Բան ԿԴ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Ամենքի հանդեպ ու ամեն ինչում
Ըստ ամենայնի ուղիղ ես, Աստվա՜ծ.
Դատում ես իրավ, կշռում ես արդար,
Ճշտորեն չափում, նայում ես գթով,
Ընթանում՝ շիտակ, սիրում՝ անաչառ,
Համբուրում ես լույս և կամենում ես անապակություն,
Փորձով նախատում և քննում ես միշտ բարեմտությամբ.
Չունես նենգություն ու գոռոզություն.
Համակ հեզություն, հանդարտություն ու գթություն ես դու։
Բ
Իրավ էիր, ո՜վ վերին անայլայլ
Իմաստությունդ հորդ հանճարի,
Վկայված կրկին՝ շնորհովդ քեզ
Որդեգիրների անզիղջ գովեստով,
Քանզի, արդարև, ըստ այն սուրբ խոսքի,
Որ ընդունեցինք ավետարանով քո կենսապարգև,
«Ո՛չ ողբացի ես կոծողների հետ,
Ո՛չ պարերգեցի փողեր հնչելիս»։
Դու պատվիրեցիր անօրենիս, թե՝ մի՛ անօրինիր,
Բայց ես ամրացա նույն չարության մեջ,
Մեղավորիս՝ թե՝ մի՛ բարձրացրու եղջյուրներ ի վեր,
Իսկ ես գործեցի մեծիդ հակառակ,
Եվ խոտորյալս չզգացի երբեք,
Որ քո ձեռքում են թագավորական
Եղջյուրներն հոխորտ ամբարտավանի,
Որ բարձրացնողն ու խոնարհեցնողը քո կամքն է միայն,
Ըստ Ամբակումի, ինչպես և Դավթի ու Զաքարիայի։
Դու ինձ օրհնություն կամեցար, գթա՜ծ,
Բայց անիծյալս, խիստ խոտորվելով,
Ի վերջո գտա մասն ինձ արժանի.
Ոչ թե բարություն, բարիք սիրեցի, այլ դաժանություն.
Ըստ Գրքի խոսքի, լույսին անհաղորդ՝
Խարխափեցի միշտ թանձր խավարում.
Կենսատու, ձայնիդ անզգամորեն պատասխանեցի։
«Որդն անվախճան է, կրակը՝ անշեջ,
Կշտամբանքն՝ անվերջ, տեղն՝ հավերժական, տեսարանն՝ ահեղ».
Ասացիր դու ինձ Եսայու խոսքով,
Բայց ես չիմացա, ըստ սաղմոսողի, ու չըմբռնեցի,
Ընթացա մտքի մռայլ կուրությամբ։
Գ
Դու մարգարեի միջոցով ի լուր ազդարարեցիր,
Թե օրհնություն նա կստանա միայն,
Ով հաստատում է ճշմարիտ օրենք,
Իսկ ես ջանացի լոկ այն աղճատել։
Դավիթին իր խոսքով, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Հոգևոր վիմի վրա, քո մատով արձանագրված,
Կանգնեցրիր որպես հիշատակարան,
Ինչպես որ նաև ինքն է վկայում, ասելով այսպես՝
«Ես պահեցի քո օրենքն ամեն ժամ,
Հավիտյան», նույնը կրկնելով նորեն՝
Անդրադարձությամբ այս վերջին բառի՝
«Եվ հավիտենից հավիտյանս». ահա
Սրա հետ նաև ուրիշ պանծալի
Օրինակներ ինձ եղան խրախույս,
Բայց ես, անտարբեր, աճապարեցի
Տոնին Բահալի, ոչ թե Աստծո
Եվ երկմտությամբ, բարիքից կասված,
Զույգ ճամփաների վրա կաղացի,
Ինչպես հեգնանքով ասում է Եղիան։
Ունեմ Մովսեսին, իր օրենքներով,
Մահացածների աշխարհից եկած,
Մարգարեների գրքերը բոլոր՝ գրված հոգուս մեջ,
Եվ մատյանները առաքյալների,
Շարված իմ մտքի մատների վրա,
Տիրոջդ համայնի՝ հանդերձ կտակով իր ավետաբեր,
Թաղվելուց հետո հարություն առած ննջեցյալներով,—
Բայց ես, ավելի չար ու անհավատ,
Քան այն մեծատան եղբայրները հինգ,
Որոնք ասես թե խորհրդանշում են
Զգայարաններն հղփացածների, անգութ, անողորմ,
Քարացած սրտիս համառությամբ միշտ
Դարբնի սալի պես եղա անզգա,
Բելիարի պես չապաշխարեցի։
Դ
Շնորհի՛ր կրկին ողորմությունդ լքվածիս անօգ,
Ահավոր, բարի, մարդասեր, գթած, խնամակալ, սուրբ,
Կենդանի, պայծառ, անմահ թագավո՜ր,
Ազդի՛ր պանծալի խաչիդ զորությամբ
Անզգայացած երիկամունքիս
Եվ հուսալքված անպտուղ սրտիս
Անդաստանների վրա ուժգնորեն,
Որպեսզի հզոր ամենակալիդ
Գթառատ կամքի օժանդակությամբ
Որոտա հոգիս ու վշտագնածիս աչքերով բխի
Արտասուքների վարար վտակներ
Եվ ոռոգելով՝ մաքրի, փրկի ինձ՝ քեզ ի հաճություն,
Ամենապարգև տե՜րդ բոլորի,
Փառավորյա՜լդ հավիտյանս. ամեն։