Բան ԽԹ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Անօրենություն թող որ չտիրի

Մեծիդ երկնային թագավորության

Կայսերական իմ պատկերին, Աստվա՜ծ, ո՜վ լույս բոլորի.

Թող չկողոպտի գոռոզն ապստամբ

Շնորհիդ զարդն իմ կերպարանքից, որ դու ստեղծեցիր.

Մահացու մարմնիս չթագավորի մեղքը խափանված՝

Գրավելով ինձ իր ծուղակի մեջ։

Քեզանից բացի չունեմ, Քրիստո՜ս,

Իմ շնչին իշխող մի այլ թագավոր,

Դու ես միմիայն, որ անբռնադատ

Հնազանդում ես ինձ քաղցր լծիդ,

Ամենակարող խոսքովդ ցրում կրքերս հանցապարտ,

Որ ստացար ինձ քո արյամբ, մարմնովդ կերակրեցիր

Եվ սահմանեցիր կյանքի հաստատուն ու անխափան ուխտ.

Հոգովդ ինձ կնքած՝ քեզ կցորդելով՝

Հանձնեցիր հորդ ժառանգակցապես.

Որ հիշատակով չարչարանքներիդ

Եվ մշտամատույց զոհիդ անունով՝

Համարձակություն տվիր աղոթել նույն բարերարին,

Ո՜վ ամենայնի ստեղծիչ ու կյանք։

Ողջ հոգիների Աստվածն ես դու, որ

Շնորհատրումն այս շատ ավելի մեծ համարեցիր,

Քան հրաշափառ գործերդ բոլոր.

Ո՛չ երկինքը իր զարդերով համայն

Եվ պայծառությամբ հրեշտակների,

Ո՛չ երկիրն ամբողջ մարդկությամբ հանդերձ

Եվ զարմանասքանչ գործերով սրանց,

Ո՛չ անծայրածիր ծովն իր բովանդակ արարածներով,

Ո՛չ անդունդները՝ խորքերում փակված ողջ անբավությամբ,—

Այո՛, ոչ այնքան այս բոլորի վեհ

Արարչությամբ էր, որ դու բարձրացար,

Որքան իմ հանդեպ գութ ու կարեկցանք ցուցաբերելով,

Երբ մարգարեի բերնով ասացիր,

Քաղցր հույսերի բարեշնո՜րհ տեր.

«Ո՞վ կա ինձ նման մի աստված, որ միշտ

Կարող է ներել մեղքերը մարդկանց

Եվ ջնջել ամեն անօրենություն»։

Խնկյալ են ահա խոսքերդ, ողորմա՜ծ,

Եվ խոստովանված՝ բարությունը քո,

Փառավորված են խորհուրդներդ խորին,

Եվ երկրպագված՝ շնորհներդ զեղուն։

Բ

Արդարև, ոչ ոք արարածներից

Նյութական լեզվով չի կարող մեկնել

Չնչին մի մասնիկն իսկ քո գթության,

Որ իմ նկատմամբ ցուցաբերեցիր.

Քանզի, իսկապես, ավելի մեծ է զորությունը այն,

Որ հնացածն է կրկին նորոգում,

Ըստ առաջնային իր պայծառության,

Քան ստեղծողը անգոյությունից։

Արդ, քանզի չունես դու տկարություն

Եվ զորություն ես ըստ ամենայնի,

Որիդ մի խոսքն իսկ բավական է, որ

Ամեն գործ հասնի կատարյալ լրման,—

Հառնի՛ր, ուրեմն, հառնի՛ր, բարեգո՜րծ,

Փառավորվելու իմ անհուսալի փրկագործությամբ,

Որպեսզի ուխտիդ հավաստմամբ, իրոք,

Հաստատվի ձայնը քո օրհնաբանված ու ավետավոր,

Բարեհռչակված առավելապես

Քավության շնորհ ցուցաբերելով

Եվ ուղերձելով ողորմության լույս, քան արարչությամբ։

Զի եթե մեկով ստեղծիչ ես դու միայն ճանաչվում,

Ապա մյուսով՝ նախորդ կոչման հետ՝ և երախտավոր.

Ոչ միայն կերտող, այլ նաև քավիչ,

Բարերարման հետ՝ նաև նորոգող,

Ոչ միայն հաստող, այլև ողորմած,

Կազմելու հետ՝ և ամենահնար,

Հորինելու հետ՝ և հեզաբարո,

Կերպավորման հետ՝ և ամենազոր,

Առաջնորդությամբ հանդերձ՝ նաև լույս,

Խնամարկության հետ՝ նաև հովիվ,

Ոչ միայն բժիշկ, այլև հոգածու,

Ձեռնկալությամբ հանդերձ՝ զորավար,

Անպարտության հետ՝ նաև թագավոր,

Արարչության հետ՝ և բարեհամբույր,

Ամենաշնորհ պարգևմամբ հանդերձ՝ և առատաբուխ,

Ոչ միայն լսող, այլև բարեմիտ,

Չբարկանալու հետ՝ անոխակալ,

Կարեկցության ու վշտակցության հետ՝ նաև ծածկագետ,

Ոչ միայն գթած ու խնամարկու, այլև ապավեն,

Անճառ գորովով հանդերձ՝ և Աստված,

Անհատ բարությամբ հանդերձ՝ և օրհնյալ ըստ ամենայնի։

Գ

Չկայի բնավ, ինքդ ստեղծեցիր

Եվ ճանաչվեցիր ինձ գոյացուցիչ,

Այժմ էլ, ուրեմն, հարդարի՛ր նորեն

Հոգին մաղթողիս, տաղավար մարմնով,

Գոյացության իր նախնական մաքուր

Ու ամենասուրբ անարատությամբ,

Որպեսզի, գթա՜ծ, նորոգ ներկայիս՝

Քո հրաշքների անսահմանելի պարգևները ճոխ

Աճեն բազմանան ավելի պայծառ,

Քան ստվերական հներն անցյալի։

Երբ որ թվարկեմ հանցանքներս անբավ,

Որքան որ զորեն թևերը մտքիս,

Թող արդարանամ հանուն քո, հզո՜ր.

Անձիս բծերը ինքնակամորեն

Պատմելու համար՝ խոստովանողիս

Ների՛ր ամբարիշտ մեղքերը բազում,

Հզո՜ր, ծածկատես, ամենափրկիչ,

Որ չլինի՛ թե ավետումների

Այս բազմազեղուն առատության մեջ

Հնին կարոտեմ՝ երանի տալով,

Սաղմոսի խոսքի համաձայն, նրանց,

Որ մկրտությամբ գտան փրկություն։

Այժմ, երբ հոգիս խոցոտված է խոր մեղքի փշերով,

Դու էլ վերստին ձեռքդ ուժգնորեն մի՛ մխիր իմ մեջ՝

Ավելի ևս ծանրացնելով բեռը պարտքերիս,

Քան քաղցրությունն է շնորհների քո.

Աղաչում եմ քեզ, տե՜ր ամենայնի,

Ազատի՛ր, փրկի՛ր օրհնյալ սուրբ Հոգովդ

Մեղքի ու մահվան այս օրենքից ինձ։

Քա՜վ լիցի, լույսը քո ճշմարտության

Չի տկարանա հին օրենքի պես.

Զի ուր քավությունն է թագավորում, մեղքն է վտարված,

Խրախույսներով կենարար խոսքիդ

Ցնդում է ամեն հուսահատություն,

Որտեղ հասնում են շնորհները քո, պարտքն է հալածված,

Աստծուդ ձեռքի մերձավորությամբ

Չի կարող լինել անհնարություն,

Այլ ամենասփյուռ լուսավորություն, զորություն համակ

Եվ կարողություն, ուժ անպարտելի։

Քոնն են փրկություն ու կենդանություն,

Նորոգություն և ողորմածություն,

Այլև քաղցրություն, միաժամանակ,

Արքայություն և անեղծություն, փա՜ռք հավիտյանս. ամեն։