Բան ԾԵ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Հոգուս թևերով ճախրեցի երկար,
Շրջեցի մարդկանց անթիվ-անհամար սերունդների մեջ,
Կշռադատելով, սակայն, մտովին՝
Չգտա մեկին իմ չափ հանցավոր.
Ուստի և խոսքն այս դավթյան սաղմոսի
Արած դառնաշունչ կշտամբանքի երգ՝
Գավազանավոր գործավարի պես
Ինքս ինձ անխնա պիտի մտրակեմ.
«Ո՞վ կկարենա հավասարվել ինձ
Անօրենությամբ ու չարիքներով»։
Վկայում եմ ես, հաստում կրկնակի,
Որ դա իմ հանդեպ հավաստվեց, իրոք, ու ճշմարտացավ.
Այդ պատճառով էլ անձամբ ավելի
Արդարացի եմ համարում միայն ինքս խիստ տուժել,
Քան դատապարտել իզուր շատերին.
Այսպիսով, իմ դեմ մեղանչողներին ներելուս համար՝
Թերևս դու էլ ինձ ներում շնորհես։
Բ
Այժմ այստեղ քեզ ավելի հաճո ի՞նչ աղերսանքներ,
Ի՞նչ ընդունելի ու անուշաբույր
Խնկի ծխումներ պիտի մատուցեմ,
Եթե ոչ խնդրել, որ օրհնես ինձնից անիծվածներին,
Որ բանտվածներին կապանքից փրկես,
Դատապարտներին տաս ազատություն,
Նզովվածներին բարիքներ գործես,
Անարգվածներին զուգես պսակով,
Սրտաբեկների վշտերն ամոքես,
Խորտակվածներին հասնես օգնության,
Վախվորածներին թևիդ տակ առնես,
Հովանավորես խարդախվածներին,
Ինչպես և մարմնով վիրավորներին բժշկես հոգով։
Եթե օրհնության խոսքով մոտենամ, կլսես, գթա՜ծ,
Եթե անեծքով՝ բնավ չընդունես։
Գ
Ես տառապյալս ամենաթշվառ
Մատյանիս վերջին մաղթանքների մեջ
Բովանդակ սրտով ներեցի իմ դեմ մեղանչողներին,
Քանի որ ինքդ հենց արգելեցիր
Դժխեմ անեծքի իղձը չարաշուք,
Եվ նենգողներին իմ դժնաբարո
Խղճահարվելով, բարիների հետ,
Մաղթեցի սրտանց գտնել հաշտություն,
Որոնց համար և ահա ծնրադիր պաղատում եմ քեզ,
Հապա դու ինքդ, ըստ քո մեծության,
Որչա՜փ ավելի, ինձ ձեռք մեկնելով,
Պիտի ողորմես, գովյա՜լ հոգածու,
Կենդանությունդ՝ մահկանացուիս,
Հզորդ՝ անզորիս, ամենակալդ՝ խեղճիս վարանած,
Եվ իմաստության ակն ու աղբյուրդ՝ թմրած հիմարիս։
Քանզի մի անփորձ, մթան անընտել ջրասույզի պես,
Սաստիկ մոլորված, չզգալով՝ ընկա ծուղակը մահվան.
Չկռահեցի կորուստը պահված,
Անգիտակ եղա որոգայթներին,
Չնկատեցի որսի ծածկանենգ մեքենաները,
Գայթակղվեցի խաբուսիկ տեսքով կեղծավոր վարմի,
Չնշմարեցի գայթ ու թակարդներն ինձ շրջափակող,
Չշոշափեցի պաշարող ցանցարկն իր կարթերի հետ,
Եվ չարիքները վրա հասան ինձ,
Ըստ սաղմոսողի, ու ես ճանաչել չկարողացա։
Դ
Ինչպես այլազգի մի իմաստասեր
Մահն համարում է մեծագույն չարիք,
Եթե իսկապես իմաստավորված, գիտակցված չէ այն,
Ես էլ իմ խոսքով նույնն եմ հաստատում.
Քանզի անզգա ու պաճարամիտ անասունի պես
Մեռնում ենք իզուր՝ ու չենք զարհուրում,
Կորչում ենք՝ ու չենք սոսկում ապշահար,
Չենք երկյուղում, երբ հողն ենք իջնելու,
Տարագրվում ենք՝ ու չենք տագնապում,
Եղծվում ենք՝ ու չենք ստրջում բնավ,
Մաշվում ենք՝ ու չենք մտառում նույնիսկ,
Հատնում ենք անհոգ, անփույթ, անտարբեր,
Գնում ենք անդարձ՝ ու չենք սթափվում,
Գերեվարվում՝ ու չենք էլ զգում այդ։
Ե
Իսկ երանելի Հոբն համարում է մարդուս մահն հանգիստ.
Համաձայնեի թերևս սրբի հետ,
Եթե մահացու գործերի բեռը տաժանալլուկ
Այսպես ծանրացած չլիներ վրաս.
Մանավանդ վարմն ու որոգայթները գաղտնի են, ծածուկ,
Իսկ հնարադիրն՝ աննկատելի,
Ներկան անգո է, անցյալն՝ անորոշ, գալիքն՝ անստույգ,
Ես անհամբեր եմ, իսկ բնությունն իմ՝ տարտամ, թերհավատ,
Ոտքերս՝ անհաստատ, մտքերս էլ՝ ցնդած,
Կրքերս՝ բռնավոր, բարքս՝ անժուժկալ,
Մարմինս համակ մեղք է մակարդված, կամքս՝ երկրասեր,
Հակամարտությունն էակից է ինձ, խառնվածքս՝ ներհակ,
Բնակարանս կավեղեն է, իսկ անձրևներն՝ ուժգին,
Անթվելի են կարիքները իմ,
Պատահարներն էլ՝ ամենագրավ,
Միտքս՝ չարամետ, տենչերս՝ բարյատյաց,
Կյանքս՝ կարճօրյա, զվարճություններս՝ աննշան, չնչին,
Խաբվում եմ անվերջ հիմարի նման,
Խաղում են վրաս, ինչպես մանկական խաղալիքի հետ,
Աշխատությունս է իզուր, ընդունայն,
Վայելմունքներս՝ փուչ, երազային,
Ամբարներս լոկ ոչնչով են լի, պահեստներս՝ հողմով,
Ինքս դարձել եմ ստվերանման,
Իսկ կերպարանքս՝ եղկ ու ծաղրելի։
Քանզի, Պողոսի խոսքի համաձայն,
Երբ պատվիրանը եկավ հասավ ինձ,
Անպատրաստ գտավ լիովին իրեն.
Մեղքերն իմ իսկույն հարություն առան՝
Հանդիմանվելով արդարությունից.
Այնժամ մահացա ես կյանքի համար
Եվ կենդանացա կորստյան համար։
Զ
Գողացան չարի հորդաներն օտար
Սրտիս ու մտքիս գանձերն համորեն,
Համաձայն Գրքի կանխաբանության,
Որից և իսկույն նվազեց իմ մեջ
Իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելացավ հակումն անբարու։
Հոգուս աչքերը չհառեցի ես
Իմ կյանքի գլուխ սուրբ Քրիստոսին,
Որ ընթանայի ճիշտ ճանապարհով։
Կամելով գնալ ավելի ուժգին՝ թաղվեցի սաստիկ,
Անչափին միտված՝ իմին չհասա,
Բարձրագույններին ձգտելով անդուլ՝
Նախկին տեղիցս էլ գահավիժեցի,
Երկնային ուղուց անդունդներ ընկա,
Որքան ավելի շատ զգուշացա,
Այնքան ավելի վնաս կրեցի,
Ջանալով պահվել անեղծ, անխաթար՝
Ավերակվեցի դառն ու մանրապես,
Մաքառել նաև ձախ կողմի վրա՝ գայթեցի աջով,
Նորը ձեռք բերել՝ նախկինն էլ կորցրի,
Չքոտիների ետևից ընկած՝
Կարևորներից զրկվեցի հավետ,
Մինչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի,
Կտրվել հոռի մոլություններից՝
Գտա առավել կորստաբերներ,
Փոքրերից փախած՝ մատնվեցի ձեռքը մեծամեծերի.
Ինչ որ ես ինքս ստեղծել էի,
Չարաչար ոսոխ դարձրի իմ դեմ։
Արդ, այս բոլորից՝ մատնված գերուս
Լոկ դու կարող ես ազատել, փրկել՝
Մահվան ընծայված հոգին իմ կյանքին վերադարձնելով,
Քանզի, տե՜ր Հիսուս, դու ես ճանաչվում միայն բարերար,
Անսահման փառքով օրհներգված քո հոր ու սուրբ Հոգուդ հետ՝
Հավիտյաններից հավիտյանս. ամեն։