Բան ԾԶ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Իմ դժոխարմատ մահառիթ ծառի պտուղները դառն,
Որոնք ընտանի թշնամիներ են,
Հակառակորդներ մոտ ու հարազատ,
Դավաճան որդիք,
Ստորև պիտի նշեմ մեկ առ մեկ իրենց անունով.
Ահա և դրանք.
Միտք նանրախորհուրդ, բերան չարախոս,
Տարփահայաց աչք, ականջ թյուրալուր,
Մահաձիգ ձեռքեր, երիկամ անթոր,
Մոլորուղի ոտք, աներկյուղ ընթացք, խոտոր ճանապարհ,
Ծխախառն շունչ, երթ խավարային,
Քարազանգված լյարդ, հեղհեղուկ մտքեր,
Անհաստատուն կամք, չարիք անփոփոխ,
Բարեմասնություն, խախտված հիմնովին,
Տարագիր հոգի, վաճառված ավանդ,
Վիրավոր գազան, նետահար թռչուն,
Փախչող գահավեժ, բռնված հանցապարտ, ծովահեղձիկ հեն,
Անպատրաստ մարտիկ, նենգավոր զինվոր,
Ցոփ սպառազեն, թուլամորթ մշակ,
Անսիրտ աղոթիչ, ստոր բեմական,
Անխունկ քահանա, անձիր վարդապետ,
Կշտամբված դպիր, ցնդած իմաստակ, բռի ճարտասան,
Լպիրշ կերպարանք ու անպատկառ դեմք,
Անամոթ երես, անմարդկային տիպ,
Ծանակելի գեղ, անհրապույր գույն,
Փչացած խորտիկ, զազրաթորմի համ,
Գաղձախեղդ այգի, որդնահարված որթ,
Ուտիճակեր հասկ, փշաբեր պարտեզ,
Մեղր, որ դարձել է մկներին ճարակ,
Անպաշտպան անկյալ, սնապարծ անհույս,
Անճար նզովյալ, անհաշտ բաժանված,
Դատարկ շաղակրատ, հավամիտ գոռոզ,
Գազան ապիրատ, դժնդակ ագահ,
Սանձազերծ լկտի, մոլագար դժխեմ, գռփող մարդասպան,
Որոմ ու տատասկ ցանող երկրագործ,
Հեգ երջանկություն, մեծություն սմքած,
Բարեզարդություն՝ զրկված պերճանքից,
Տկարացած ուժ, ընկած բարձրություն,
Փառավորություն՝ արված ոտնակոխ,
Անդուլ զանցառու, ինքնակամ գայթող,
Նենգ խորհրդակից, կամակոր տնտես,
Գժտված բարեկամ, գողամիտ հսկիչ,
Մերձավոր կծծի, ժլատ բաշխատուր, գծուծ տնօրեն,
Ըղձանքներ անսեր, սիրտ անկարեկից,
Ամենատյաց բարք, աղիքներ անգութ,
Անխոհեմ ընթացք, անարգ դիպվածներ,
Հոռի գաղտնիքներ, ծածկություններ պիղծ,
Զեխ վաճառական, շվայտ շահարար,
Արբշիռ պաշտոնյա, խարդախ գանձապետ,
Բանսարկու դեսպան, դռնապան քնկոտ,
Աղքատ հպարտ ու ճղճիմ մեծատուն,
Ժանտ ատենապետ, մատնիչ պահապան, չարախոս դրկից,
Անհաս սուրհանդակ, մեղապարտ բանբեր,
Առաքյալ սադրիչ ու խռովարար, թանձրամիտ միջնորդ,
Տարագիր արքա, անարգ թագավոր, կայսր հոգեկործան,
Տիրադավ իշխան, զորավար զրկող,
Խտրող դատավոր, անաշխատ ռամիկ,
Նախատողի ծաղր, բարեկամի ողբ,
Գրողի պարսավ, հանդիմանողի ամբաստանություն։
Կար ժամանակ, որ կրում էի ես
Շատերն այդ վսեմ հորջորջումներից,
Իսկ հետո վատթար որակումներին
Աստիճանաբար արժանի դարձա.
Այնքա՜ն բազմադեպ ապականարար այդ չարիքների
Մի մասից, իրոք, խաբվեցի որպես հիմար ու անգետ,
Իսկ մյուսներին իմ տկարությամբ հպատակվեցի՝
Կամովին ինքս ինձ մատնելով մահվան։
Բ
Քեզ ատելի ու ինձ կորստաբեր
Վերոգրյալի ո՞ր մասը արդյոք
Ընծայեմ ի սպաս քո պաշտամունքին,
Որպիսինե՞րը ներկայացնեմ
Քո ամենասուրբ մեծության առաջ
Ամփոփարանս ապականության,
Եվ կամ դու ինչպե՞ս, ի՞նչ համբերությամբ
Այդքան մեղքերս պիտի հանդուրժես,
Ներես ու լռես կամ լսես նույնիսկ,
Չենթարկես մահվան արժանավորիս գանակոծության։
Սակայն աննշույլ մթամածության
Խավարով պատած այս հոգիներին
Քո ողորմության լույսո՛վ ընդունիր՝
Նրանց բուժելու, կենագործելու, քավելու համար,
Ո՜վ դու զորություն անվթարելի,
Քեզ փառատրությո՜ւն հավիտյանս. ամեն։