Բան ԿԹ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Արդ, որովհետև քո աստվածային հոգատար ձեռքով՝
Սիրուդ մեջ, ինչպես զտող քուրայում,
Շարունակ եռում՝ չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ անվերջ ձուլվելու համար, բայց չեմ միանում,
Ուստի երկնավոր դու արծաթագործ,
Իմ գոյացության ամենահնար
Արվեստավոր ու ճարտարապետ իմ,
Զուր ես աշխատում, ջանում ինձ համար։
Ըստ մարգարեի հայտնի առակի,
Իմ չարությունը չհալվեց երբեք։
Եվ ահա այսպես, սաստիկ մոլեգնած՝
Մի ողորմելի ու մի դիվաբախ խելագարի պես
Բարբաջում եմ միշտ հանդուգն ու անկարգ,
Որով ավելի բազմապատկում եմ պարտք ու մեղքերն իմ,
Քան թե հաշտության մի հնար գտնում։
Եվ արդ, որպեսզի հանդերձյալների
Համար պատրաստած տանջարաններում
Դեպքերն անընտել, պատահարները անվարժ, անսովոր,
Դիպվածներն անփորձ ու անօրինակ չթվան հանկարծ,
Այստեղ մարմնիս մեջ անմոռաց պահեց
Մնացորդները նախկին անեծքի,
Որպեսզի փոքր ու անարգ տարրերին
Ընտելանալով՝ մեծին սովորենք։
Բ
Կան որովայնի ինքնածին ճապուկ,
Խլրտուն պես-պես բոտոտ-ճիճուներ,
Աղիքների գարշ որդեր գաղտնակուր,
Հրափայլ, այրող պալար-այտուցներ,
Պզուկներ, պուտեր, բոցի պես կիզող,
Անիծներ անձև, քրտնածին զազիր
Կսկծեցուցիչ, եռքոր հարուցող ոհմակներ անարգ
Եվ հրոսակներ վայրենաբարո,
Որ ինչպես դևեր գիշերամարտիկ,
Ինչպես մենազեն ու խավարասեր գնդեր բարբարոս
Եվ արաբական խոլ ու քանասար, կատաղի գայլեր,
Կոր-կոր ընթացքով, գույնով արջնաթույր
Եվ կարիճների խայթոցների պես
Կրկնապարույր ու կռածայր կտցով,
Ասես թե դժնիկ փշերով, անվերջ
Խայթում, խոցոտում, ծծում, քամում են արյունը խոնավ
Եվ անկողնի մեջ, հանգստի մահճում
Չարչրկում, լլկում ու տանջում են մեզ։
Իսկ եթե մեկը ձեռք մեկնի հանկարծ
Արժանի պատիժ փոխհատուցելու,
Իսկույն զգում են իրենց պատճառած վնասը մարդուն
Եվ, լերկամարմին իրենց չքությամբ,
Ասես թև առած, թռչում են փութով
Ու ոստոստելով մարախների պես՝
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ
Եվ բազմապատիր ու նենգաբարո աղվեսի նման
Խորամանկելով՝ մտնում ծակուծուկ,
Որպեսզի փրկվեն մահվան երկյուղից։
Այսքան չքոտի իրենց եղկությամբ՝
Ոչ միայն գեղջուկ, խառնիճաղանջ ու ռամիկ մարդկանց,
Այլև ահարկու և հզորազոր թագավորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
Դեպի բարձրաբերձ վերնահարկերը ապարանքների
Կամ թե ստիպում ապրել բացօթյա։
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրա իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց հաղթ բազուկների
Ասելով՝ քանզի չկարողացանք
Մենք դիմակայել մեզնից ավելի զորավորներին,
Ուստի խույս տալով՝ հասել ենք այստեղ։
Գ
Բայց ինչո՞ւ եմ ես զբաղվում մանր,
Ճղճիմ, չքոտի ու ծիծաղելի այդ գոյակներով,
Եթե ոչ միայն, որ դրանք զորեղ ու անհերքելի
Ջատագովներ են աստվածության և
Հանդերձյալներն են ինձ հիշեցնում,
Ընծայված իմ իսկ մարմնից ինձ՝ որպես
Անօրենության դառը պտուղներ։
Ավելանում են սրանց դեռ նաև
Եկամուտ տարբեր ախտերն սպանիչ
Եվ ուտիճների կույտերն անողոք,
Որոնցից պրծնելն անհնարին է.
Մնում է միայն, հարկադրաբար,
Նրանց պատճառած այդ քստմնելի
Չարչրկումներով՝ գալիք մեծագույն
Տառապանքները իմաստասիրել,
Զի միևնույն է, չկա ոչ մի տեղ, անկյուն՝ դրանցից
Փախչելով մի կերպ ապաստանելու.
Առանց քո կամքի ու հրամանի,
Մարդկային ամբողջ կարողությունն ու հնարները ողջ
Նրանց նկատմամբ ի դերև ելան։
Իսկ դու, բարերա՜ր, եթե կամենաս
Փրկել, նորոգել, քավել, բժշկել ու կենսագործել,
Կյանքի ամեն դեղ ու դարման ունես բավականաչափ.
Ամեն ինչում քեզ փա՜ռք հավիտենից հավիտյանս. ամեն։