Բան ԿԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ինչո՞ւ մեջ բերել ու երգել տավղով այսպես անդադար
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են ուղղվում շարունակ
Որպես նախատինք, պարսավ ու նզովք։
Իսկ ինչպե՞ս պիտի կարողանայի
Փառքն այն երջանկի փոքր-ինչ պատշաճել
Դատապարտյալիս՝ իր հետ ասելով,
Թե՝ «Չմոտեցավ նենգամիտը ինձ»։
Կամ ինչպե՞ս հաջորդ զարհուրեցուցիչ
Տներում կարգով մեկ առ մեկ հիշված՝
Օրինապահին, զինվորականին,
Թագավորին ու մարմնական հզոր հրամանատվին
Հատուկ ամենայն արժանիքներն այն,
Որոնք մինչևիսկ համբուրելի են երկնայիններին,
Կրկնեմ ու կյանքից չհուսահատվեմ
Ես, որ լինելով նորի աշակերտն
Ու քարոզիչն իր ավետիսների,
Այդ շնորհներից անմասն եմ իսպառ։
Ըստ իրավախոհ արդարի, ինչպե՞ս
Զինվեմ ես ընդդեմ մեղավորների,
Առակով ասած, առավոտյան վաղ արթնանալուն պես
Պատրաստ լինելով նրանց ջնջելու,
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ
Գանահարելով չխրատեցի.
Ինչպե՞ս այդ մեծի սխրագործությամբ
Կոտորեմ բոլոր անօրեններին տիրոջ քաղաքի,
Երբ չմեռցրի ախտաբծերն իսկ, հոգուս մեջ բուսած։
Ինչպե՞ս ես ստեմ նրան, որի մոտ
Չհայտնվածներն իսկ գրված են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ երգողի աղբերակայլակ արցունքին հստակ
Հեծեծանքի մի պղտոր շիթ, կաթիլ իսկ չխառնեցի,
Ինչպե՞ս կարող եմ ասել նրա հետ՝
«Ըմպելիքներս խառնված են եղել արտասուքներով
Եվ անկողինս արցունքներով եմ թրջել» շարունակ։
Երբ նախնիների հանցանքները ողջ
Աստվածասերն այն իրենն համարի՝
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ,
Անօրինացանք, հանցագործեցինք»,
Այլև բոլորն այն, ինչ ասված է այս երգում մինչև վերջ,
Որոնք ավելի ինձ են պատշաճում, քան Իսրայելին,—
Ո՞ր մեկը պիտի ինձ վերագրեմ
Ես, որ մեղքերով մեռած եմ իսպառ։
Ինչո՞վ կարող եմ արժանի լինել
Բարիների հետ դասվելու պատվին,
Երբ չարեցի այն, ինչ ճանաչված ու
Հարգված է որպես մարդկանց դեղ ու ճար,
Այն է՝ գարշելով կերակուրներից՝ մահու չափ քաղցել
Եվ երկարատև ճգնությամբ՝ հոգով նվաղել իսպառ,
Ըստ տարակրոն հրեաների ու
Հեթանոսների հին սովորության։
Ինչպե՞ս կարող է հավիտյան մնալ արդարությունն իմ,
Երբ այն ես երբեք չեմ գործադրել։
Բ
Սակայն որպեսզի շատախոսությամբ չլինեմ տաղտկալի,
Կաշխատեմ այժմ խոսքս կարճ կապել։
Եվ ի՞նչ կարող եմ ասել, արդարև, այն խոսքերի տեղ,
Որ աստվածաշունչ ձայնով նվագեց Դավիթ օրհներգուն՝
«Իմ ամբողջ սրտով որոնեցի քեզ».
Կամ մեծն առավել՝ «Ոտքս կտրեցի
Ամեն տեսակի չար ճամփաներից».
Եվ կամ՝ «Պահեցի խոսքերդ իմ սրտում,
Որ չլինի թե քո դեմ մեղանչեմ»։
Ինչպե՞ս կարող եմ նանրություններն իմ
Մաքուրների հետ մատուցել որպես կատարելություն՝
«Պատվիրաններից քո դաս առնելով՝
Ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»։
Ճշմարտությունն այն խոնարհի ինչպե՞ս
Շարահարելով մշտնջենական սուտ երդումներիս,
Ուխտելով ասեմ հավատարմի հետ՝
«Հաստատ երդվեցի՝ պահպանել արդար օրենքները քո»։
Իսկ ինչպե՞ս կրկնեմ պատգամն այս հապա,
Որ հիշատակն է անճողոպրելի վճռիս մահագույժ,
Թե՝ «Փրկությունը հեռու է բոլոր մեղավորներից»։
Ինչպե՞ս կարող եմ չարս իսկապես
Բարիների այս հատուցումն արդար,
Որ ստանում են նրանք տիրոջից,
Վերագրել ինձ՝ կրկնելով տողն այս՝
«Բարիք կանի տերն ուղղամիտներին»։
Ինչպե՞ս ինքս անձամբ վերահաստատեմ
Բազմավրեպիս փոխհատուցումն այս անաչառ, հատու՝
«Հափշտակությամբ խոտորվածներին
Տերը կտանի բոլոր նրանց հետ,
Ովքեր գործում են անօրենություն»։
Աստվածազգեստի պարծանքն այս ինչպե՞ս
Պատվաստեմ թշվառ ամոթահարիս՝
«Չգոռոզացավ բնավ սիրտն իմ, տե՜ր,
Եվ աչքերս երբեք չզվարճացան»։
Գերմարդկային այս խոսքն անճառ ինչպե՞ս
Ընդունեմ որպես վհատյալների քաջալերություն
Եվ ինչպե՞ս կրկնեմ գանձս գեհենի
Աստծո հոգով այն օծյալի հետ՝
«Առաջուց տեսար, որ լեզուս բնավ չունի նենգություն»։
Ես՝ դասակիցս դժնասիրտ մարդկանց,
Մահվան համաբան՝ սատակման որդիս,
Ինչպե՞ս բարբառեմ բարեշնորհի խոսքերն այս հապա՝
«Չատեցի՞, տե՜ր, քո ատելիներին»։
Ո՜վ անձն իմ, ո՜ղբդ աշխարհի, ինչպե՞ս
Տոնելի վեհի մեծ վստահությամբ
Անստույգ հոգիդ հրամցնելով
Պանծաս ինքնագով՝ պսակյալի հետ՝
«Փորձիր, տե՛ր, և տե՛ս, մի՞թե ձեռքերն իմ
Ապականված են անօրենությամբ»։
Ինքս չարագործ լինելով հանդերձ՝
Ինչպե՞ս պաղատեմ այդպիսիներից փրկելու համար,
Ձայնակցած Աստծուն հուսացողներին,
Թե՝ «Պահի՛ր ինձ, տե՜ր, մեղավորի ու չար մարդու ձեռքից»։
Ինչպե՞ս բարձրանամ մաղթելու Աստծուն փառավորի հետ,
Ասելով՝ «Դու ես բաժինն ու հույսն իմ կենդանյաց երկրում»։
Իսկ ինչպե՞ս, հապա, իբրև մրցակից այն ճգնավորին,
Պսակն հաղթության երկնի արքայիդ մատուցանելով՝
Կրկնեմ աղերսանքն այս անօրինակ՝
«Արդարները քո կսպասեն, մինչև դու ինձ հատուցես»։
Գ
Բարեբանյալ է սաղմոսի և այն խորհուրդն հոգևոր,
Որ ամենայն ինչ արհամարհելով՝
Ընդունում է լոկ արարածների նախապատճառին՝
Տալով «Երանի՜ այն ժողովրդին,
Որի տերը իր աստվածն է միայն».
Սա պատշաճում է տիրոջ այն գործին,
Որով նա փորձչին ամոթ հասցրեց։
Մեծ է և շնորհն այս վսեմափառ,
Լի երանությամբ, այլև երկյուղած համարձակությամբ՝
«Սրբերդ պիտի օրհնաբանեն քեզ».
Ըղձալի է հույժ նաև հոգևոր
Հաղորդակցության ընտանությունն այս մերձ ու մտերիմ,
Որն հորդորում է հուսալ Աստծուն
Եվ ապավինել նրան, բերկրելով սաղմոսի խոսքով՝
«Իրագործում է տերը միշտ կամքն իր երկյուղածների»,
Որն ավարտվում է ողբախառն ուրախ այս ազդարարմամբ՝
«Տերը պահում է ամենքին, ովքեր սիրում են իրեն
Եվ ջնջում բոլոր մեղավորներին».
Սաղմոսերգության այս ավարտական գլուխների մեջ
Տրված է կարծես արդարների ու մեղավորների
Վերջին հատուցման օրինակը հենց։
Իմաստով միմյանց զուգակից են և երգերը հաջորդ.
Եթե, ըստ նրանց, «Տերն ընդունում է հեզերին միայն
Եվ մինչև գետին խոնարհեցնում բարձրահոններին»,
Ուրեմն որքա՜ն եղկություններ են հեգիս սպասում.
Իսկ եթե «Տերը սիրում է միայն իր ժողովրդին
Եվ կբարձրացնի հեզամիտներին՝ փրկելով նրանց»,
Հապա ես՝ զուրկս արժանիքներից, ո՞ւմ ապավինեմ.
Իսկ եթե Աստված իր սրբերից է օրհնվում տիրաբար,
Ես, որ օտար եմ, զուրկ մաքրությունից,
Որո՞նց հետ պիտի դասակից լինեմ.
Իսկ եթե դնեմ և կանխերգներից
Սրանց մոտ՝ որպես ինձ նախատինքի հիշատակարան՝
«Սիրեցե՛ք տիրոջ, ո՜վ նրա սրբեր,
Զի պահանջում է նա շիտակություն
Եվ կհատուցի կրկնակի բոլոր բարձրահոններին»,
Հապա ո՞ր գնդում ես պիտի լինեմ,
Ես, որ գերի եմ չարահնարի գաղտորսակներին։
Դ
Եվ ահա, բարդու նկուն, դողահար
Ու տագնապալի տերևների պես,
Որոնք հողմերի բախումից վայրագ
Պոկոտված՝ դողդոջ թափվում են գետնին,
Չարը մոլագար ջանաց ջարդոտել
Ի վեր ամբարձած բարեբեր ճյուղերն իմ կյանքի ծառի,
Հարդարված անեղ մշակիդ ձեռքով։
Արմատավորի՛ր նորից, հաստատի՛ր
Նոր անապական պտղաբերությամբ՝
Կամքիդ խնամքով բարգավաճ կյանքի անդաստանի մեջ,
Ամենապարգև արքա՜ Քրիստոս,
Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։