Բան ԼԳ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Բանաստեղծությունն այս պաշտամունքի,

Որ հոգուս խորքից ընծայում եմ քեզ,

Օրհնյա՜լ բարեգութ,

Միավորելով զուգամասնապես

Խնկաբեր կանանց նվիրումներին՝

Խառնիր բարեպաշտ Մարիամի յուղի անուշության հետ։

Հավասարելով ինձ նույն երջանիկ այդ պոռնիկներին,

Որոնց հարգանքով հավերժահրաշ դու ընդունեցիր,

Պարարվի՛ր, գթա՜ծ, մեծապես և իմ նվաստ խոսքերով՝

Անհասանելի ու բարեբանյալ

Բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց,

Զերծ պահելով ինձ սաղմոսերգուի այս ամբաստանքից.

«Յուղն հանցավորի չպիտի օծի գագաթն հերապանծ»։

Բ

Օժտի՛ր մատյանն այս խոստովանության,

Օրհնյալ այն տան պես, բույրով համասփյուռ,

Ամենատարած ու աշխարհալիր,

Որ այն հասնելով՝ կրկնակ զորությամբ

Ազդի, ներգործի շատերի վրա

Եվ լինի նրա հիշատակի պես անմոռանալի։

Այն նույն տերն ես դու, որ զգաստացրիր

Նախկին չարախոհ մեղավոր կանանց՝

Օրինակ տալով նրանց կերպարը սուրբ մարգարեի,

Որ ճշմարտատիպ կրկնությունն էր քո,

Այդ ներգործությամբ ցուցադրելով

Անճառ շնորհիդ իրագործումը նաև իմ հանդեպ։

Դու անասնակեր գարու փոխարեն՝

Կենսատու հացի քո բազմահամբար

Ցորենի բերքը պարգևեցիր մեզ,

Ապականացու այն արծաթի տեղ՝ պատկերդ արքունի,

Ընդարմարար ու հիմարացուցիչ գինու փոխարեն՝

Բաժակն երկնավոր՝ արարչիդ արյան,

Հին ժողովրդի հայրատ կնոջից

Առած յուղի տեղ՝ շնորհն օծումիդ,

Վերցրած՝ գլխաշուք այն կտավի տեղ՝ անեղծ վերարկուդ,

Պերճապաճույճ այն ապարանջանի

Փոխարեն՝ թռիչք բարեմասնության՝

Քո օրենքով ու ավետարանով,

Այլև գործնական առաքինությամբ,

Վայելչազարդող գնդի փոխարեն՝

Հիշատակն անբիծ՝ տերունի ձայնիդ,

Կուրծքը պաճուճող այն մանյակի տեղ՝

Ավանդները քո ամենահավաք

Կրոնի քաղցր ու ճշմարիտ լծի։

Գ

Սակայն սրանով ինչո՞ւ պարծենալ,

Երբ հարկավոր է միայն ամաչել։

Եվ արդ, փոխելով ողբերգությունն այս

Այլ եղանակի, որ պատշաճ է ինձ,

Ըստ ամենայնի մեղապարտության

Պատիժն իմ ամբողջ պիտի հատուցեմ,

Պիտի մեջ բերեմ մարգարեներից

Համառոտակի ամբաստանական խոսքեր խստագույն,

Ուր կան հառաչներ, ձայներ հեծության,

Ցասման աղաղակ, սաստիկ լաց ու կոծ

Եվ նախատինքներ դառն ու խորտակիչ՝

Ոչ թե նրանց հետ պարով բերկրելու, հրճվելու համար,

Այլ լծակցելու նրանց ողբերին։

Սակայն մեծ Աստծուդ գութն ամենահաս

Կանխավ հույս տվեց ակնկալելու

Նաև զղջումներ, խոստովանություն,

Ավետիս, պարգև, երևում լույսի,

Խրախուսանքներ աստվածային ու փառքի ժառանգում,

Հրաշքների ու սքանչելիքի հայտնություն, տեսիլք,

Որոնց մի մասը հույս է ներշնչում,

Մի մասն առթում է խոր վհատություն,

Որի մեջ ընկա ինքս կամովին

Եվ կործանվելով՝ հասա կորստյան։

Դ

Եթե Եզեկիելն Աստծո զգեստ

Համարեց ծածկոց-վարագույրը այն,

Որով ժողովուրդն զգեստավորեց կարկատուն կուռքեր,

Եվ նրանց կողմից այդ պոռնկել է ինքը համարում,

Որքա՜ն ավելի խիստ պիտի լինի պատիժը պղծիս,

Որ արտաքուստ ու ներքուստ հենց իրեն՝ Աստծուն եմ հագել։

Զարմանում եմ, թե ինչպե՜ս չեմ կիզվում,

Սարսում, թե ինչպե՜ս չեմ այրվում հապա,

Ապշում, թե ինչպե՜ս չեմ բնաջնջվում՝

Տանջված, չարչարկված, լքված, ջախջախված,

Մանրված, խորտակված ու պատառոտված

Ժանտ ժանիքներից կորուսչի, ինչպես ասված է Գրքում։

Սակայն պահված է ինձ համար նաև

Փրկության հույսի հուշարար մի շող,

Այն, որ Հիսուսի ավետարանը կյանք է բացարձակ,

Ինչպես որ նաև բառն է ցույց տալիս,

Զի խոստանում է այն մեղքերին դարձ,

Պարտքերին՝ զիջում, եղծման՝ նորոգում,

Քավություն ամեն անօրենության,

Վերքերին՝ բուժում, տագնապին՝ անդորր,

Պատերազմներին՝ հանգիստ ու դադար,

Կրակին՝ անձրև, հանցանքին՝ ներում,

Պատժի տեղ՝ պարգև, սատակման տեղ՝ ձիր,

Մահվան փոխարեն՝ կյանքի փրկություն։