Բան ԼԴ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Ահա իղձերը թշվառ իմ շնչի

Եվ դավանանքն իմ քեզ պատշաճական,

Որոնք թեպետև գրված են եղել արդեն նախապես

Եվ հայտնի են քեզ լիովին, սակայն կրկնում եմ նորից։

Իսկ մեծակուտակ բազմության առաջ

Գրաբանական բեմախոսության

Եվ ժողովրդին մեկնաբանումներ անելու համար

Այս աղերսներն եմ նվիրաբերում՝

Շարադրելով ահա հետևյալ

Գոհաբանական դրվագների մեջ։

Բ

Աղաչում եմ մեծ, անփոփոխելի

Ու ամենազոր տերության Հոգուդ,

Առաքի՛ր, գթա՜ծ, ցողդ քաղցրության,

Ներազդի՛ր հոգուս և զգայության տիրակալ մտքիս,

Օժտի՛ր բազմաձիր, առատապարգև

Ու ամենալիր քո շնորհներով։

Հերկի՛ր բանական անդաստանները

Իմ այս մարմնեղեն կարծրացած սրտի,

Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր։

Խոստովանում ենք՝ քո ամենիմաստ

Էությամբ է, որ ծաղկում են մեր մեջ

Ու բարգավաճում պարգևներն համայն.

Դու ես ձեռնադրում առաքյալներին,

Մարգարեներին օժտում ներշնչմամբ,

Ուսուցանում ես վարդապետներին,

Բարբառել տալիս համրերին անխոս,

Բացում խուլերի ականջները փակ,

Ինչպես բոլորն այդ ազգակիցը քո՝

Հոր էակիցն ու անդրանիկ որդին

Քո գործակցությամբ իրագործելով՝

Քեզ հոր իսկության հավասարակից աստված հռչակեց։

Շնո՛րհ արա արդ և մեղավորիս,

Որ ես էլ խոսեմ համարձակությամբ,

Մեկնեմ կենսատու խորհուրդն ավետյաց ավետարանիդ՝

Արագաթռիչ մտքի ընթացքով

Անցնելով անհուն ասպարեզները

Քեզնով ներշնչված կտակարանի։

Եվ երբ ձեռնարկեմ այդ հանդիսավոր մեկնաբանության,

Թող որ հասնի նախ գթությունը քո՝

Իր ժամանակին ներշնչելով ինձ

Այն, ինչ պիտանի, արժանավոր ու հաճելի է քեզ՝

Քո աստվածության, փառքի, գովեստի

Եվ Կաթողիկե սուրբ եկեղեցու

Կատարելության, շենության համար։

Կարկառի՛ր վրաս աջդ ամենամերձ

Եվ զորացրո՛ւ ինձ շնորհներով մեծիդ գթության.

Փարատի՛ր մտքից իմ՝ մոռացության մեգը մթամած,

Ցրի՛ր նրա հետ նաև մեղքերի խավարը անհետ,

Որպեսզի մտքով և իմաստությամբ

Կարողանամ այս երկրավոր կյանքից ի վեր բարձրանալ։

Թող որ ճառագի վերստին իմ մեջ

Ծագումն անստվեր քո աստվածային հրաշք-գիտության,

Որպեսզի, որպես բարի օրինակ,

Արժանի լինեմ ուսուցանելու

Աստվածանվեր ունկնդիրներին։

Ժ

Արդ, գաղտնածածուկ խորհուրդները իմ

Պատկերելով այս ողբամատյանում՝

Ահա բարձրագոչ ընծա բերեցի,

Տե՜ր, ականջներին քո ամենալուր

Եվ դրանով էլ սպառազինված՝ մտա ասպարեզ.

Ոչ նրա համար, սակայն, որ կարիք ունես իմ ձայնին

Եվ դրանով դու պիտի մեծանաս

(Դեռ այն ժամանակ, երբ այս բոլորը չէիր ստեղծել՝

Ո՛չ երկինքն՝ անմահ փառաբաններով,

Ո՛չ երկիրն ու իր բանականներին,

Փառավոր էիր արդեն դու ինքնին ամբողջ լրությամբ),

Այլ որպեսզի ինձ՝ մերժվածիս նույնպես

Արժանի անես քեզ ճաշակելու

Խոսքիս հաղորդմամբ, անճա՜ռ քաղցրություն։

Սակայն ի՞նչ օգուտ, որ կյանքի կանոն

Քո հրամանի համաձայն ասեմ «Ադոնայի տեր»,

Բայց չկատարեմ պատվիրանը քո

Ես, որ հենց իմ իսկ ձեռքով ջնջեցի,

Ո՛չ, ավելի ճիշտ, խորտակեցի ինձ՝

Քո մատով գրված ու սուրբ պատգամիդ

Նվիրված ոսկյա տախտակս խոսուն,

Իսկ այժմ ահա տխրատես մրով

Նրա այս երկրորդ նմանությունն եմ ջանում հարդարել։

Արդ, քանզի բազում խանդաղատական

Այլ դրվագներով պաղատել եմ քեզ,

Որոնք գրված չեն այս ողբի կարգում,

Լսիր, բարեգո՜ւթ, այս խոսքերի հետ և այն բոլորին.

Թող աղերսագին այս աղոթքներն էլ հոդվեն նրանց հետ.

Թերևս նվերն այս, որպես պան-բաղարջ յուղազանգված հաց,

Մաքուրների ու կամարարներիդ

Ձեռքով մատուցվի փառքիդ սեղանին։

ԺԱ

Բայց դու, բարերա՜ր, համակ մարդասեր,

Մեկ Աստծո միակ Քրիստոս, հզոր և ամենակալ,

Որ խնամածու քաղցր գթությամբ

Գերազանցում ես ոչ միայն մարդկանց

(Որոնք, թեպետև էակից, սակայն,

Իրար նկատմամբ համակված են միշտ խռովումներով

Եվ բյուրապիսի թշնամանքներով ու ներհակությամբ),

Այլ նաև անախտ հրեշտակներին

Եվ սրանցից էլ նույնիսկ ավելի

Սրբասուններին, անբիծ, անարատ,

Որոնցից մեկն էր նաև Եղիան.

Բայց մինչևիսկ սա ուներ խստություն,

Որի նշաններն երևան եկան

Քորեբի վրա երեք ձևերով՝

Շարժմամբ ահավոր, ուժգին հողմով ու կրակով կիզիչ։

Իսկ հեզությունը քո երկայնամիտ

Հայտնվեց հանդարտ, հուշիկ, մեղմաշունչ հովի քաղցրությամբ,

Զի դու ունես լոկ ողորմասեր կամք, համաձայն Գրքի։

Այնպես որ, թեև մերանյութերն այդ

Առաքինությամբ վերափոխվելով՝

Այլ՝ երկնային տեսք ստանալով՝ քեզ հաճելի դարձան,

Երկրածիններ են և նրանք, սակայն, ընտրյալ մարդկանցից.

Իսկ դու չես կարող բնավ չարանալ,

Քանզի բարի ես ամբողջ իսկությամբ,

Համորեն օրհնյալ, համակ փրկություն,

Կատարյալ հանգիստ, ամենքի անդորր,

Ամենատեսակ ախտավորների առողջության դեղ

Եվ անմահական ջրի ակն-աղբյուր, ըստ Երեմիայի։

ԺԲ

Դարձի՛ր դեպի ինձ քո ողորմությամբ, անկարո՜տ Աստված,

Դու, որ փրկության իմ ծարավի ես այնքա՜ն անձկայրյաց,

Որ մինչև անգամ երկնային անմահ

Ու օրհնաբանյալ զվարթուններիդ

Մարդկանց փրկության համար սահմանված՝

Քահանաների, քավչապետների

Հավիտենական պաշտոններ տվիր,

Որպեսզի ի դեմս երկրավորներիս՝

Թշվառ լքյալիս հաշտության համար

Մշտնջենապես պաղատեն օրհնյալ մեծիդ գթության՝

Լուսախորհուրդ այս խոսքով՝ «ողորմի՛ր Երուսաղեմին».

Որ դու երկրավոր Երուսաղեմի

Ավետարանված սույն օրինակով՝

Քո մեծ հայտնությամբ՝ ողորմես վերին Երուսաղեմին

Եվ գահավիժած հրեշտակների տեղերը թափուր

Քեզ միաբանած մարդկանցով լցնես։

ԺԳ

Եվ դու, արդարն, լսեցիր, գթա՜ծ,

Անսացիր, արքա՜, ունկնդրեցիր, կյա՜նք,

Տեսար, ծածկագե՜տ, ի միտ առար, հո՜ւյս,

Հարգեցիր, հզո՜ր, նայեցիր, հոգա՜ծ, օգնեցիր, անճա՜ռ,

Խոնարհվեցիր, վե՜հ, իջար, ահավո՜ր,

Հայտնվեցիր, վսե՜մ, մարմնացար, անհո՜ւն,

Չափվեցիր, անհա՜ս, թանձրացար, ճաճա՜նչ,

Մարդացար, աննյո՜ւթ, զննվեցիր, անբա՜վ,

Կերպավորվեցիր, անտա՜րր-անորակ,

Իրագործեցիր, իրոք, բաղձանքներն աղաչողների։

Հրեշտակների թախանձանքներով եղար թշվառիս՝

Բարի բարեխոս, կենդանի միջնորդ,

Անմահ պատարագ, սպանդ անվախճան,

Նվեր մաքրունակ, անծախ ողջակեզ, անսպառ բաժակ։

Ահա, ողորմա՜ծ, օրհնյալ, մարդասեր,

Թող որ մշտապես կամքովդ կենսատու

Բարեբաստ լինի հոգիս մեղապարտ.

Ո՜վ երկայնամիտ, քեզ վայել է փա՜ռք հավիտյանս. ամեն։