Բան ԼԶ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Որքան էլ անթիվ լինեն պարտքերս,

Արգասիքները քո շնորհների,

Չարչարանքներիդ հանձնառությունն ու

Հանդեսները, տե՜ր, որպես փրկանակ՝

Գերազանցում են նրանց մշտապես։

Հոգիներն համայն իր մեջ ամփոփող

Ափդ արարչագործ մահվան գործիքի՝

Խաչի նշանի վրա գամեցիր,

Որպեսզի ընդդեմ կամքիդ ծառացող ձեռքս թուլացնես։

Փրկիչ ոտքերիդ զույգը համընթաց

Իմ անսանձության պատճառով պատժի փայտին փակցրիր,

Որպեսզի զսպես բարեգթությամբ

Վայրագությունը փախչող թշվառիս։

Բ

Չհրամայեցիր՝ օրհնյալ գագաթդ

Կռփողների ձեռքն իսկույն գոսանա,

Դու, որ թզենին այն չորացրիր մի ակնթարթում,

Որպեսզի կանխավ այդ օրինակով

Եվ ի՛նձ ներելդ ավետարանես։

Չսպառնացիր քեզ՝ դավանված Աստծուդ,

Գանահարող այն ապիրատներին,

Դու, որ արեգակն իսկ մթնեցրիր,

Որ մահացածիս բարությամբ հանդերձ հանգիստ շնորհես։

Գունավորողդ պատկերը լուսնի արյան երանգով՝

Կապտացնելով չպապանձեցիր

Հայհոյիչներիդ բերաններն անարգ, նենգ ու չարախոս,

Որ անհամարձակ լեզուս զորացնես գովեստիդ համար։

Չսաստեցիր քեզ նախատողների մոլեգնությունը,

Դու, որ տարերքներն իսկ սասանեցիր,

Որպեսզի թշվառ գլուխս օծես յուղով գթությանդ։

Աստվածասպաններն այն երբ բարձրյալիդ

Մոլորեցուցիչ էին համբավում,

Չբաժանեցիր, իրարից քակտած,

Նրանց ծնոտի հոդերն համորեն,

Դու, որ ճեղքեցիր ժայռերն ամրակոփ,

Որ բարիքներին անունակ հոգիս

Ընդունայնության հոժարությունից

Քո ողորմությամբ ետ կանգնեցնես։

Պահապանների սրերը իրենց

Պատյանների մեջ ետ չմխեցիր,

Դու, որ մատնեցիր որովայնն օձի հողին սողալու,

Որ ոսկորներն իմ տառապյալ մարմնի

Պահելով իբրև մի գանձարանում՝

Հարության կյանքին արժանացնես։

Երբ կնքում էին փականքները քո կենսակիր շիրմի,

Նրանց նույն պահին թիկունքին փռած՝

Երկրի անդունդները չսուզեցիր,

Որպեսզի հոգուս տապանակի մեջ

Հանգրվանել տաս նշխարը լույսիդ։

Երբ քեզ կորած ու իբրև երկրավոր

Մարմին՝ գողացված էին համբավում,

Դու սերմը նրանց ծննդի անհետ

Ու սպառսպուռ բնաջինջ չարիր,

Որպեսզի բարի հիշատակության անարժանիս իսկ

Անկորնչելի, անխաթար պահած՝

Փրկվածների հետ բաժնեկից դարձնես։

Երբ գանձարանից հորդ տաճարի

Կողոպտում էին արծաթն համորեն՝

Մասն հանելով և քեզ մատնողներին, անարգողներին՝

Կրկնակապենքի, կաշառքի համար,

Ուրացողներին այդ մոլեգնոտած՝

Մովաբի հանին հասած՝ վաղեմի

Պատուհասների օրինակով դու

Չվերածեցիր քարե արձանի,

Որ վրիպյալիս հաստատությունից,

Մատնվածիս մահվան՝ քո արյամբ փրկած՝

Հաստատուն վեմիդ վրա ամրացնես։

Օրհնյա՜լդ կրկին, օրհնյա՜լ վերստին,

Օրհնաբանյա՜լդ միշտ, ամեն ինչում՝

Հավիտյաններից հավիտյանս. ամեն։