Բան Է

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Եվ արդ, որպեսզի իսպառ չկտրեմ հույսը փրկության

Ու չմատնվեմ, դառնալով անզեն,

Այնքան ահարկու պատկերների մեջ՝

Վերևում հիշված այն աներևույթ դիմամարտներին,

Որոնք այլ բան չեն, քան թե ընտանի

Ինքնածին բուսած անարգ ոսոխներ,

Ընդդեմ բազմամբոխ ամեհի ու խոլ այդ մարտիկների՝

Կցուցադրեմ և աստվածային

Զորավոր, անպարտ ու ամենահաղթ, սեգ ախոյաններ,

Թեկուզ պատճառի այդ անմատչելի

Ու դժվարակութ ծառերի պտուղ քաղելու կսկիծ,

Անկոխ ճամփեքի չարաչար տաժանք։

Քանզի չարագունդ զորքերը բոլոր նենգ բանսարկուի

Կչորացնի աչքերից կաթած սակավ մի արցունք,

Ինչպես լպրծուն ու բազմոտանի,

Տկար խլրտմամբ՝ գետնասող զեռուն ու ճիճուներին՝

Վրան ծորացած ձեթի մի կաթիլ

Կամ սատակչական թույնի չնչին շիթ.

Եվ հոգուց ելած դառնահեծ սրտի մի թույլ հառաչանք,

Արևատոչոր խորշակի նման,

Կարող է հալել սառույցը դժնի։

Ճիճուների պես, որքան լինում են սրանք հեշտածին,

Դիմադրությամբ՝ նույնքան լինում են նաև դյուրամեռ։

Բ

Այսպես, չպիտի դադարեմ երբեք

Կսկծեցուցիչ խոսքով դատելուց դատապարտյալիս

Եվ քարկոծելուց անձս հանցապարտ՝

Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ.

Քանզի թեպետև ինձ նեղողների

Մի փոքր մասին ոչնչացնում եմ,

Բայց մյուսներին նոր ուժ եմ տալիս, որ կենդանանան՝

Անդարձ կորստյան մատնելով հոգիս,

Տունկս դառնության, որ ծաղկեցրի

Անառակ վարքիս գարշությունը լոկ

Եվ բարունակս ապականաբեր ու մահողկուզյան,

Որ իմ կորստյան գինին երկնեցի,

Զավակս Քանանի, ոչ թե Հուդայի,

Մեծն Դանիելի խոսքի համաձայն,

Որդիս գեհենի, ոչ արքայության,

Ժառանգս դժոխքի, և ոչ թե անանց փառքի անձկալի,

Նյութս տանջանքի, ոչ թե հանգստյան.

Երախտուրացս՝ երախտավորիդ,

Ապաշնորհս՝ բազմապարգևիդ,

Մեղանչականս՝ ներողիդ հանդեպ.

Դառնացուցիչս քաղցրության մեծիդ,

Ծառաս չար ու վատ, ըստ տերունական հանդիմանության,

Իմաստուն՝ չարիք գործելու համար,

Ինչպես Եսային մարգարեացավ,

Ժիրս՝ զազրելի ժանտագործության,

Փութկոտս՝ տիրոջ բարկացնելու մեջ,

Մշտաշարժս՝ պիղծ սատանայական գյուտարարության։

Հանապազորդյան վիշտս արարչին,

Տկարս՝ բարի, վեհ թռիչքների,

Ծույլ՝ երանական վիճակ ընտրելու,

Հեղգ՝ խոստացածին հասնելու համար.

Երկչոտ՝ կարևոր, պիտանի գործեր կատարելու մեջ,

Ծառաս՝ տիրադրուժ, երախտամոռաց։

Գ

Վա՜յ մեղավորիս, որ բարկացրի ինձ ստեղծողին,

Կորստյան որդուս, որ անմահության ձիրը մոռացա,

Վա՜յ պարտապանիս անհամար ու բյուր այն քանքարների,

Որոնք հատուցել չկարողացա,

Վա՜յ բեռնակրիս դժնի մեղքերի,

Զի անկարող եմ հանգստարարի մոտ վերադառնալ,

Վա՜յ հանցապարտիս տիրոջ նկատմամբ,

Որ հնար չունեմ այլևս հզորին ներկայանալու,

Եղեգնախռիվ դյուրավառ նյութիս,

Որ գեհենի մեջ պիտի տոչորվեմ,

Վա՜յ, որ մտքիս մեջ շողում են անդուլ

Աստծո բարկության նետերն հրեղեն,

Վա՜յ հիմարիս, որ չմտառեցի

Հանդեսն այն, որտեղ ծածկությունները

Հրապարակավ պիտի տարփողվեն.

Վա՜յ ամբարշտիս, որ միշտ, անդադրում

Չարությունների ոստայն հյուսեցի,

Վա՜յ ինձ, որ մարմինն իմ պարարեցի

Անմահ որդերին իբրև կերակուր.

Ինչպե՞ս թունավոր այդ կտտողներին տոկամ, դիմանամ.

Վա՜յ ինձ, երբ մահվան բաժակը ըմպեմ.

Ինչպե՞ս կրեմ այդ տույժն հավերժական.

Վա՜յ, երբ եղկելի մարմնիցս ելնի անարժան հոգիս.

Ինչպե՞ս ճշմարիտ դատավորին ես պիտի երևամ.

Վա՜յ, երբ սպառվի յուղը լապտերիս.

Զի եթե մարեց, չի վառվի այլևս.

Վա՜յ ինձ բռնելիք այն խուճապահար

Ու տագնապալի ահ ու սարսափին,

Երբ առագաստի մուտքը կփակվի.

Վա՜յ, երբ երկնավոր արքայի վճռով

Կնքված ահարկու, սահմռկեցուցիչ այս խոսքը լսեմ՝

«Քեզ չեմ ճանաչում»։