Բան ԽԴ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Աստված անսահման, անբացատրելի,

Հարազատ ծնունդ միակ Աստծո,

Արարիչ համայն արարածների, արքա՜ Քրիստոս,

Լույս՝ խավարի մեջ մթնած սրտերի,

Որ և մե՛զ հետ ես՝ լրությամբ ամբողջ,

Ե՛վ առաքչիդ հետ՝ էականությամբ.

Մեր կերպարանքով՝ քոնն ես ծանուցում սքանչելապես։

Օրհնյալ է հայրդ երկնավոր անճառ,

Որ առաքեց քեզ մեզ մոտ ի վերուստ,

Ում փառակից ես դու արարչությամբ.

Այնքան հոգաց նա փրկության համար տարագիր գերուս,

Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց։

Իսկ դու, որ առանց որևէ վշտի

Կարող էիր քո տնօրինության խորհուրդն ավարտել,

Հանցապարտիս տեղ հանձն առար ըմպել բաժակը մահվան,

Անթերի՝ որպես մարդ և կատարյալ՝ աստվածությամբ քո։

Համակամ է ձեզ նաև սուրբ Հոգին կենդանապարգև,

Որն իսկակից է ու համապատիվ

Ե՛վ քեզ՝ ծննդիդ, և՛ ծնողիդ հետ։

Ահա կատարյալ մի երրորդություն,

Անբաժանելի, անմասնատելի երեք դեմքերով,

Անսկզբնավոր ու անժամանակ,

Համակ բարեգործ, համակ կենսատու ու խաղաղարար,

Հաստիչ բովանդակ արարածների,

Անբաժանությամբ ու մի բնությամբ միշտ փառաբանված։

Բ

Իսկ եթե գթած հայրը երկնավոր՝

Ամենակարող մեկն էությունից,

Իմ՝ մահապարտիս մեղքերի համար

Զոհաբերեց իր ծոցի անքնին ծննդին միակ,

Չխնայելով իրեն փառակից սիրելի որդուն՝

Կամովին հանձնեց մահվան զենքերով չարչարողներին

(Զաքարիայի այն մարգարեությամբ,

Թե՝ «Պիտի զարթնի սուրն հովվի վրա,

Պիտի զարկվի հենց հոտապետն ինքը,

Ու ոչխարների ողջ հոտը ցրվի»,

Այլև նախագրի օրինակը նուրբ,

Ուխտը խորանի, նվիրումն արյան

Եվ աբրահամյան պատարագների խորհուրդն արդեն իսկ

Պատկերել էին վաղուց, կանխապես

Փրկությունն հեգիս կեցուցչի կամքով),

Ինչո՞ւ ես տխրում ուրեմն, ա՛նձն իմ,

Երբ կործանվել ես քո իսկ գործերով, հակամիտությամբ

Եվ ոչ թե կամքով բարերար Աստծո,

Կամ ինչո՞ւ ես ինձ խռովում այսպես

Սատանայական հուսահատության մտալլկանքով.

Հուսա՛ Աստծուն ու խոստովանի՛ր,

Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ,

Դավթյան սաղմոսի ու մարգարեի

Կենսախրախույս խոսքի համաձայն։

Գ

Իսկ ստեղծողի խնամարկության

Չափն ու եղանակն ավելի վեր է,

Քան սահմանները հրեշտակների

Ու բոլոր մարդկանց մտքի կշռության.

Եվ եթե դրանք բյուրապատկվեն իսկ,

Միևնույն է, այն չափել չեն կարող,

Զի անպարագրի և բարերարելն է անճառելի։

Մանավանդ որ մեկն օրհնյալ համագո Երրորդությունից

Ուղարկեց մյուս օրհնաբանյալին,

Որ և մեռավ իր առաքչի կամքի հաճության համար.

Իսկ ահեղն երրորդ նրանց միաբան՝

Բարեմաղթում է մեծաջան ըղձով։

Միևնույն բարի ներգործման համար՝

Նրանք համաշունչ միակամությամբ

Հարաբերում են մեկմեկու այնպես,

Ինչպես, ասենք թե, հոգին՝ կենդանուն,

Լեզուն ու միտքը՝ բանականներին,

Պայծառությունը՝ փառքին, կերպարանքն ու տեսքն՝ էության։

Կյանք շնորհելու համար՝ փութաջան,

Գթալուն՝ սթափ, փրկելուն՝ պատրաստ,

Ձեռնկալության՝ միշտ բարեհոժար,

Առատությամբ՝ հորդ, լիությամբ՝ զեղուն,

Անբավությամբ՝ հեղց, անհատությամբ՝ ճոխ,

Վեհանձնությամբ՝ պերճ, անհասությամբ՝ վեհ,

Մի երրորդություն եռանձն անթերի՝

Օրհնյա՜լ, փառավոր հավիտյանս. ամեն։