Աստծո անքնին որդի,
Դու, որ արև ես տալիս քաղցրությամբ
Բարիների հետ նաև չարերին
Եվ անձրևում ես անաչառորեն ամենքի վրա,
Կշռում բաշխում ես իրավամբ նրանց
Հոգս ու վշտերը հավասարապես,
Եվ նրանց, որոնք մեծապես հանգիստ՝
Ակնկալում են պարգևները քո,
Փորձության փոքրիկ խթանով՝ սակավ
Պարտքերն այստեղ ես վճարել տալիս,
Իսկ երկրայինը նախընտրողներին
Ներում ես մեծիդ ողորմածությամբ,
Սրանց էլ դարման տալով նրանց հետ՝
Միշտ սպասում ես դարձերին առ քեզ.
Բոլորի համար՝ փա՜ռք ամենազոր,
Բարեխնամող ու երկայնամիտ հրաշագործիդ,
Օրհնաբանությո՜ւն հավիտյանս. ամեն։