Բան ԼԲ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Արդ, ես հետնյալս սկզբնադրյալ արժանիքներից,

Համարելով ինձ անձամբ պատժապարտ,

Ողորմություն եմ քեզանից խնդրում՝

Բոլորին դարձրած ինձ հետ ձայնակից.

Վեհերոտներին ու նկուններին,

Թույլ ու փոքրերին,

Լքվածներին ու քամահրվածներին,

Վանվածներին ու քեզ դարձածներին,

Վարանածներին ու հաստվածներին,

Կործանվածներին ու հառնածներին,

Ընկճվածներին ու հաստատվածներին,

Տապալվածներին ու կանգնածներին,

Մերժվածներին ու ընդունվածներին,

Ատվածներին ու վեր կանչվածներին,

Ապշածներին ու սթափվածներին,

Անառակներին ու զսպվածներին,

Զատվածներին ու մոտեցվածներին,

Վտարվածներին ու սիրվածներին,

Պատկառածներին ու հրճվածներին,

Ամաչածներին ու բերկրածներին։

Բ

Սակայն ես այստեղ կպատմեմ դարձյալ

Ոչ թե մեղքերը Երուսաղեմի՝

Հրամանառու մարգարեի պես,

Կամ Հակոբի տան գործերն անօրեն,

Այլ շտապում եմ իմերը հայտնել.

Քանզի իմ մահվան աղետի վրա

Ավաղ ասելով, ըստ մարգարեի,

Պիտի նախատեմ ինքս ինձ անձամբ,

Ըստ սաղմոսողի, իմ իսկ խոսքերով,

Որպեսզի իմ այս հանձնառական ու

Համայնապատում խոստովանությամբ,

Պետք չունենալով այլևս կրկնելու,

Արարչիդ օրհնյալ հրամանով ես

Մեկ անգամ ընդմիշտ մաքրվեմ իսպառ։

Ես, որ խոնարհված՝ երկրին կառչեցի

Եվ անասնական գետնաքարշությամբ

Սողալով նվաստ մի սողունի պես՝

Կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական,

Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝

Փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ,

Թե ինչպես եմ արդ ի մահ գլորվում։

Բայց ապավինած վերստին քեզ, տե՜ր,

Ասես թե կյանքի հաստատուն նեցուկ մի գավազանով,

Որ ընձյուղված է Դավթի արմատից

Եվ անճառորեն շաղկապված անեղ քո աստվածության,

Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝

Երախտիքներից քո ամոթահար, գետնահակ դեմքով,

Աչքերս հառած քո բարձունքներին,

Խղճալի հայացք ուղղած դեպի քեզ

Ու լիճը լույսիս լցրած արցունքով,

Ո՜վ ողորմություն, քաղցրություն համակ,

Որ կարեկից ես բոլոր վշտերին,

Հույսի պաղատանք առաքելու քեզ։

Գ

Լսի՜ր աննվազ ու ամենառատ

Բարեմտությամբ՝ քեզ դավանողիս.

Ըստ ամենայնի դու ես փրկության երաշխիք միայն,

Աստվա՜ծ բոլորի, անճառ մեծություն,

Անբավ բնություն, իսկություն անհաս,

Հզոր զորություն, անհատ լիություն,

Բարերարություն ամենակարող,

Անճառ վիճակ՝ մեր ճոխ ժառանգության,

Բարեհաճություն առատապարգև

Եվ իմաստություն անստվերաբիծ,

Տենչալի նվեր, անձկալի շնորհ,

Բաղձալի բերկրանք, անտխուր հանգիստ,

Անկասկած հնար, անկապտելի կյանք,

Անհատ ստացվածք, անփոխ բարձրություն,

Համաբույժ բժիշկ, անսասան հաստում,

Մոլորվածի դարձ, կորածի գտիչ,

Վստահողի հույս, խավարածի լույս,

Մեղսոտի քավիչ, փախածի պաշտպան,

Հուզվածի անդորր, մեռյալի փրկիչ,

Գերու արձակիչ, մատնվածի թիկունք,

Սահածի սատար, գայթածի նեցուկ

Եվ համբերություն տարակուսածի,

Լույսի կերպարանք, ցնծության հանդես,

Օրհնության անձրև, կենսաշունչ հոգի,

Դեմքի զորություն, գլխի հովանի,

Շուրթերի շարժիչ, խոսքի ներազդում,

Անձի կառավար, ամբարձիչ բազկի,

Ձեռքի կարկառիչ, սրտի սանձակալ,

Ընտանի անուն ու ձայն մերձավոր,

Հարազատ կցորդ, հայրական խնամք,

Դավանված անուն, պաշտելի պատկեր,

Անպարագիր տիպ, երկրպագված տեր,

Բարեբանված հուշ, ուրախության մուտք,

Անվրեպ շավիղ, փառքի ճանապարհ,

Ճշմարտության դուռ, երկնաճեմ սանդուղք,

Եվ այլ բազմազան գովեստի խոսքեր,

Անհամար տողեր ու տներ անբավ,

Որոնք չեն կարող՝ ո՛չ արտաբերել երկրածին լեզուն,

Ո՛չ տանել ինչ-որ մարմնավոր գործիք,

Եվ ո՛չ էլ կշռել իղձերն հոգեղեն։

Դ

Ամեն տեսնողի աչք քեզ է նայում, Աստվա՜ծ բոլորի,

Դո՛ւ ևս նայիր քեզ հառաչաձայն

Պաղատող բոլոր քո ծառաներին,

Աղախիններին, թե նրանցից էլ լինի աղերսող։

Ընդունի՛ր, Հիսո՜ւս, և ցանկասերիս

Լացող աչքերի արտասուքների ցողն ողբերգությամբ՝

Ոտքերին անեղծ մարդեղության քո

Եվ, խորհրդավոր օրինակով այն

Մեղսոտ, հանցավոր կնոջ մազերի,

Իմ դավանությունն ու դարձը առ քեզ,

Ու կենսափրկիչ հաղորդությունդ

Ճաշակող համբույրն իմ շրթունքների

Թող ինձ կապի քեզ համաշնչորեն՝ անլույծ միությամբ,

Եվ նույն գթությամբ ու ողորմությամբ

Ընդունեմ քեզնից, փոքր իմ հավատքի դիմաց, բարերա՜ր,

Գրավականը քո մեծ պարգևի.

Թող որ զորությամբ գթառատ սիրուդ՝ ծառայիս հանդեպ,

Որ դավանում է անունդ անձկալի,

Ձմռան բքաշունչ հողմերը փոխվեն մեղմանուշ հովի,

Խոլ մրրիկները՝ ախորժ զեփյուռի,

Ահն ու տագնապներն այս չարակասկած՝ մեծ վստահության,

Աղետը պատժի՝ անանց բերկրության,

Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանության,

Ալեկոծությունն այս փոթորկահույզ՝ խոր խաղաղության,

Ու թևարկումներն հասցնեն անվրեպ՝

Ապահով, անդորր նավահանգստի։

Ե

Քեզանից հասած բոլոր բյուրավոր այս բարիքներից

Թող որ մեծանա ամենազորիդ

Անունը խնկված ու խոստովանված,

Ամոթահարվի, քշված, հալածված, չարյաց բանսարկուն,

Կորչեն պարտքերիս մուրհակները ողջ,

Վարմերը խզվեն, որոգայթները լինեն ցանուցիր,

Կտրատվեն, քանդվեն կապանք ու շղթա,

Վիհը վերանա, վնասը վանվի,

Պարսվեն, չքանան պատրանքները նենգ,

Մեղքերը ջրվեն, պարտքերը ջնջվեն,

Լուծը խորտակվի, ու քեղիները քայքայվեն իսպառ։

Չար հանցանքների մռայլ մթության

Ու մեզ պաշարած դևերի խուժդուժ բանակների տեղ՝

Աջից ու ձախից, դեմից, թիկունքից

Փառքիդ արևը թող որ ճառագի՝

Լուսավորելու, փրկագործելու, կյանք տալու համար։

Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս

Սպասում են քո լույսի հայտնության,

Թող հոգուդ պայծառ ու գարնանաշունչ

Վաղորդայնի ջինջ ճաճանչը շողա։

Չկա ոչ մի բան քեզ անհնարին,

Եվ բարերար ես բոլորի հանդեպ,

Ցանկանում ես, որ ամենքը ապրեն,

Եվ փրկություն ես տենչում բոլորին։

Զ

Ամենապարգև ձե՜ռքդ Հիսուսի, դարձի՛ր դեպի ինձ՝

Քո շնորհաձիր աջի կարկառմամբ,

Բնակվի՛ր իմ մեջ, ինձ հետ միացած,

Չհեռանալով քո սիրո սենյակ սրտից իմ անձուկ.

Եվ քո դրոշմը անեղծանելի,

Որը նշխարն է քրիստոնեական

Փրկավետ կոչման պանծալի լույսի,

Թող քո փոխարեն, միջնորդ լինելով,

Պահվի միշտ ինձ հետ՝

Երկնի արարիչ Հոգուդ ավետած

Հավիտենական կենաց մատյանի կտակարանում։

Եվ քեզ՝ միակի նախապատճառիդ,

Մյուսիդ, որը մի պատճառից է,

Եվ ունեցողիդ մի պատճառ, եռյակ անձնավորությանդ

Ու աստվածությանդ այդ միասնական՝

Վայել է փառք՝ վեհ երկնավորներից, սրբերի դասից՝

Հավիտյաններից հավիտյանս. ամեն։