Բան ԾԳ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Տե՜ր, տեր զորության,
Թագավոր բոլոր գոյությունների,
Օրհնաբանյալդ ողորմածությամբ,
Մեծությանդ հանդեպ փոքր են ու չնչին
Սահմաններն համայն ամենատարած ընդարձակությամբ.
Դու ես ամենայն անբավության չափ ու որքանություն.
Չկա քեզ համար անհնար ոչինչ,
Ո՜վ ամենահաղթ զորություն ահեղ,
Այնքան որ կարծրը հոսանուտ է քեզ, իսկ հեղուկը՝ պինդ,
Կրակն ամեհի՝ ցող է զովասուն,
Իսկ անձրևը՝ բոց կիզանողական։
Քարին կարող ես դու տալ կերպարանք ու օժտել կյանքով,
Իսկ բանականին վերածել անշունչ, անխոս արձանի.
Մեղապարտին, որ ողոքում է քեզ, դարձնել պատվական
Եվ դատապարտել, արդար քննությամբ, կարծեցյալ սրբին.
Մահվան մատնվածին արձակել ազատ՝ բարի բերկրությամբ
Եվ զվարթությամբ օծել երեսը ամոթահարի.
Ծուղակն ընկածին վեր հանել նորեն
Եվ սասանվածին ապահովաբար հաստատել վեմին.
Ախտաժետվածին, թշվառ, բազմահեծ, դարձնել երջանիկ,
Իսկ բարձրացածին ետ մղել դարձյալ։
Երբ սպառվում են բարիքները մեր,
Այնժամ ավելի մեծ հրաշքներ ես սքանչագործում,
Քանզի գիտես մեր մեղքերը ներել,
Ջնջել պարտքերը անօրենության,
Քավել ամենայն անիրավություն,
Հանցանքները մեր չհիշատակել։
Բ
Գոհաբանությամբ հետևելով նոր
Փրկագործության այս շնորհներին,
Տեսնելով նրանց բազմությունն անբավ՝
Լռեցի իսկույն ու պապանձվեցի.
Սակայն հիշելով վերստին լույսիդ բարիքներն անհատ,
Պարգևված քեզնից համառ թշվառիս,
Քո աղերսով քեզ պիտի պաղատեմ՝
Ողբամատյանն այս լցնելով դարձյալ
Դառնագին վիշտ ու հեծեծանքներով։
Բայց, շնորհատվիդ ի հաճույս, պիտի
Առնելով խառնեմ ցավերիս հետ՝ դեղ,
Վհատության հետ՝ քաջալերություն,
Անհուսության հետ՝ հիշատակն անեղծ հաստողիդ անվան,
Վիշտ ու թախծի հետ՝ սփոփանքը քո,
Իմ դառնության հետ՝ քաղցրությունն օրհնյալ կենդանարարիդ,
Օրենքի պատժին՝ շնորհներդ անճառ,
Անեծքների հետ՝ օրհնանքդ փրկիչ ու ազատաբեր,
Մարմնական մահվան՝ նորոգությունդ կատարելագործ։
Գ
Հավատում եմ ես հզորիդ խոսքին ու հաստատում այն.
Լսի՛ր, տե՜ր Հիսուս, լռության սրտիս,
Որ մեծահառաչ ու երկարագոչ հնչումն է առ քեզ։
Ինքդ դառնալով մեզ համամարմին ու պատկերակից,
Անօրինակ մի քահանայապետ,
Խորտակելով լուծն հին օրինակի,
Անասունների զոհման փոխարեն՝
Բարեբանյալ քո մարմնի նվիրմամբ
Պատարագվում ես միշտ անմահապես,
Աննվազաբար բաշխում քավություն
Ոչ միայն սակավ մեղանչողներին,
Այլ նաև նրանց, որոնք կորցրել են հույսը փրկության։
Արդ, մեղքերն ի՞նչ ուժ պիտի ունենան
Եվ ի՞նչ կարող են անել մեր մարմնին,
Եթե մինչևիսկ գոյատևելու
Լինեն նրա մեջ հազարամյակներ,
Երբ դրա համար Աստվածդ համայնի
Կամավորապես ու սիրահոժար
Զոհումն հանձն առած, մահն հանդուրժելով՝
Պատարագվում ես անվերջ ամեն օր՝ մեզ ի քավություն
Եվ ի հաշտություն բարձրյալ հորդ հետ,
Ըստ որում ոչ թե որպես մահապարտ, աղբյո՜ւր մաքրության,
Այլ կամա՝ Հոգուդ գործակցությամբ ու հաճությամբ քո հոր։
Եվ այսպես, անհաս Աստվածդ համայնի,
Իմ բնությամբ ու կերպարանքով՝ իմ քավության համար,
Այնպես որ կարծես ես լինեմ մարմնով
Միավորված քեզ, քո էության հետ,
Իմ պիղծ անունով դարձած հանցավոր,
Վնասապարտիս պատիժներն համակ հանձն առած վրադ,
Ասես կամովին ինքս կրեի
Տանջանքները քո՝ մեծիդ փոխարեն,—
Անմեղապարտդ մահ ընդունելով՝
Բազմիցս մեռնում, բայց կենդանի ես մնում հանապազ.
Սակայն դու ոչ թե ուրացողների,
Այլ քեզ դավանող մարդկանց ձեռքով ես
Նվիրաբերվում միշտ աստվածորեն՝
Բաշխվելով անհատ, անբավ մասերի։
Դ
Ոմն աղոթավոր, որ չաստվածների
Պաշտոնատար էր եղել նախկինում,
Չկշռադատված ինչ-որ կարծիք էր հայտնում այս մասին՝
Իր անձի համար հույժ կասկածելի հուսադրությամբ.
«Հավատում եմ ես այս անցողական մարմնիս վախճանին
Ստանալու փառք ու երջանկություն,
Ոչ թե ուղղելով ընթացքն իմ թշվառ,
Արդարությամբ կամ մարտիրոսությամբ, այլ սուրբ խորհրդով»։
Բայց նկատեցի, որ համոզված էր ինքն հաստատապես,
Թե մաքուրներն իսկ առանց նվիրման անճառ խորհրդի,
Առանց խառնվելու հոգով այդ վսեմ հիշատակի հետ,
Չեն կարող լինել իսպառ կատարյալ։
Ապա ասելով, թե «մեղավորիս
Համար կրկնապես դու մատուցվեցիր»,
Հույս էր տածում, թե իբր «ճշտորեն իմ եսը եղար,
Ընդունելով քո համեղության տեղ դառնությունը իմ,
Պատարագվեցիր շաղված քոյանյութ
Մարմնով իսկ՝ կյանքի լույսի նշխարով»։
Այսպիսով, քանզի վերնատանը նա
Իր նախանվեր շնորհաբաշխման ժամանակ, իբրև
Մեր անբուժելի ախտերին դարման,
Իր մարմինն ու իր արյունը բաշխեց՝ մեզ ի քավություն,
Ուստի և, ահա, հաղորդությունն այս
Սա վեր է դասում նահատակների
Արյամբ կատարած վկայությունից,
Հավատացնելով, որ այս փրկանքով
Ավելի ստույգ կկարողանա
Հասնել պատվի ու տիրանալ փառքի,
Քան թե քավությամբ, շնորհաբաշխմամբ ու ողորմությամբ,
Այնքանով, որքան աստվածայինն է զորավոր մարդուց,
Աստվածախառն տիրական մարմնի
Նվիրաբերումն ինքնակամորեն՝
Մատուցումներից անասնասպանդ,
Անմահն ինքնակա՝ մահկանացուից,
Ստվերայինից՝ լույսը երկնավոր,
Հավերժականը՝ անցողականից,
Բարձրյալն՝ երկրայնից, եղականից՝ Էն,
Իսկությամբ բարին՝ թյուրից բնությամբ.
Մանավանդ որ ինքն է տնօրինում
Ե՛վ կամենալուն, և՛ կենագործման,
Իսկ ինքն առիթ է օրհնության, ոչ թե պատճառ անեծքի։
Ե
Աղաչում եմ քեզ, տո՛ւր երկնաշնորհ կենաց դեղը քո
Հոգով ու սրտով խոցվածիս, գթա՜ծ.
Քաղցրությա՛մբ նայիր մեղքերով իսպառ ախտաժետվածիս.
Քավի՛ր պարտքերից, ամենակատա՜ր բավականություն։
Իսկ իմ կողմից ես կարող եմ միայն
Ճշմարիտ, անխաբ այն միտքն հավաստել,
Որ բնակվում ես հաստիչդ համայնի սրբերի մեջ լոկ.
Ճիշտ է նաև այն, թե՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես,
Պողոսի անսուտ խոսքի համաձայն,
Եվ աչքացավով հիվանդը երբեք
Չի կարող բերկրել արևի տապով։
Բայց դու, բարերա՜ր, հաստիչդ անէից,
Կյանք տալու համար բավարարվում ես
Մինչևիսկ միայն քեզ դավանելով։
Օրենքներով չես սահմանափակված,
Եվ նրանից վեր լինելով՝ նույնիսկ
Կարող ես քանդել կապանքն օրենքի՝
Ինքդ մնալով ավետյաց միակ պայման ու խոստում
Բոլոր վարանած հանցավորներին։
Եվ քեզ Հորդ ու Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք
Ու իշխանություն հավիտյանս. ամեն։