Բան ԽԶ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Հավիտենական մոլորյալ եմ մի ամենապատիժ,

Մշտապես դժնի վայրենաբարո,

Ինքս ինձ անձամբ մահով կշտամբիչ,

Վայրագասուն ու զազիր խոզերի բոլուկ արածող՝

Գարշելի, նվաստ, անարգ մի վարձկան,

Ամայաբնակ ուլերի հորան խնամող հովիվ՝

Հոտարածների վրանների մոտ.

Ըստ «Երգ երգոցի» ինձ պատշաճ խոսքի,

Որ ինքս ինձ բնավ չճանաչեցի,

Չիմացա՝ ումի՞ց, ո՞ւմ պատկերով և ինչո՞ւ գոյացա։

Բ

Ահա քեզ կրող երկու միաբան

Անանջատելի ոտներիդ վրա

Հրեշտակաձև դու կառուցվեցիր,

Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,

Ասես թևավոր, թռիչքով միայն

Երկիրն հայրենի դիտես բարձունքից.

Ո՜վ հիմար, հապա ինչո՞ւ կամովին գետնին կորացար

Ու միշտ երկրային հոգսերով տարված՝

Անապատական վայրի ցիռերի կարգը դասվեցիր։

Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ, մարմնիդ պերճ աշտանակին

Բոլորությունը գլխիդ հաստատվեց,

Որպեսզի նրա շնորհիվ երբեք

Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝

Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես։

Դրա հետ նաև ճոխացար պատվով բանականության,

Որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները

Անկաշկանդ լեզվով պատմես բոլորին։

Կրելով գործուն, արվեստող ձեռքեր,

Ճարտար մատներիդ շառավիղներով,

Իբրև գործակից ամենապարգև աջին Աստծո,

Համացեղությամբ՝ աստված կոչվեցիր։

Բաղադրվեցիր դու երեք հարյուր վաթսուն հոդերով,

Ի լրում պատշաճ թվի՝ դրանց հետ

Միավորելով ճանաչողական հինգ զգայարան,

Որ անքննադատ չմնա մտքիդ տեսության կողմից

Քո տեսանելի կազմը նյութեղեն,

Ուր կան անդամներ՝ հաղթ ու զորավոր,

Կան, որ փոքրիկ են, բայց և պիտանի,

Որ կարծրակերտ են, բայց և զգայուն,

Կան, որ գողտրիկ են, ընտիր, պատվական,

Ինչպես նաև կան, որ կարևոր են, բայց ամոթալի։

Իսկ մեկնությունը դրա կգտնես

Նկարված քո մեջ, ա՜նձն իմ եղկելի,

Ինչպես մի անեղծ արձանի վրա.

Ժամանակի տարրն ու տարին կազմող

Իրարահաջորդ թիվը օրերի,

Սահմանված ասես ինչ-որ օրենքով

Մարմնիդ մասերին համապատասխան,

Պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլայլելի։

Գ

Ահա հոգևոր մի այլ օրինակ,

Որ նույնպես քեզնով է մեկնաբանվում՝

Սիրո հոդերով ի մի շաղկապված

Միասնությունը սուրբ եկեղեցու.

Բոլոր մասերը եթե անխտիր,

Վեհը փոքրի հետ որպես համարժեք,

Համահաճորեն չներդաշնակվեն՝ մի լծով կապված,

Խաթարված կլինի Քրիստոսի սուրբ

Անվան շինության ամբողջությունը,

Ինչպես որ, ասենք, մարմնի որևէ

Անդամը թեկուզ աննշան, չնչին,

Եթե կտրվի, պակասի հանկարծ,

Կաղճատվի ամբողջ կազմվածքը մարմնի,

Որն զգայական սենյակն է մարդու,

Եվ բուն կերպարը կենթարկվի անկարգ մի փոփոխության։

Ահա այսպիսի, ինչպես և բազում

Այլ անզուգական հրաշակերտմամբ՝

Եղական պատկերն ես դու Աստծո,

Ո՜վ անձդ իմ գերի, իսպառ կշտամբված.

Ճիշտ է, առաջին նմանությունից,

Կյանքի դրախտում մեղանչելով սուրբ

Պատվիրանի դեմ, դու կողոպտվեցիր,

Բայց ավազանի լույս շնորհներով՝

Ոգու փչման հետ չէ՛ որ ստացար

Նաև պատկերի նմանությունը։

Դ

Արդ, ինչո՞ւ կորցրիր փառքը երկնային,

Ինչպես երբեմն Եդեմ-դրախտում

Նախաստեղծը այն՝ վիճակն երկրավոր.

Ինչո՞ւ փակեցիր ինքդ քո ձեռքով երկինքը քո դեմ,

Վերելքիդ դուռը կողպեցիր իսպառ.

Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ

Ախտն արցունքների քո տաժանաբուխ.

Ինչո՞ւ լվացված ձորձը ծածկույթիդ

Աղտեղեցիր քո զազիր գործերով.

Ինչո՞ւ մեղքերիդ պատմուճանը, որ մի կողմ էր դրված,

Անառակ վարքով՝ հագար վերստին.

Ինչո՞ւ ժանտերի ճանապարհներով

Ապականեցիր մաքրությունը քեզ կրող ոտքերի.

Ինչպե՞ս վերստին ուխտազանց եղար իրավադատին՝

Մեղանչելով հին պատվիրանի դեմ.

Ինչո՞ւ զրկվեցիր շնորհի պտղից,

Ինչպես Ադամը՝ ծառից կենարար.

Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին

Հավերժությունը անստվեր հույսի.

Ինչպե՞ս օգնեցիր, որ անհամարձակ

Ամոթը սաստիկ ծածկի դեմքը քո.

Ինչպե՞ս զինվեցիր ինքդ ընդդեմ քեզ,

Ո՜վ ընդունարան խելագարության.

Ինչո՞ւ որս դարձար մահվան ծուղակին՝

Թողած արահետն ամենավստահ.

Ինչպե՞ս բռնվեցիր պատրանքի կարթով

Հաղո՜րդդ մարմնին կենդանարարի։

Սակայն դու դարձյալ հուսալով նրան՝ պաղատի՛ր իրեն.

Ապավեն և լույս քավիչ, նորոգիչ,

Փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,

Ողորմած, հոգած, մարդասեր, անոխ,

Բազմագութ, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։