Բան ԿԷ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Քրիստոս Աստծո խոսքն արդարության

Դատապարտում է ինձ շատ ավելի

Խիստ, իրավացի, քան սատանային.

Զի նա հայտնվեց հենց նրա համար,

Որ չարիքների նախահոր բոլոր գործերը քանդի

Եվ նորոգի իմ պատկերն հնացած՝

Իր ինքնության մեջ ստույգ խառնությամբ

Միավորելով մեր կերպարանքն ու էությունը ողջ

Մեծն Աստծո կերպ ու իսկության։

Նրան անհամար իր շնորհներից ոչինչ չտվեց.

Ինձ շռայլորեն օժտեց բոլորով.

Նրա համար նա բնավ չտանջվեց,

Մինչդեռ ինձ համար պատարագվում է շարունակաբար.

Նա անհաղորդ է կյանքին, այնինչ ես

Վայելում եմ միշտ փրկագործություն,

Նա խաչով վանվեց, իսկ ես՝ զորացա,

Նա լույսից մերժվեց, ես միացած եմ անձկալի փառքին.

Նրան երկրում էլ հանգիստ չտվեց,

Ինձ սեփականեց երկինքը անգամ.

Նրանից կտրեց երաշխիքն հույսի,

Իսկ իմն հաստատեց առանց խզելու.

Նրան խոզերի բոլուկների մեջ արգելափակեց,

Մինչդեռ իմ մեջ հենց ինքը զորացավ.

Նրան բաղդատեց կարիճների հետ,

Իսկ ինձ հռչակեց լույսի ճառագայթ.

Նրան սողունի նմանեցրեց,

Մինչդեռ ինձ կնքեց իր իսկ անունով։

Բ

Լքելով բոլոր երախտիքները բարերար Աստծո՝

Հակամետ եղա չարին՝ նրա հետ

Դժոխքի խորքը նայելու համար,

Ես, անարժանս ամեն բարիքի,

Երախտամոռս անշնորհակալ, դրժողս սիրո,

Կաշկանդվածս պիրկ մեղքի թոկերով,

Խոցվածս խորքից երիկամներիս,

Որ արմավենու ծառ եմ բզկտված,

Աղարտված գինի, հեղեղված ցորեն,

Ջնջոտված մուրհակ, պատառված վճիռ, խարդախված կնիք,

Դիմափոխված տեսք, այրված հանդերձանք,

Կորած ըմպանակ, խորասուզված նավ,

Փշրված մարգարիտ, ընկղմված գոհար,

Չորացած մի տունկ, խորտակված նեցուկ,

Իսպառ փտած փայտ, եղծված մանրագոր,

Փլատակված տուն, խարխլված խորան, արմատախիլ բույս,

Յուղ՝ թափված աղբոտ հրապարակում,

Մոխրակույտերի վրա հոսած կաթ,

Դժնի մահապարտ՝ քաջերի գնդում։

Գ

Քանզի շարունակ անձն իմ ողբալի,

Հին Բաբելոնի օրինակներով,

Երուսաղեմի հետ խրատ լսեց

Մարգարեներից, բայց չխրատվեց։

Եվ ահա, այստեղ անգոսնում գտա, այնտեղ՝ անարգանք,

Այստեղ՝ դսրովում, այնտեղ՝ պարսավներ,

Այստեղ՝ ծանակում, այնտեղ՝ նախատինք,

Այստեղ՝ դառնություն, այնտեղ՝ կշտամբանք,

Այստեղ՝ վարանում, իսկ այնտեղ՝ լքում,

Այստեղ՝ հեծություն, այնտեղ՝ հառաչանք,

Այստեղ՝ կասկածներ, այնտեղ՝ իրացում,

Այստեղ՝ տագնապներ, այնտեղ՝ հատուցում,

Այստեղ՝ փորձություն, այնտեղ՝ դատաստան,

Ուր չի լինի ո՛չ իրավունքի խոսք, ո՛չ ձայն աղերսի,

Ո՛չ օրերը՝ թիվ, ո՛չ ժամանակը վախճան կունենան,

Ո՛չ հուսո շավիղ կգտնես, ո՛չ էլ՝ ողորմության դուռ,

Ո՛չ՝ պահապան աջ, ո՛չ էլ՝ օգնող ձեռք։

Դ

Բայց ապավեն ես դու և փրկություն,

Խնամարկություն ու երանություն,

Ողորմում ես դու, քավում, բժշկում, ո՜վ միակ հզոր,

Կենսաձիր, անճառ, տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,

Օրհնյա՜լ և օրհնյա՜լ և դարձյալ օրհնյա՜լ,

Քո սուրբ Հոգու հետ բարձրացած հավետ

Մեծիդ իսկության հոր փառքի համար՝

Հավիտյաններից հավիտյանս. ամեն։