Բան ՀԳ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Թագավո՛ր բարձրյալ, հզոր, ահավոր,
Օրհնյալդ միայն տե՜ր Հիսուս Քրիստոս,
Կարող ես կյանքի հուսահատության անեծքն սպանիչ
Փոխել օրհնության կենդանապարգև,
Պարսավանքները վհատեցնող՝
Զվարթացուցիչ գովասանքների,
Ամոթի դիմաց՝ համարձակություն,
Լքվածության տեղ՝ պատիվ շնորհել,
Տարագրման տեղ՝ բարիքների հույս,
Բաժանման դիմաց՝ միավորվելու ակնկալություն,
Ահաբեկչական խոսքի փոխարեն՝
Մխիթարություն ամենագորով
Եվ միապատիկ դատապարտության
Դիմաց՝ կրկնակի ազատագրում։
Բ
Ողորմի՜ր մահվան մեղապարտիս, տե՜ր,
Կենդանի շունչս փչելու պահին,
Երբ կողկողագին բարձունքիդ հառվի հայացքս տարտամ,
Եվ տագնապահար մտքիս տեսությամբ աչքիս դեմ բերեմ
Բազմավտանգ ու անճողոպրելի,
Անխուսափելի ընթացքիս ուղին,
Երբ հարկիս երդից շավիղը ելքիս
Դիտելով թշվառ կիսամեռությամբ,
Այլայլված դեմքով, մատներով դողդոջ,
Կարկամ հառաչմամբ, նվաղ հեծությամբ, ձայնով կերկերուն,
Բազմատարակույս թախծալի հոգով՝
Սրտիս խորքերից իմ արարքների համար հառաչեմ։
Բայց դու կարող ես, անշուշտ, բարեգո՜ւթ,
Եվ այն ժամանակ զորավորապես հրաշագործել
Ասելով ինձ, թե՝ «Թո՛ղ առողջանա խորտակված հոգիդ»,
Եվ կամ՝ «Թո՛ղ ներվեն քո մեղքերը քեզ»,
Կամ՝ «Գնա՛ հանգիստ, սրբված մեղքերից»։
Իսկ այն, ինչ որ ես չպիտի հասցնեմ այնժամ պաղատել,
Ընդունի՛ր այսօր մարդասիրաբար,
Ո՜վ երկայնամիտ, բազմաշնորհ ու ամենակեցույց։
Գ
Զի ես, որ այժմ այսպես պերճախոս,
Խրոխտաձայն եմ, սիգաքայլ, հպարտ, բարձրապարանոց,
Այնժամ մեկնված՝ պիտ պառկեմ որպես
Անկենդան դիակ, անխոս, անլեզու,
Ձեռքերս կապված, խեղ անդամներով,
Շրթունքներս խուփ, աչքերս փակված,
Իբր անշարժ տախտակ, կիսայրված խանձող,
Անզգա արձան, անբարբառ պատկեր,
Անշունչ գոյություն, խղճալի տեսիլ,
Եղկելի կերպար, ողբալի տիպար,
Ողորմելի դեմք, արտասվելի տեսք, համրացած լեզու,
Խորշակահար խոտ, թոթափված ծաղիկ,
Այլակերպված գեղ, մարած մի կանթեղ,
Սնամեջ կոկորդ, խոպանացած սիրտ,
Գոց զգայարան, ցամաքած աղբյուր,
Թալկացած մարմին, նեխած որովայն,
Քանդված տաղավար, ջարդոտված ոստեր, մասնատված հոդեր,
Կտրատված մի ծառ, սղոցված արմատ, բարձիթողի տուն,
Հնձած անդաստան, արմատախիլ բույս,
Մոռացված պահեստ, օտար բարեկամ,
Թաղված գարշություն, մերժված ատելի,
Խափանված արգելք, անարգված կմախք,
Որպես անպիտան դարձած ոտնակոխ,
Մի կարիքավոր այլոց մաղթանքին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով՝
Հառաչախառն ու արտասվացող
Աղերսի երգեր ուղղելով մեծիդ բարեգթության՝
Բարձունքներն ի վեր պիտի տարածեն,
Նվագեն օրհնանքն իմ՝ դարձիս առ քեզ,
Պաշտամունքս՝ քո փրկիչ նշանի,
Մեծիդ հարության ճշմարտության՝ իմ հավատն աներեր,
Բարեբանումս՝ փառքիդ հայտնության,
Խոստովանանքն իմ՝ մեծ դատաստանիդ ահավորության,
Զարհուրանքս՝ քո կշտամբանքներից,
Երկրպագումն՝ ինձ ուղեկից Հոգուդ,
Համբույրս՝ օծմանդ տյառնագրության
Եվ պաղատանքս՝ թագավորելու քեզ հետ, տե՜ր Հիսուս։
Արդ, թեև լքվեց, մերժվեց, բաժանվեց,
Քշվեց, սլացավ, փախավ, վերացավ,
Զրկվեց այս կյանքի գոյակցությունից կենդանությունն իմ,
Բայց քո պարգևած հույսը մշտապես
Պահվում է իբրև մի հարամնա ու անջնջելի հիշատակարան։
Դ
Տե՛ս ողորմությամբ՝ վարանումները տարակուսյալիս,
Միայն բարեգութ և փառաբանված որդի՜ Աստծո,
Որպեսզի քավես, բուժես, նորոգես,
Կյանք տաս, պաշտպանես, պատկերավորես,
Վերականգնես ու վերահաստատես,
Ստեղծագործես կրկին երջանիկ անարատությամբ.
Զի քո ձեռքում են և՛ կարողություն,
Ե՛վ փրկագործում, և՛ ողորմություն.
Անկարությունից բոլորովին զերծ
Զորություն ես դու ամենակատար,
Անհաս բարձրություն, իշխանություն և
Թագավորություն անվախճանական,
Ինքնէ իսկություն, բացարձակություն ամենատեղի,
Բարերարություն, լուսավորություն,
Որ պսակված ես փառքով տիրապես,
Առանց պակասի ու անհավելված,
Խնկված խորհրդով անհաս, անմեկին սուրբ Երրորդության
Եվ գոհաբանված հավիտենապես
Հավասարազոր ու միապատիվ
Համագոյության երկրպագությամբ՝
Երեկ և այսօր և հավիտենից հավիտյանս. ամեն։