Բան ԼԹ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Քանզի նախնական կերպարանքը իմ

Չարի սադրանքով և իմ ծուլությամբ

Ձեռքից բաց թողած՝ իսպառ կորցրի,

Պիտի ցույց տամ և նմանությունն այն,

Որ արդի պատկերս ունի հնի հետ.

Թախծալի հոգուս ողորմ հեծությամբ

Համայն ազգերի բազմության առաջ

Հրապարակավ անաչառորեն խայտառակելով՝

Պիտի մեծաձայն ու բարձրաղաղակ բոլորը պատմեմ։

Բ

Մի մատյան եմ ես, մատյան շնչավոր,

Ըստ Եզեկիելի տեսիլքի, բարդված ներսից ու դրսից

Հառաչանքներով, ողբ ու վայերով,

Քաղաք՝ անպատվար ու անմահարձան,

Տուն՝ առանց ամուր դռնափակերի,

Աղ՝ տեսքով միայն և ոչ թե համով,

Ջուր՝ դառնալեղի, անպետք ըմպելու,

Գետին՝ անօգուտ երկրագործության,

Դաշտ՝ լքված, դարձած լոկ հեղեղավայր ճահճախոտերի,

Անդաստան՝ խոպան ու տատասկաբեր,

Աստվածախնամ հող եմ անձնավոր,

Մշակված, սակայն, պատրանքով դևի,

Ձիթենի՝ ամուլ ու պտղակորույս,

Կտրատելու ծառ՝ գոս, անբարեբեր,

Կրկնամեռ խոսուն տունկ հուսակորույս,

Լիովին մարած անլույս մի կանթեղ։

Գ

Արդ, սրա նման պիտի վերստին

Կրկնեմ և բազում այլ ավաղումներ,

Այն, որ պահված են հեգիս՝ ամոթի դաժան պատուհաս,

Ատամնակրճում ու անհատնում լաց՝ եղկելուս աչքին,

Անողոքելի հայրական ցասում՝ դառնացած որդուս,

Մեղսամած մարմնիս՝ աննորոգելի ապականություն,

Ախտավոր հոգուն չարիք գտնողիս՝ նոր կշտամբանքներ,

Թշվառ գերյալիս՝ տագնապալից ու տարտամ տվայտանք,

Որ պիտի հասնեն երկնային զորքից օրհասիս պահին,

Երբ հայտարարեն, թե պիտի այրվեմ

Որոմների չոր խրձերի նման

Եվ ազդարարեն ահարկու ձայնով հուսալքվածիս՝

«Անբուժելի ես»։

Դ

Ահա, արդարև, այն պոռնկուհի քնարահարի

Խեղկատակային երգերն են սրանք,

Որ թափառելով, կուրծքը ծեծելով,

Հնչեցնում էր նա մեծ ճարտարությամբ՝

Կսկծեցուցիչ ու աղիողորմ,

Ըստ առակավոր խոսքի Եսայու՝

Տյուրոսի մասին գրած պատգամում։

Եթե նա դիպվածն այդքան աննշան՝

Անցքն ապագայի, պատկերացնելով որպես մոտավոր՝

Գանգատվում էր դառն ավաղումներով, պես-պես, բազմակերպ՝

Կաքավումներով կոծող կանանց պես,

Հապա ես՝ գերիս, որ սպասելով

Տիրոջ գալստյան, ստույգ, անվրեպ՝

Մնացի այսպես լրիվ անպատրաստ,

Որչա՞փ, ինչպիսի՞ վհատեցուցիչ ողբեր մրմնջամ։

Ե

Եթե վերհիշեմ ահավորությունն այն դատաստանի,

Միայն վշտերս պիտի սաստկացնեմ.

Եթե փորձությունն իսկությամբ ցույց տամ,

Երկյուղս կաճի.

Եթե կատարվող տեսարանները ճշտիվ պատկերեմ,

Հատուցումներս պիտի մեծանան.

Քանզի նախապես այդ իմանալով՝

Գոնե ուշացած չապաշավեցի։

Բայց խնայի՛ր ինձ, գթա՜ծ, մարդասեր, հզոր, բարերար,

Ամենապարգև արքա՜ Քրիստոս,

Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։