Բան ԿԶ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Ով պաղատելու համար ընդունի

Մաղթանքների դեղն համեստ մատյանի այս ողբերգության,

Հանձնառուն եթե մեղավոր է մի,

Ես էլ թող լինեմ իմ այս խոսքերով

Նրան կցորդված, եթե արդար է,

Թող որ նրա հետ ես էլ սրանով,

Նրա շնորհիվ գտնեմ գթություն։

Իսկ եթե հանկարծ այդպիսին իրեն երջանիկ զգա՝

Ինձ համարելով միայն եղկելի,

Ես ինքս էլ անձամբ կհաստատեմ այդ։

Բայց ինքն էլ հիշի՛ թող Սողոմոնին

Եվ այս հոգեշունչ խոսքերը նրա.

Ո՞վ վստահորեն կարող է ասել, թե սուրբ սիրտ ունի,

Կամ պարծենալ, որ մաքուր է մեղքից

Եվ ապա՝ չկա երկրածին մի մարդ,

Որ ազատ լինի պատասխան տալուց,

Եվ ոչ էլ հաղթող ինքնարշավ վազքով,

Եթե մինչևիսկ նա բարձրաթռիչ թևեր ունենա։

Այդ պատճառով էլ ամեն ոք պետք է միշտ զգուշանա,

Վախենա անգամ հաստատուն ժայռի վրա լինելիս,

Ինչպես որ Պողոսն է ուսուցանում,

Քանզի կարող է գետնին գլորվել,

Նմանվելով ճիշտ այս իրավադատ կանոնն հաստողին։

Ուստի մաքուրը թող ընդունի այս

Կշտամբանքն իբրև իր համար պսակ,

Որ անմտորեն վայր չիջնի անհաս իր բարձրությունից,

Իսկ պատժապարտը՝ փրկության միջոց,

Որ վեր բարձրանա հոգեկան մահվան

Կործանումից ու ապրի լիահույս։

Իսկ ինձ համար թող, այդ պատգամներով,

Մատյանն այս լինի մի փորագրված

Հավիտենական անեղծ հուշարձան,

Որ իմ եղկելի ու մահկանացու անձի փոխարեն՝

Ողբ ու հեծության անդադար հնչմամբ,

Առանց լռելու միշտ աղաղակի.

Թող որ մինչևիսկ սառը շիրմիս մեջ,

Այն հողապատյան վերարկուի տակ

Արդեն քայքայված ոսկորներս լուռ,

Անմռունչ ձայնով այդ խոստովանեն,

Եվ հողում իսպառ լուծված մարմինն իմ

Անլուր բարբառով պաղատանքներն այս

Առաքի անդուլ քեզ՝ ծածկատեսիդ։

Բ

Աղբյո՜ւր գթության և ողորմության,

Բարեպարգև՜ տեր, որդի բարձրյալի Հիսո՜ւս Քրիստոս,

Գթա՛, խնայի՛ր ու մարդասիրի՛ր,

Նայի՛ր վտանգիս, հայա՛ցք ձգիր իմ սրտաբեկության,

Թշվառությանս վրա խոնարհվի՛ր,

Տե՛ս տագնապներն ու տվայտանքներն իմ անդարմանելի,

Կարեկի՛ց եղիր տառապանքներին իմ կորստաբեր,

Բժշկի նման շոշափի՛ր ախտերս ամենաթշվառ,

Քաղցրությա՛մբ լսիր հեծության իմ հեգ,

Ունկնդրի՛ր շիրմիս անդնդից մահվան

Անլուռ անմռունչ հառաչանքներիս.

Թո՛ղ ամենալուր լսելիքը քո

Թափանցի լուծված, գոս անդամներիս ձայնն աղերսագին։

Քանզի անեղծ է գրավականն այս իմ կենդանության,

Թո՛ղ որ անայլայլ լինի նաև քո սերն ամենագութ.

Հեզությամբ կցո՛րդ եղիր դժնդակ իմ տկարության։

Գ

Մեռած պատկերիս դեմ ոխ մի՛ պահիր,

Դատաքննության մի՛ մտիր անշունչ կերպարանքիս հետ,

Մահատանջիս մի՛ հարվածիր նորեն,

Ջարդված խեցեղեն անոթիս դեմ մի՛ մարտնչիր ուժգին,

Բարկություններդ մի՛ կրկնիր՝ վճռով խոշտանգվածիս դեմ,

Մի՛ բեր պատուհաս ավեր շինվածքիս,

Սպանված շանս էլ մի՛ քարկոծիր,

Ջախջախված լվիս վրա սաստկապես դու մի՛ որոտա,

Անպատված հողիս վրա մի՛ իբրև

Անբարհավաճի մռնչա ուժգին,

Մերժելի մոխրիս մի՛ կանչիր դատի,

Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,

Տրորված տղմիս մի՛ հաշվիր ոսոխ,

Գարշությանս անարգ մի՛ վանիր իբրև բռնամարտիկի,

Նետվելիք կոճղիս մի՛ պահիր իբրև գեհենի ճարակ

Եվ բազմապատիկ այսքան խոսքերով ամբաստանվածիս

Դու էլ վերստին մի՛ հանդիմանիր։

Դ

Սրանք են ահա սրտամորմոք ու

Բազմաթախիծ իմ պաղատանքներն այն,

Որ պիտի հնչեն ամենաթշվառ

Ու խավարարգել շիրմիս խորքերից.

Թող հաստատի արդ օրհնյալ խոսքը քո,

Որ կմնան միշտ դրանք անխաթար,

Ինչպես խնդրողիս սիրտն է ցանկանում։

Չէ՛ որ թեպետ ես հիմա խոսում եմ որպես կենդանի,

Սակայն մեռած եմ անհասիդ հանդեպ,

Մինչ այնժամ, մահվամբ կորչելուց հետո,

Ամենազորիդ հրամանով, տե՜ր,

Անմահ կմնան միշտ իմ հավատով։

Արդ, աղաչում եմ, տե՜ր Հիսուս Քրիստոս,

Ողորմությա՛մբ ինձ նայիր, թույլ մի՛ տուր,

Որ Բելիարին լինեմ տնկակից,

Եվ մահազեկույց ձայնը տապանիս

Ու թշվառ թաղման թնդյունն անկենդան

Ընդունի՛ր որպես հաշտություն հայցող

Ողբի աղաղակ մի աղերսակոծ.

Միա՜կ բարեգործ, հզոր, մարդասեր,

Թող բարի Հոգիդ ինձ հետ բնակվի՝

Այն խավարում էլ լույս տալով գերուս։

Եվ քո կենարար չարչարանքների

Այնքա՜ն պաշտելի մասունքները թող միշտ լինեն ինձ հետ,

Որ, ինչպես ավանդ մի՝ գանձարանում,

Ինձ քո մեջ պահած՝ կենսանորոգեն.

Թող պատկանեն ինձ որպես անհատնում հոգևոր զենքեր.

Պարսաքարեր, միշտ ինձնից անբաժան՝

Չարի գնդերը քշելու համար։

Թող որ մարտն իմ դեմ քեզանով վանվի,

Որպեսզի երբ նա, տեսնելով քաղաքն առանց զորքերի

Եվ ազդարարող գործիքը անձայն,

Հառնի ինձ վրա պատերազմելու,

Քեզ ունենամ, տե՜ր, մշտնջենապես անքուն պահապան։

Ե

Եթե վախճանի օրը կանխելով՝

Այժմ իսկ շտապի անել արգելան պատրաստել չարն ինձ,

Ես տերունական աղոթքս կուղղեմ

Նրա դեմ որպես մահացու հարված,

Իսկ եթե ջանա ի վայր տապալել՝

Ծնրադրությունս բարձրյալ արարչին.

Եթե փորձի ինձ թավալել գետնի մոխիրների մեջ,

Աստծո՝ երեսի վրա ընկնելը կվանի նրան,

Իսկ եթե նյութի տանջալի ցավեր,

Նրան կլլկի աշխարհի փրկչի

Առատ քրտինքը, շաղախված արյամբ.

Եթե պատանդի շունչս, որ բարի ճամփով չընթանամ,

Ամենաստեղծի կապանքները ինձ ազատ կարձակեն.

Թե բռնադատի, որ պարգևները լույսի ուրանամ,

Համբերությունը քո՝ աստվածամարտ

Ապիրատների հայհոյանքներին՝

Կպապանձեցնի սրան նրանց պես.

Եթե գաղտնաձիգ զենքերի նետեր արձակի վրաս,

Պիտի հանդիպեն դրանք փառքի հոր

Ճարտարահնար կապարճի կարթին։

Թե խավարամած լույսի շղարշով

Անամոթաբար աչքերս մտնի,

Ամենքի լրման ձորձածածկ գլխի

Կռփահարումը կտանջի նրան.

Եթե ձեռքերիս վստահությունը ժպրհի կաշկանդել,

Ամենաստեղծի ձեռքը մատուցած

Եղեգնը պիտի բերանը փակի՝ նրան կտտելով.

Թե խայտառակման ծաղր ու ծանակով ինձ հետ կատակի,

Ամենազորի ծաղրանք տանելը կհեգնի նրան։

Եթե բժժանքով ու հուռութքներով

Խորամանկորեն ուզի կախարդել,

Հզոր Աստծո դեմքի ապտակը

Կամաչեցնի նրան սաստկապես.

Եթե գիշերվա մութը իջնելիս

Իր խաբեության նենգիչ խավարով լկտի մարտնչի,

Կխայտառակվի լույսիդ ճաճանչմամբ.

Եթե հավակնի փորձությունների

Վատնիչ խորշակի արեգակնակեզ

Կեսօրվա տապով ինձ բոլորովին արմատից խախտել,

Պիտի նշանիդ լույսի զորությամբ

Ինքն արմատախիլ եղած չորանա։

Եթե ջանա ինձ փչման շնորհից զրկել լիովին,

Այն թուքը, որը մեղավորիս տեղ

Ընդունեց տերը քերովբեների,

Պիտի համակի նրան ամոթով։

Զ

Թե ինձ կծոտող ժանիքներ ցույց տա,

Կպապանձեցնի նրան լռելը տիրոջ բերանի.

Եթե աղվական խածոտումներով խռովի հոգիս,

Համայնաստեղծին մեխված բևեռից պիտի կսկծա.

Եթե մտքերս մոլորեցնելով՝

Անիրավության ուղին ինձ մղի,

Անհասի ոտքի գամերը նրան պիտի կապկպեն.

Եթե արբեցնի ինձ դժնաբարո հրապույրներով,

Կդառնացնի նրան քացախն այն, լեղիով խառնված,

Որ բարերարին տվին խմելու։

Եթե ինձ գտնի պտղի առաջին ճաշակումի մեջ,

Խաչի սոսկալի խորհրդով բռնված՝

Հենց ինքը իսպառ կդատապարտվի.

Եթե հորդորի ընդվզել տիրոջ

Հնազանդվելու հրամանի դեմ,

Անսահմանելու սուրբ պարանոցի

Մեկնումը պիտի կործանի նրան.

Եթե տանջամահ անելու համար

Հալածի նա ինձ ու վիրավորի,

Այն մեծ տեգը, որ մխվեց Ադամին

Հաստողի կողը, կպատռի նրան.

Եթե պաշարի ինձ դժոխային վիշտ ու ցավերով,

Նրան կբռնի պատանքի կտավն ամենակալի.

Թե խաբեությամբ ստիպի մահվան հատակը նայել,

Մահվան վիմի մեջ Աստծո կենդանի

Բնակությունը կսպանի նրան.

Եթե մարդկային սայթաքումներիս վրա նա խնդա,

Պիտի կարկամած կորանա կրկին,

Երբ անմահն Աստված հառնած իր փառքով՝

Եվ մեռյալներին ամենայն իր հետ կենսանորոգի։

Իսկ եթե բերկրի իր հազարամյա կապանքի լուծմամբ,

Թող դողա իսկույն առավել սաստիկ

Անվերջ-անվախճան տանջարանների

Շղթաների մեջ վերստին ընդմիշտ

Կապված փակվելու անզերծ տագնապից.

Եթե առաջին իսկ հարվածներից խիստ դժվարանա,

Նրան կտրվի գույժը կորստյան՝

Վերջին սատակման՝ անշեջ գեհենում,

Որ պատրաստված է նրան և նրա հրեշտակներին՝

Մեծ դատաստանի այն մեծ օրն ահեղ։

Է

Միայն թագավոր, հզոր ինքնակալ,

Արարիչ երկնի, երկրի և բոլոր

Զարդարանքների, որ կա նրանց մեջ,

Տե՜ր Հիսուս, ահա քեզ ապավինած՝

Սպասում եմ ես գալստյան փրկչիդ՝

Քո ողորմության ակնկալիքով.

Ոտներդ ընկած՝ գարշապարներիդ հետքն եմ համբուրում.

Խոստովանում եմ պարտությունը իմ,

Հրապարակում մեղքերս բոլոր,

Կշտամբանքներիս քարերով ծեծկվում,

Այրվում եմ սրտիս հառաչանքներով,

Խոցոտվում եմ խոր խղճիս խայթերով

Ու սրտիս բոցով լափված՝ տապակվում,

Եփվում եմ ցողով աղի արցունքիս,

Երիկամներիս հրայրքով կիզվում,

Ցամաքում՝ օդով հուսահատության

Եվ նվաղում եմ հողմով դառնաշունչ,

Ցնցվում եմ վշտից ու կողկողագին հեծությամբ դողում,

Տառապում՝ անլուր տվայտանքներով

Ու տատանվում եմ տագնապով հոգուս,

Մրրկակոծ ծփում ու սասանվում եմ ալեբախումից.

Սարսում եմ, երբ որ լուր է սպասվում,

Գալիքն հիշելով՝ կորչում ահաբեկ,

Ատյանի տեսքից հալվում եմ իսպառ

Ու մեռնում՝ մեծիդ սպառնալիքով։

Լսի՛ր, բարեգո՜ւթ, քավիչ, մարդասեր ու երկայնամիտ,

Քաղցրություն անճառ, բարեպարգև օր և տիվ տենչալի,

Քանզի կարող ես ամեն ինչի մեջ,

Կարող ես նաև շունչս փչելիս ինձ փրկագործել։

Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն։