Բան ՀԲ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Ձեզ եմ ուղղում արդ իմ խոսքը, խմբե՛ր մենակյացների,

Վանատների աշակերտություն,

Որ անբավ բարի պարգևների հույս-ակնկալությամբ՝

Ձեր մերկ մատներով զորագրվել եք երկնավոր տիրոջ,

Բանական պես-պես խորտիկների այս

Սեղանը ահա ձեզ եմ ընծայում.

Ընդունեցե՛ք այն որպես մի ավանդ խոստովանական

Ի նորոգություն և ի փրկություն ձեր հոգիների։

Սրա միջոցով իմացե՛ք մարմնի պատշաճությունը,

Հիշեցե՛ք խոսքը մարգարեական,

Որը տրված է մեզ իբրև խրատ.

«Որևէ մարմին թող չպարծենա Աստծո առաջ»,

Ինչպես և՝ «Չկա արդար ոչ մի մարդ»։

Մի՛ մոռացեք և խոսքը տերունի.

Եթե մինչևիսկ պատվիրանները կատարած լինեք,

Համարեցե՛ք ձեզ անպիտան ծառա.

Չլինի՛ թե որս դառնաք խաբողին.

Հիշեցե՛ք նաև Գրքի խոսքը այս՝

«Նրա կերակուրն ընտրյալներն են հենց»։

Քանզի ես ինքս էլ, որ այս մասնավոր

Նվազ պտուղով սնուցում եմ ձեզ,

Կամավորապես դատապարտելով ինքս ինձ անձամբ՝

Վկայում եմ, որ ունեմ բյուր անբույժ,

Ամբաստանության արժանի մեղքեր,

Եվ հոժարակամ հանձնառությամբ ինձ հաստում եմ նաև,

Սկզբնահորից սկսած մինչև

Նրա ծննդի սերունդը վերջին,

Մարդկային ազգի ողջ չարիքների համար պարտական։

Բ

Անախորժությամբ լսեցի անպարտ

Մեկի բերանից խոսքն այս անհարմար՝

Ուղղված հենց նրան, որի առաջ և ոչ մի երկրածին

Մարդ արդարանալ բնավ չի կարող.

«Չշնացա ու չպոռնկացա երբեք իմ կյանքում,

Ոչ էլ աշխարհիկ քաղցրությունների

Մահաբույր հաճույքն ես ճաշակեցի»։

Սա էլ է կոչվում անօրենություն

(Թող ների Աստված խոսքերն այս նրան).

Եթե մինչևիսկ ճշմարիտ լինի

Ասածը, մեկ է, սայթաքում է այդ,

Ճիշտ հրեաների ասածի նման, ըստ Զաքարիայի,

Որ փարիսեցու խոսքն է հիշեցնում.

«Գոհությո՜ւն Աստծո, զի հարստացանք»։

Գ

Սակայն քանի որ ես ինձ հանձնել եմ

Ամենագիտակ Աստծո ատյանին,

Որ մտքում եղած աներևույթներն անգամ կշռելով՝

Դրանց համար ինձ ուզում է դատել

Ամենաիրավ պատժի հատուցմամբ,

Չեմ կերպարանի ամենատեսին,

Չպիտի կեղծեմ քննողի առաջ,

Չպիտի ստեմ չկատարվածներն իսկ նկատողին,

Խաբեբայությամբ չեմ ջանա մտնել նրա աչքը ես,

Չեմ քողարկելու ցոփությունն իմ չար՝ բարեշուք տեսքով,

Չեմ հարգի երբեք անձն իմ ապիկար

Որպես ընտանի, հարազատ պատկեր,

Չեմ խենեշանա օտար զարդերով,

Չպիտի պճնվեմ այլ պայծառությամբ

Եվ ոչ էլ անձիս տգեղությունը

Պիտի պարտակեմ պաճուճանքներով։

Չկա ո՛չ մի մարդ այնքան մեղավոր, այնքան անօրեն,

Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան չարագործ,

Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան մոլեգնած,

Այնքան խարդախված, այնքան շաղախված,

Այնքան ամաչած ու դատապարտված,

Որքան որ ես եմ.

Միմիայն ե՛ս եմ, և ուրիշ՝ ոչ ոք.

Ե՛ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ։

Ո՛չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,

Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,

Ո՛չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,

Քանզի զուրկ էին իմաստությունից։

Դ

Միայն ե՛ս, քանզի, որպես իմ անձին ամբաստանություն,

Վարժապետ անուն նույնիսկ կրեցի.

Կոչվեցի ռաբբի, ռաբբի՜, եղծելով գովեստն առ Աստված.

Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.

Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի,

Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.

Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմերով.

Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,

Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.

Դեռ ավազանից կոչվեցի արթուն,

Սակայն ննջեցի մահաբեր քնով.

Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,

Սակայն աչքերս փակեցի ամուր զգաստության դեմ։

Ահա և այժմ՝ արդար դատաստան, հանդիմանություն,

Նոր կշտամբանք, հին դատապարտություն,

Ամոթանք դեմքի ու հոգու տագնապ,

Քննություն՝ փոքր բաների համար,

Որ ունեն կշիռ մեծամեծերի։

Բայց դու, միակ տեր Աստվա՜ծ մարդասեր,

Անքինախնդիր ու երկայնամիտ,

Կսկծեցուցիչ ինքնադատական

Նախատինքներն այս վերջին օրն ահեղ

Համարի՛ր որպես դատապարտություն մեղապարտ անձիս։

Թող որ չլսեմ այս բոլորն այլևս քեզանից, գթա՜ծ,

Քանի որ դրանք ինքս ինձ անձամբ վերագրեցի.

Ջնջի՛ր, ուրեմն, ու վերացրո՛ւ

Դատապարտության կնիքն ինձանից,

Որ կապված եմ քեզ տենչանքով հոգուս.

Անհետացրո՛ւ այս ամոթալի

Նախատինքները խայտառակության,

Ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղությունը աջով քո կարող,

Պարգևի՛ր հանգիստ մեղքի բեռներով

Սաստկապես ծեծկված բազմաչարչարիս,

Կարգի՛ր ինձ բարվոք վերելքի ճամփա՝ կյանքիդ հասնելու,

Որպես հիշատակ քո ողորմության՝

Ապահովի՛ր ինձ կատարյալ կյանքով՝ մահվանից հետո,

Օրհնյա՜լ երկնքում ու երկրի վրա

Եվ բարեբանյա՜լ ըստ ամենայնի՝

Հավիտյաններից հավիտյանս. ամեն։