Բան ԼԸ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Ինչպես նախընթաց մի դրվագի մեջ
Պատկերեցի ես գլխավորագույն
Մեղքերի խավար ծնունդները, որ
Մարմնի բնության օրենքներով են պայմանավորված,
Որոնք տիրեցին մահու ժառանգիս,
Այնպես էլ այժմ այստեղ, այս գլխում
Կհիշատակեմ քիչը շատերից,
Ինչպես անսահման ծովի ջրերից առած մի կաթիլ,
Հոգևոր կյանքի օրենքները այն,
Որ ազատում են լուսածիններին տեր Քրիստոսով։
Բ
Կայսերական են դրանք, արդարև,
Բազմած վեհապանծ գահերի վրա
Եվ շնորհների պաշարով լցված ու հարստացած.
Թագավորը՝ իր սիրելիներով,
Արքան՝ խմբերով իր վսեմաշուք,
Պսակավորն՝ իր իշխանների հետ,
Բարեհռչակվածն՝ իր համբավներով,
Հաղթողն՝ իր փողով, գովյալն՝ իր փառքով,
Զորավարը՝ իր մարտիկների հետ,
Փեսան՝ բոլորված պարավորներով,
Դշխոն՝ իր անբիծ օրիորդների մեջ,
Փեսավերը՝ իր հանդերձավորմամբ,
Ազատությունը՝ իր շնորհներով,
Օգնությունն՝ աջով, պահպանությունն՝ իր ձեռքով հոգածու,
Խոստումն՝ իր քավմամբ, պարգևն՝ իր զարդով,
Կենաց նշանը՝ իր ամրապնդմամբ,
Կնիքը՝ դրոշմով, ամպն՝ իր հովանիով,
Արվեստն՝ իր անճառ հրաշագործմամբ,
Հոգին՝ սրբությամբ, ուխտն՝ իր լրումով, խոսքն՝ իր կատարմամբ,
Զորությունը՝ իր հրամաններով,
Լվացարանն՝ իր սքանչագործմամբ,
Մանանան՝ անխառն անապակությամբ,
Կենդանի վեմը՝ իր վտակներով,
Հրեղեն սյունը՝ իր ճառագայթմամբ,
Որոտն՝ ազդումով,
Երկնային հույսը՝ իր փրկության հետ,
Օրհնության ծառն՝ իր պտղառատությամբ
Եվ բարունակը՝ իր բարիքներով։
Սակայն որպեսզի ամբողջն ասելու ցանկությամբ տարված՝
Չվրիպեմ ես հանկարծ բոլորից՝
Արևի պայծառ լույսից այլայլված
Ու տկարացած, շաղված աչքի պես,
Հրաժարվում եմ շատը ասելուց,
Որպեսզի գոնե սակավին հասնեմ՝
Բավարարվելով ամենապիկար իմ կարողությամբ։
Գ
Բայց ավա՜ղ հավետ այստեղ իմ թշվառ եղկելի հոգուն,
Զի խոսքերիս կարգն ստիպում է ինձ,
Որ ավետաբեր ձայնին խառնեմ և գուժկան աղաղակ.
Քանզի սրանց հետ, սրանց առընթեր
Գալիս են նաև արդարությունը՝ իր կշիռներով,
Վճիռն՝ հատուցմամբ,
Քննությունը՝ իր լույսով երկնային,
Ամբաստանությունն՝ իր լապտերներով,
Մերկացումը՝ իր խայտառակությամբ,
Հայտնությունը՝ իր ամոթանքներով,
Անապականն՝ իր վաստակների հետ,
Իսկ թյուրընթացն՝ իր պատիժներով լոկ։
Դ
Դարձյալ ու դարձյալ ո՜ղբ ինձ՝ կրկնակի թշվառ եղկելուս,
Քանզի անպատում բարկությամբ ահա
Գալիս հասնում են հասակիս հասկին
Մանգաղն՝ հնձելու,
Դատավորն հզոր՝ ատյան տանելու,
Սպառնացողը՝ դատապարտելու,
Պատժիչ մտրակը՝ պատուհասելու,
Սպառազենը՝ վրեժխնդրության,
Իսկ հովվապետը ընտրության համար։
Եվ քանզի վերջին օրը հատուցման
Դատապարտյալիս պիտի դատի քո
Հենց այն խոսքը, որ ինձ հաղորդեցիր,
Նախընծայելով քաղցրությունը քո՝
Կանխի՛ր, բարեգո՜ւթ, ամենավարան
Երկյուղիս նվաղ հեծեծանքները
Եվ մխիթարի՛ր, բժշկի՛ր, քավի՛ր
Ու կենագործի՛ր նախկին օգնությամբ՝
Ընձեռելով ինձ օրհնյալ քո ձեռքով
Զորություն վերջին տագնապիս պահին։
Քեզ վայել է փառք ըստ ամենայնի
Հավիտյաններից հավիտյանս. ամեն։