Բան ԽԵ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Բարի հույսն ահա տնկած սրտիդ մեջ, ա՜նձն իմ կործանված,
Եվ ամրապնդած հավատի գոտով
Երիկամներիդ մասերն երկակի՝
Գործարանները տարփա-ցանկական
Մութ խորհուրդների քո կրկնապղտոր,
Խոստովանի՛ր արդ բարերար Աստծուն
Մտքովդ անցածներն՝ իբրև կատարված,
Խորհածներդ՝ իբրև գործված հանցանքներ,
Անտեսներն՝ իբրև արդեն բացահայտ,
Սրտիդ մեջ ծածուկ պահվածներն՝ իբրև բարձր ասվածներ,
Ակնարկներդ՝ իբրև արդյունք մեղքերի,
Շուրթերիդ շարժումն՝ իբրև ավարտված չարագործություն,
Ոտնաքայլերդ՝ ընդվզում Աստծո պատվիրանի դեմ,
Ձեռքերիդ ցասկոտ արձակումն՝ իբրև արյունհեղություն,
Ծիծաղն անխտիր՝ իբրև ինքնակամ լքում շնորհի,
Երդումներն, ի դեպ, թե ի տարադեպ,
Իբրև խաբողի հետ գործակցություն,
Գոռոզությունը՝ իբրև կործանիչ
Սկզբնաստեղծի փառքի, բարձրության,
Սրտնեղությունը՝ թերհավատություն,
Մեղկությունն՝ իբրև պարտություն ամուր, կայուն զորության,
Տրտունջը վշտից՝ իբրև տիրոջ դեմ ուխտազանցություն,
Հեստությունն՝ իբրև թոռ անգթության,
Մեծամտությունն՝ իբրև հոխորտանք
Չքոտիներով՝ ընդդեմ վեհերի,
Հպարտությունը՝ իբրև անձնահաճ
Հարազատություն չարահնարին,
Ակամաները՝ որպես կամավոր,
Բռնադատները՝ որպես ինքնախորժ,
Եկամուտները՝ որպես բնածին,
Չարությունն՝ իբրև անաստվածություն,
Փոքրը՝ իբրև մեծ, սակավը՝ բազում,
Անպատումներն ինձ՝ իբրև պատմվածներ ամենագետին,
Անգրելիներն՝ իբրև տեսնողի աչքերի առաջ
Մագնիսաքարին փորագրվածներ,
Մտքով շատ թեթև համարվածները՝
Իբրև մեծաստվար բեռներ ծանրագույն,
Ծածուկներն՝ իբրև ճշգրիտ չափով լիովին հայտնի՝
Կետի կորյունի բերանից հանված
Չորեքդրամյան սատերի նման,
Իսկ անդնդային գործերը՝ իբրև
Արագ հասածներ ականջին Աստծո։
Այսպես շարունակ կուտակի՛ր, դիզի՛ր
Սրանք կրկնակի հանձնառությամբ ու
Դառը հեծությամբ պատմի՛ր վերստին՝
Չեղածներն իբրև իրողություններ.
Ներկայացրո՛ւ խորտակված անձիդ պարտությունն Աստծուն,
Որ փոխատուից շնորհ ընդունես
Թողությունը քո բազում պարտքերի՝
Այն մեղավորի նման, որին տերն արդարացրեց,
Բարեհռչակեց փառավորապես
Եվ բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը զղջման,
Ոչ թե մեղքերի պարսավանքները։
Բ
Բարդի՛ր ու դիզի՛ր, ա՜նձն իմ հանցապարտ,
Անթիվ կշտամբանք, պարսավ, նախատինք՝
Ամբաստանելով խոսքերով ձաղկիչ ու բազմախթան
Ճահճացեխերը քո բազմապիսի.
Չարություն, գայթանք, անօրենություն,
Պարտություն, փախուստ մարտահանդեսից,
Մոլագարություն, ամբարշտություն, թմբիր, ապշություն,
Արթմնի քուն և ընթանալիս նիրհ,
Մտորումներ խորթ ու օտարոտի, նանրաբանություն,
Հաճություն՝ անվերջ զվարճանալու զազրություններով,
Փափագում Աստծո ատելիների,
Աներկյուղություն, ստահակություն,
Հեղհեղուկություն, թերհավատություն,
Թյուրընթացություն, թուլամորթություն,
Մանրակծծություն, ցոփություն շվայտ,
Խեղկատակություն, աճպարարություն ու ծաղրածություն,
Տարփամոլություն, գայթակղություն,
Քաջություն անդեպ, մարտեր անհարկի,
Արիություններ խոլ ու անհեթեթ,
Հոգու խեղդումներ, երկչոտություններ տատանողական,
Բազմոստյան ճյուղեր, թափուր, անպտուղ,
Անպատկառ քծնանք, լկտի գզվռտուկ,
Գժտություններ ու գժդմնություններ,
Ատելություններ անմիտ, անիրավ,
Հրապուրանքներ պատրական, դյուրորս,
Փոքրոգություններ, ճղճիմ, անկշիռ,
Դրժումներ խոստման, ուխտազանցություն,
Այլակերպություն յուր նմաններից,
Կեղծավորությամբ ինքնաքողարկում,
Խելահեղություն փառամոլական,
Հավակնոտություն, ժպիրհ, բարձրահոն,
Ապիրատություն, եսասիրություն,
Նախագահության մարմաջանք ու տենչ,
Հիշաչարություն, քինախնդրություն,
Այլոց նկատմամբ անշահ բարբաջանք,
Խորամանկություն, բանսարկություններ,
Մտքի ու խոսքի օնանկանություն,
Կրքեր փանաքի,
Կյանքի վաճառում՝ ի գին սատակման,
Ավանդի կորուստ, անհոգի վատնում հայրական ինչքի,
Ձգող կապանքներ
Եվ երինջների լծափոկերով
Անզերծ բռնված անօրենություն,
Տղմաբնակություն միշտ զազրաթաթավ,
Լավերի լքում, գծծությունների հակամիտություն,
Դարձի գալուց ետ՝ վերադարձ նախկին դժնություններին,
Նորամտություն, խոկումներ օտար ու անկայուն կամք,
Աղվական հևքեր, զգայականի էականացում,
Մոլագարություն անսանձ՝ իշխելու
Ամենասփյուռ, անսահմանափակ,
Այլև բոլորն այն, որ անասելի, անգրելի են,
Անպատմելի ու անպատկերելի։
Գ
Արդ, ինչպե՞ս հիմա պիտի բժշկվես, ա՜նձն իմ եղկելի,
Երբ խոցոտված ես այսքան տեգերով,
Ըստ մարգարեի՝ ձգված ու լքված,
Տարագիր մի մարդ, անամոք ու հեգ.
Կուտակված անթիվ ցավերից միայն
Մեկն իսկ լիովին բավական է քեզ
Չարաչար մահվան մատնելու համար.
Այնինչ դեռ որքա՜ն դժնի, սպանող,
Ժանտ դահիճների հրոսակներ են շրջապատում քեզ։
Բայց այս էլ քիչ է արտահայտելու
Տաժանավորիս վիճակը թշվառ։
Ինչպես վխտացող բազմությունն անթիվ ժանտ կարիճների,
Որոնք կրում են պոչի վերջույթում թույն օրհասական,
Պահած մաշկեղեն մի անոթի մեջ,
Արգելարանի թույնամուղ ուղին՝
Խայթոցն, ամփոփած շրջափակությամբ,
Արտաքուստ թեև բարի են թվում,
Սակայն ներքնապես ամբար են չարի,
Կորստյան պահեստ, կսկիծի կույտեր,
Մշակներ մահու և սպանության գործոններ դժխեմ։
Դ
Այդպիսին ես և դու՝ տաժանագին
Անօրենությամբ ամբարած բոլոր
Թշվառաքրտինք քո վաստակներով,
Ա՜նձն իմ, պարտական կրկնակի մահվան։
Կամավոր քո մեջ ընդունեցիր դու
Այն բոլորն, ինչ որ թշնամին ցանեց
Աշխարհի արտում ցորենի վրա,
Ո՜վ այր անմաքուր,
Ծույլ ու ամբարիշտ, ատելի իսպառ,
Ախորժահոժար սիրող ամենի,
Ինչ որ լցված է անառակությամբ,
Ինչ առաքյալն է թվել մեկ առ մեկ
Իր սարսափելի կշտամբանքներով,
Վերջում գրելով նաև կանոնն այս.
Նրանք, ասում է, որ վերահասու
Լինելով հանդերձ Աստծո օրենքին՝
Գործում են դարձյալ այսպիսի բաներ
Կամ կամակից են, արժան են մահվան։
Արդ, ես ինքս եմ ինձ արժանի գտնում կրկնակի պատժի՝
Կորչել՝ սատկելով որպես մահապարտ։
Սակայն խնայի՛ր ինձ ողորմությամբ,
Բարեգո՜ւթ, հզոր, կամարար, կարող,
Կենսաձիր, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։