Բան ԽԳ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Արդ, բժշկական արվեստի ամբողջ
Քո բազմահմուտ ու ամենափորձ հնարանքներով՝
Նախապատճառն ես դու անախտ կյանքի,
Երկնավոր զորեղ թագավոր Հիսո՜ւս Քրիստոս, Աստված
Իմանալի և տեսանելի ողջ գոյությունների,
Ըստ մարգարեի խոստման, շուտափույթ
Ճառագի՛ր իմ մեջ՝ նոր կցորդությամբ,
Որպեսզի քեզ հետ միավորվելու
Բարի դաշինքով այդ լուսավորվեմ,
Շնչով ու մարմնով ողջացած կրկին,
Ըստ ամենայնի կարո՜ղ և անպարտ։
Բ
Հոգեկան վերքեր բուժելու համար
Կարիք չես զգում ո՛չ սպեղանու,
Ո՛չ ժամանակի, ո՛չ գործիքների,
Ո՛չ օրըստօրե երկարաձգման,
Ո՛չ տարբեր դեղեր օգտագործելու,
Ո՛չ հերձման, խարման, ո՛չ վիրահատման
Եվ ո՛չ երկրավոր այլ բուժումների,
Որ ենթակա են միշտ էլ վրիպման,
Ամենասխալ ձախողումների։
Հոգու և մարմնի արարչիդ համար
Ամեն ինչ պարզ է, գրված, ակներև,
Ամեն ինչ դյուրին ու հնարավոր.
Մտադրվեցիր՝ իրագործված է, խոստացար՝ արված,
Կամեցար՝ արդեն ի կատար ածված.
Կտակդ՝ կենաց ավետարան է,
Վճիռդ՝ փրկում, մատյանդ՝ շնորհ։
Ո՛չ օրենքների կապանքի մեջ ես,
Ո՛չ կաշկանդված ես ինչ-որ կանոնով,
Ո՛չ նվաղությամբ ես արգելակված,
Ո՛չ խոնարհված ես հպատակությամբ,
Ո՛չ պարփակված ես փոքրկության մեջ,
Ո՛չ չափավորված ինչ-որ սահմանով.
Ո՛չ բարկանալով վրիպում ես դու,
Ո՛չ այլայլվում ես ցասման սաստկությամբ,
Ո՛չ խստանալով՝ սխալներ գործում,
Ո՛չ ալեկոծվում խռովությունից,
Ո՛չ անգիտությունն է քեզ շփոթում,
Ո՛չ փոփոխվում ես ողորմությունից,
Ո՛չ մեծությունից փոքր-ինչ նվազում,
Ո՛չ օգնությունդ լքում երբևէ,
Ո՛չ տկարանում փրկագործումից։
Դու ես սկիզբն ու լրումն համայնի,
Եվ ամենայն ինչ քեզանից է լոկ,
Ուստի և քեզ փա՜ռք, երկրպագությո՜ւն հավիտյանս. ամեն։