Բան Հ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Արդ, երկրային այդ չքոտիներից,

Որոնք գոյություն իսկ չեն համարվում,

Խոսքիս ընթացքը ուղղում եմ ի վեր մեծագույններին՝

Հանդիսադրելով գործերն ահեղի արդար, անաչառ։

Քանի որ եթե մինչևիսկ լինեն

Մերձավորագույն մարդիկ Աստծո,

Ինչպիսիք էին նահապետները սկզբնաճանաչ,

Մարգարեները, մաքրագույն, անեղծ,

Առաքյալները, սուրբ, անբծագույն,

Կամ ընտրելագույն, ինչպիսիք էին մարտիրոսները,

Եթե դու ինքդ չմարդասիրես,

Աննվա՜զ բարի, անհատ գթություն,

Խնամածություն անփոփոխելի,

Զո՜ւր է նրանցից փրկություն հուսալ։

Բ

Քանզի եթե ես դիմեմ հենց իրեն սուրբ Աբրահամին,

Ինչպես մեծատան խղճուկ առակն է ինձ ուսուցանում,

Անզոր կլինի տապից պապակիս մի կաթիլ ջուր տալ,

Զի մարդ է և նա, մարդկանց ընդհանուր անճարակությամբ.

Եթե Մովսեսին՝ նա ևս զերծ չէր տկարությունից.

Անկարող եղավ մինչևիսկ փրկել

Շաբաթ օրը ցախ հավաքող մարդուն.

Թե Ահարոնին՝ նա ինքն օգնության կարիք ունեցավ.

Իսկ եթե Դավթին՝ չէ՛ որ իր բոլոր

Բարի գործերի բազմությամբ հանդերձ՝

Նա էլ չմնաց առանց հանցանքի.

Իսկ եթե Նոյին, Հոբին, Դանիելին,

Ապա Եզեկիել մարգարեն նրանց

Հենց անվանապես հիշատակելով՝

Աստծո անունից այս է ծանուցում.

«Կենդանի եմ ես,— ասում է տերը,—

Սակայն վերահաս իմ բարկությունից

Իրենց ուստրերին, դստրերին անգամ

Չեն կարողանա նրանք ազատել,

Կփրկվեն միայն անձերը իրենց».

Եթե Պետրոսին՝ հավատքի վեմին՝

Քո խնամքներից փոքր-ինչ խորթացած՝

Նա էլ ունեցավ որոշ վրիպում։

Չեմ ուզում հիշել բազմաթիվ այլոց,

Որոնք, թեպետև երանելիներ,

Անձնատուր եղան որոշ թուլության, տարբեր կրքերի.

Դրանցից էր և Հովաս անունով ոմն մարգարե,

Որի գայթումներն, իր աստվածառաք ծառայության մեջ,

Շատերի համար մնում են դեռևս անբացատրելի,

Թեև ինչ-որ կերպ կարելի է և այն մեկնաբանել։

Գ

Որ զորությունը մարդկային իրոք

Սահմանափակ է փրկության համար,

Ցույց տվին և այդ ընտրյալներն իրենք՝

Ապավինելով միշտ բարերարիդ ողորմածության.

Զորավորվեցին ամենակալից,

Խնամարկվեցին պաշտպանից հզոր,

Բազմահնարից գտան քավություն,

Ազատարարից շնորհ ստացան,

Անախտականից՝ ապաքինություն,

Անապականից կենագործվեցին,

Լուսավորվեցին նորոգչից անճառ։

Ուստիև, ահա, ճանաչելով չափն

Ու զորությունը մարդուս բնության

Եվ ունենալով օրինակն այդ մեր էակիցների

Իբրև սփոփանք, քաջալերություն,

Աներկբայելի հույս ու հավաստիք հուսահատներին,

Քե՛զ եմ դիմում արդ, ո՜վ կենսապարգև որդիդ Աստծո,

Քրիստո՜ս, օրհնյալ ըստ ամենայնի։

Եթե հիշենք և համանշանակ

Առածն երջանիկ այն իմաստունի,

Խոսքն այս կրկնակի կհավաստիանա.

«Ավելի լավ է ընկնել ձեռքն Աստծո, և ոչ թե մարդկանց,

Քանզի որպիսին ինքն է զորությամբ,

Այդպիսին է և ողորմությունն իր»։

Թեև Դավթին է սա վերաբերում,

Որն Աստծո կողմից առաջադրված

Երեք զանազան պատուհասներից

Կամովին ընտրեց պատիժը մահվան,

Իբրև հավերժող կյանք՝ Քրիստոսի հույս ու հավատով,

Եվ ոչ թե մյուս առավել փոքր

Երկուսը, որոնք տանջում են երկար ու չեն ողորմում,—

Բայց եթե ինքս էլ, պատշաճելով ինձ,

Օրինակեմ այն որպես փրկության

Ճար, միջոց, հնար կորած իմ անձին,

Որ տոչորվում է ապրելու տենչով,

Անհարմար ոչինչ արած չեմ լինի.

Զի ողբերգության իմ այս մատյանում

Ոչ թե դրանով նվաստացնում եմ այդ փրկվածներին,

Որոնց շնորհիվ կարելի է լոկ մոտենալ տիրոջ,

Այլ պսակում եմ անունը փրկչի,

Բարեհռչակում շնորհը նրա ամենքի հանդեպ

Եվ խոստովանում խոսքով աներկբա,

Որ նույնիսկ նրանք, որոնք շատ բարձր են

Թռչում իրենց սուրբ վարքի թևերով,

Դարձյալ մշտապես կարոտ են դեղին իր ողորմության։

Դ

Ուստի և դու հո՜ւյս, կյանք ու փրկություն,

Դու բժշկություն, դու անմահություն,

Դու երանություն, լուսավորություն,

Անդորրացրո՛ւ ինձ մեղքերից իմ տաժանալլուկ,

Որպեսզի ինքդ էլ հանգստանաս այս

Հեծեծանքներից, տաղտուկ, միալար,

Այս ձանձրացուցիչ թախանձանքներից,

Դու, որ բերկրում ես ոչ այլ ինչով, քան մարդկանց փրկությամբ,

Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։