Բան ԾԴ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Ողորմությունդ է հույսը բոլորի,
Սկզբնալո՜ւյսդ աչքի, սրտի ու մտքի տեսության,
Հիսո՜ւս, զի դու ես լոկ բարերարում,
Դու ես պարգևում կյանք, անմահություն։
Գթությամբ դարձի՛ր ինձ, որ պատրաստես
Իմ դարձը առ քեզ՝ կրկնակ բերկրությամբ.
Զի առանց կամքիդ անկարող եմ ես վերանորոգվել.
Թե մահապարտիս գթալ չուզենաս, փրկվել չեմ կարող.
Կառավարդ՝ եթե դեպի քեզ բերող
Ուղիս չհարթես ու չհարդարես,
Աջից ու ձախից ինձ կկլանեն վիհերը խորունկ։
Բ
Չեմ պարծենում ես, որ ամեն ինչով նախատված եմ միշտ,
Եվ անարգվածս չեմ հպարտանում,
Հուսալքվածս չեմ խրոխտանում,
Պապանձվածս էլ չեմ մեծաբանում,
Խայտառակվածս չեմ ըմբոստանում,
Թշվառականս չեմ երջանկանում
Եվ ամբարիշտս չեմ արդարանում։
Ինչպես որ առանց սանձակալի ձին
Անխոտոր, անգայթ չի գնա երբեք,
Եվ աննավավար նավն ալիքներով չի սուրա առաջ,
Ինչպես արորը առանց մաճկալի
Հերկ չի կատարի հավասարապես,
Ամոլի զույգերն առանց հոտաղի
Չեն ընթացակցի հաշտ ու համաքայլ,
Ինչպես ամպերը չեն չվում բնավ առանց հողմերի,
Եվ անժամանակ չեն ցնդում աստղերն ու չեն գումարվում,
Արեգակն առանց օդի տարրեղեն
Շրջանապտույտն իր չի բոլորում,
Այնպես էլ և ես առանց ակնարկող հրամաններիդ
Ոչ մի բան անել չեմ կարող երբեք։
Դու ես կյանք տալիս բանականներին,
Արարածների փոփոխման կարգը նախախնամում,
Եվ քեզանից է իմ փրկությունը, ըստ սաղմոսողի.
Ձայնում ես բոլոր հասակի մարդկանց ականջին ի լուր՝
Կանչդ խնդալի ավետաբարբառ.
«Հոգնատանջներդ ամենայն եկե՛ք հանգիստն իմ, և ես
Կմաքրագործեմ ձեզ հանցանքներից»։
Գ
Սակայն ի՞նչ օգուտ ինձ լվացումից,
Եթե կրկնակի պիտի զազրանամ,
Կամ ճաշակումն ինձ ի՞նչ շահ պիտի տա,
Եթե գեհենին պիտի մատնվեմ։
Ինչպե՞ս պարծենամ ես Աբրահամով,
Երբ խորթացել եմ նրա գործերից,
Գարշելի որդիս ամովրհացի հոր
Եվ մոր՝ քետացի կամ քանանացի,
Ըստ մարգարեի խոսքի, որն, իրոք, ինձ է պատշաճում.
Մերժելի ժառանգս, եթովպացի,
Եվ ոչ Սառայի արգանդի ծնունդ,
Ըստ տեսնողի՝ ինձ պատշաճ առածի.
Եղբայրս Շամրինի և կամ Գոմորի,
Համբակս անլվա ու անաղելի, վիժված խակակութ՝
Պորտից Ոողի, Ողողիբայի,
Ըստ Եզեկիելի կրկնանախատիչ ամբաստանության։
Դ
Ինչպես մեկը, որ սաստիկ հողմակոծ,
Բազմավտանգ ու ալեծուփ ծովում
Ծեծկված, չարչրկված, լլկված ուժգնորեն՝
Քշվում ընկնում է հոսանքների մեջ վայրենահեղեղ,
Ուր տագնապահար մատները ձեռքի
Ձգում է տարտամ այս կողմ ու այն կողմ,
Զերթ գարնանազայր գետերի բռնի հոսանքով մղված՝
Տարվում է, սակայն, ակամա վազքով ու թավալգլոր
Եվ խառնախռիվ, մամռոտ, տղմախառն,
Գարշահոտ, պղտոր ջրեր կուլ տալով,
Իսպառ շնչասպառ, գալարքով մահվան՝
Ի վերջո խեղդվում հորձանքների մեջ խորասուզվելով,—
Ճիշտ այդպիսին եմ և ես՝ եղկելիս։
Խոսում են ինձ հետ, և չեմ իմանում,
Գոչում են, սակայն չեմ լսում ոչինչ,
Ձայն են տալիս ինձ, և չեմ արթնանում,
Կանչում են, սակայն չեմ շարժվում տեղից,
Փողհարում են, և չեմ ելնում մարտի,
Վիրավորվում եմ նույնիսկ՝ չեմ զգում։
Զազիր կուռքերի նման թափուր եմ
Բարի մտքերի ներգործությունից,
Բայց իսկությունը եղուկ պատկերիս
Այս օրինակից շատ ավելի չար,
Ատելի է ու մեղադրելի
Եվ Քրիստոսի ատյանին արժան։
Ե
Քանզի ընկնելով անդարձ ճանապարհ՝
Ընթերցողներին կտակն այս պիտի
Թողնեմ հիշատակ երկրային պարտքիս,
Որ իմ խոսքերով հանապազորեն դիմեն Աստծուն,
Թող որ մնա այս որպես ողբարկու
Խոստովանության մի ընդունելի
Մշտնջենական ավանդ քո առաջ, ո՜վ ամենակալ,
Որպեսզի գիրը՝ մարմնիս, իսկ խոսքը՝ հոգուս փոխարեն՝
Անսահմանելուդ անվերջ թախանձեն,
Եվ դու ընդունի՛ր իմ ձայնով հյուսված աղերսանքներն այս՝
Իբրև կենդանի, անմահ մաղթողից,
Բարեգո՜ւթ, հոգած, մարդասեր, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։