Բան Զ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Ի՞նչ շահ սրանից, կամ ինձ ի՞նչ օգուտ,
Որ արձակելով այսպես շարունակ
Ողբ ու հեծություն՝ ինքս վհատվեմ
Ու դուրս չթափեմ խոսքիս խարանով
Մահացու վերքիս շարավն ամբարված
Կամ ծանրությանը, որ մթերված է սրտիս խորքերում,
Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցավատանջ խիթեր,
Նողկանք պատճառող մատնամխությամբ չփսխեմ իսպառ։
Բ
Քանզի արժանի չգտնվեցի
Սրբերի փառքով հպարտանալու,
Որոնց շուրթերը լի են ցնծությամբ,
Իսկ բերանները՝ խինդ ու ծիծաղով,
Ըստ առակողի ու սաղմոսողի
Ուստի և երկրորդ կարգին դիմեցի
Այստեղ միայն այդ ինձ նմաններին հիշատակելով,
Թեև սրանք էլ, անբարի բարքիս
Թերությունների համեմատությամբ, բարձր են ինձանից,
Ինչպես որ, ասենք, ապաշավողը չապաշավողից։
Այսպես՝ տոնելի եղավ Մանասեն՝
Լինելով ինձնից պակաս հանցավոր.
Պատիվ ստացավ և փարիսեցին՝
Իմ դժնաբարո ամբարշտության համեմատությամբ.
Գովաբանվեց և անառակ որդին,
Զի չեղավ ինձ պես անդարձ ուխտազանց.
Հիշարժան դարձավ և Ամասիայի որդին կեղծավոր,
Քանի որ նա էլ ինձ չափ ապերախտ շնորհուրաց չէր.
Օրհնաբանվեց և ավազակն՝ իբրև
Անհավատների ոսոխ, ամբաստան.
Պոռնիկ կինն անգամ պատիվ ստացավ՝
Որպես նախամայր զղջացողների։
Գ
Իսկ ես ոչ պակաս քան փարավոնը՝ սիրտս կարծրացրի.
Ալեկոծվեցի խոլ մրրիկներից հուզված ծովի պես.
Չսարսափեցի հրամաններից քո ահեղասաստ
Գեթ այնքան, որքան ծովի ալիքներն իրենց ափերից։
Գործերիս, թվի, չափի ու կշռի համեմատությամբ՝
Քիչ եղան անգամ կույտերն ավազի.
Բավական չեղան նրանց անհատնում շեղջերը նույնիսկ՝
Բոլոր անօրեն իմ արարքները հաշվելու համար։
Դ
Թեպետ չափազանց շատ են ծովափնյա՝
Շեղջերով դիզված ավազներն ու այլ մանրուքներն ամեն,
Բայց տարանջատ են և չունեն բնավ ծնունդ ու աճում,
Ինչպես անհամար, մտովին անգամ անընդգրկելի
Չարագործ ախտ ու արատները իմ.
Մեկն իր ծնունդով, մեկն իր սերունդով,
Մեկն իր ծիլերով, մեկն իր բերքերով,
Մեկն իր փշերով, մեկն արմատներով,
Մեկն իր կազմությամբ, իսկ մեկ ուրիշը՝ իր պտուղներով,
Մեկն իր մասերով, մեկն իր ճյուղերով,
Մեկն իր ոստերով, մեկն ընձյուղներով,
Մեկն իր ճանկերով, մեկն իր մատներով,
Մեկն իր խլրտմամբ, մեկն իր ներգործմամբ,
Մեկն ազդակներով, մեկն իր բծերով,
Մեկն իր հետքերով, մեկն արդյունքներով,
Մեկն ստվերներով, մեկն իր մթությամբ,
Մեկն իր պատրանքով, մեկն հակումներով,
Մեկն հնարքներով, մեկն իր հարձակմամբ,
Մեկն արշավներով, մեկն իր չափերով,
Մեկն իր կայծերով, մեկն իր կրքերով,
Մեկն իր խորքերով, մեկն իր գարշությամբ,
Մեկն իր մթերմամբ, մեկն իր գանձերով,
Մեկն աղբյուրներով, մեկն իր գետերով, մեկն իր ցնցղմամբ,
Մեկն իր շանթերով, մեկն հրդեհներով, մեկն ամոթներով,
Մեկն իր վիհերով, մեկն անդունդներով,
Մեկն իր բորբոքմամբ, մեկն իր խավարով,
Մեկն ամպրոպներով, մեկն իր կայլակմամբ,
Մեկն հոսանքներով, մեկն հեղեղներով, մեկն իր սառնությամբ,
Մեկն իր դռներով, մեկն ուղիներով,
Հնոցն իր բոցով, հրատն իր տապով,
Ճարպի հալոցն իր ծխոտ ճենճերմամբ,
Օշինդրն իր ժանտ դառնություններով,
Կործանիչը իր հպատակներով,
Բռնակալը իր ելուզակներով,
Ամբարտավանն իր հրոսակներով,
Ավազակապետն իր ոհմակներով,
Ամեհի գազանն իր կորյուններով,
Խածոտողը իր խայթ ու խոցերով
Եվ պղծագործն իր նմանների հետ։
Ե
Սրանք են պետ ու գլխավորները
Բոլորի հոգու ապականարար պղծագործների՝
Իրենց ենթակա ու ստորադաս տարբեր մասերով,
Յուրաքանչյուրը որոնցից նույնպես իր հերթին ունի
Հազար-հազարներ, բյուրավոր բյուրեր,
Իսկ ամբողջական թիվը բոլորի
Կարող է միայն նա ճիշտ իմանալ,
Որը տեսնում է մեր կողմից անէ
Համարվածները որպես գոյություն,
Որպես կատարված իրողություններ։
Արդ, եթե մեկը չխաբի իրեն,
Չձևացնի կերպարանելով
Եվ չանհավատի կեղծավորաբար,
Ճանաչի նաև իրեն որպես մարդ,
Զգա, որ ինքը բնությամբ նույնպես
Մահկանացու է մի սովորական,
Իրեն էլ դիտի որպես երկրածին
Ու մնա պատշաճ չափ ու սահմանում,—
Կիմանա, անշուշտ, որ վերոգրյալ
Պատուհասների գլխավորները
Մտացածին չեն, ավելին, դեռ ես
Ամբողջ իսկությամբ չպատկերեցի
Բազմազան, պես-պես արատները այն,
Որոնք հածում են մեր բնության մեջ,
Այլ չարիքների բյուր պտուղների
Միայն մի փոքրիկ մասը ցույց տվի,
Մնացածները թողնելով, որ դուք
Սրանց միջոցով ուսումնասիրեք,
Թեպետ ոչ լրիվ ու ամբողջությամբ։