Բան ԾԹ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա՜ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,
Քան արդարների ամեն մի խնդրանք։
Քանզի մեկն անկեղծ խոստովանելով պարտությունը իր՝
Ակնկալում է լոկ շնորհը քո
Եվ գիտակցելով չափն իր բնության
Ու ճանաչելով իրեն ներքնապես՝
Որպես ինքնոգոր ախոյան, ոսոխ՝
Կշտամբանքներով, դառնագին ձաղմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դեմ,
Մինչդեռ մյուսը, բարեգործությանն իր ապավինած,
Ինքնաբավական մի վստահությամբ,
Մոռացած սահմանն էության մարդու,
Առավելապես ակնկալում է պարգևներ քեզնից, քան ողորմություն։
Ահա թե ինչու մեկն ստեղծելով ճառեր անհամար՝
Ողորմությունդ ազդարարում է միշտ տարփողելով,
Մյուսը լուռ է մնում այդ մասին։
Հզո՜ր, անքնին, ամենախնամ,
Ամաչում եմ ես մինչևիսկ ասել,
Որ պատմությունը երկրայիններիս
Գործերի՝ քոնից առաջ է անցել։
Ուստի հառնի՛ր, տե՜ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքերը մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ։
Բ
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտություն առաջնորդների.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Վարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա դու ի՛նձ, ողորմի՛ր, բարձրյալ երկնավոր հզո՜ր,
Ինձ, վարանյալիս ամենատխուր։
Զի եթե Հոբին ես նմանվեի,
Կհամարեի ինձ էլ նրա պես արդար, անարատ.
Եթե լինեի Մովսեսի նման,
Ինքս էլ նրա պես վստահ կասեի՝
«Տերը պետք է որ ճանաչի նրանց, ովքեր իրենն են».
Իսկ եթե Դավթին ես նմանվեի, կասեի անշուշտ՝
«Հաստատեցի կարգ ու արդարություն»
Եվ խոսքն այս, մարմնի բնությունից վեր՝
«Եթե սրտիս մեջ մեղքեր նկատեմ,
Թող որ տերը ինձ բնավ չլսի».
Եթե լինեի Եղիայի նման,
Կհամարեի ինձ այր Աստծո.
Թե Երեմիայի նման լինեի,
Կօրինակեի ճշմարտությունդ.
Եթե լինեի Եզեկիայի պես,
Կպարծենայի իրավամբ, որ ես
Արդարությամբ եմ քայլել քո առաջ.
Եթե Պողոսի նման լինեի,
Կհամարեի ինձ բնակարան,
Մի ընդունարան ու ազդարարան Աստծո խոսքի։
Գ
Բայց անօրենս, օրենքին գիտակ լինելով հանդերձ,
Ահա ոչ միայն չեմ կարող անձս քեզ ներկայացնել
Մեծարու խոսքով, ինչպես որ նրանք,
Եվ չարս համակ՝ բարիների պես հիշվել քո առաջ,
Այլև ամենուր բոլոր գոյերից
Բարեհռչակված անունդ, հզո՜ր,
Ամբարշտյալիս լեզվով ներբողել։
Բայց կարող ես դու և ամեն ինչի հնարներ ունես.
Մատուցի՛ր ինձ, տե՜ր, ոգի փրկության,
Պաշտպանության աջ և օգնության ձեռք,
Բարի հրաման, ողորմության լույս,
Նորոգության խոսք, քավության պատճառ
Եվ կյանքի նեցուկ՝ օգնող գավազան.
Քանզի դու ես հույսն ապավինության, տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյալ՝ հորդ հետ, սուրբ Հոգովդ, ընդմիշտ,
Հավիտյաններից հավիտյանս. ամեն։