Բան Լ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Արդ, թող ճշմարտվեն խոսքերդ, օրհնյալ,

Ողորմած, ներող Աստվա՜ծ բոլորի,

Այն մեղավորի հանդեպ բազմագայթ,

Որը զղջումով դարձի էր գալիս.

Թեկուզև լինի այդ մեղանչողի հուսկ վերջին շնչում

Կամ նույնիսկ չարիք գործելու պահին։

Մանավանդ նրա դժնի կցորդն այս անձնիշխանական՝

Մի մարտիկ է միշտ ստության հարած, խաբող շողոքորթ,

Ըստ առակողի, հողմեր արածող,

Հաստողից փախչող, որսողին գերի,

Թեև համագոյ, բայց ներհակատարր՝ մոլեկան մարմնով,

Բազմաշարժառիթ ամենավարան,

Որոնց անսահման որքանությունը միայն դու գիտես։

Սակայն մեղքերին հաջորդում են միշտ

Ողբերգություններ հույժ ողորմագին ու վհատական,

Բազմավաղելի ու տաժանակոծ,

Որ գրի առած արդ մեղսատագնապ ամոթահարիս՝

Անբավ չարաչար տվայտանքների թառանչով թշվառ

Ու ողորմաղերս արտասուքներով,

Տե՜ր, տարածում եմ ահա քո առաջ։

Բ

Որպեսզի խոսքս կրկնաբանությամբ

Շատախոսության չվերածվի ու

Առավել ևս դառնա ողբալի,

Ասեմ պարզապես, թշվառս բնավ

Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել նրանով,

Այլ թեթևություն տառապանքների.

Ոչ թե, հավակնոտ, ակնկալում է՝

Ապրողների հետ՝ լուսաբնակ կյանք,

Այլ խավարակյաց զգայական շունչ՝ մեռյալների հետ.

Ոչ թե հույս ունի բարձրացածներին ընկերակցելու,

Այլ լքվածներին, խորտակվածներին։

Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, հոգնած,

Խրախճանքի մեջ՝ տխուր ու տրտում,

Դեմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցված,

Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ,

Արտաքուստ թեև ձևանում է շատ հանգիստ, սփոփված,

Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի։

Գ

Երկու ըմպանակ ունի ձեռքերում,

Մեկն արյունով լի, մյուսը՝ կաթով.

Երկու բուրվառներ կայծակնացնցուղ,

Մեկը՝ խնկաբույր, մեկը՝ ճենճահոտ.

Անոթներ, երկու համեմունք կրող,

Մեկը՝ քաղցրություն, մեկը՝ դառնություն.

Զույգ բաժակ, երկու պարունակությամբ,

Մեկը՝ արտասուք, մյուսը՝ ծծումբ.

Գավաթներ, բռնած մատների ծայրով,

Մեկի մեջ՝ գինի, մյուսում՝ լեղի։

Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ,

Մեկը՝ դեպի լաց, մեկը՝ վրիպում.

Հակառակագործ երկու հալոցներ,

Մեկն արծարծում է, մյուսը՝ շիջում.

Աչքերի խոժոռ հայացք երկդիմի,

Մեկն՝ անզգալի, չնչին ողոքմամբ,

Մյուսը՝ ցասմամբ, ժանտ ու անողորմ.

Բարձրացած երկու ահեղ բազուկներ,

Մեկն՝ հարվածելու, մեկը՝ մերժելու.

Մի դեմք, երկակի արտահայտությամբ՝

Տխուր ու ցասկոտ.

Մեկի փոխարեն երկու կշտամբանք,

Մեկը՝ ներկայի, մյուսն՝ ապառնու.

Տարակուսելի երկու ապավեն,

Մեկը՝ «թերևս», մյուսը՝ «գոնե».

Նույն բերանի մեջ երկակի բարբառ,

Մեկը՝ եղկություն, մյուսը՝ խռովք.

Երկու զգացում միևնույն սրտում,

Մեկը՝ կեղակարծ, խաբուսիկ հույսի,

Մյուսն՝ աներկբա, ստույգ կորստյան.

Ահագնատեսիլ մթին, մառնամուտ

Մի ամպ երկտարափ՝ նետեր ու քարեր.

Ահեղ որոտմունք՝ երկու պոռթկումով,

Մեկը՝ կարկտաբեր, մյուսն՝ հրացան.

Ցավագին գիշեր երկու վտանգի՝

Ողբի ու մահու.

Առավոտ սգո կրկնակի գուժով,

Մեկն՝ սպառնացման, մյուսը՝ սաստի.

Զույգ արեգակներ երկու ծագերից,

Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման։

Դ

Եթե հարվածի բռունցք բարձրանա,

Համոզված է, որ իր համար է հենց,

Իսկ եթե պարզվի ձեռք պարգևաձիր,

Չի ակնկալի երբևէ իրեն։

Երբ պարծենում է որևէ մեկը, կորանում է նա,

Երբ հոխորտում են, ընկճվում է իսկույն,

Հեծում է ամեն չարիք հիշվելիս,

Ամաչում է, երբ անարատների մասին է խոսվում,

Իսկ երբ պատմում են հանդերձյալներից, սմքում է դողով։

Եթե բացահայտ որևէ մեկից օրհնանք ստանա,

Ինքն իրեն պիտի անիծի ծածուկ.

Երբ ինչ-որ մեկից գովեստներ լսի,

Պիտի կշտամբի, պարսավի իրեն,

Իսկ եթե հանկարծ նախատվի սաստիկ,

Ինքն է հաստատում, որ արժանի է.

Եթե ենթարկվի ծաղր ու ծանակի,

Կհամարի այդ սակավ հատուցում

Իր չափազանց մեծ պարտքերի դիմաց.

Եթե լսի, որ իր մահն են ուզում,

«Այո» է ասում ու կրկնում դարձյալ.

Եթե երկնքից մահվան շանթ ճայթի,

Հազիվ թե դեմքն իր բարձրացնի ի վեր։

Իր իրավունքի մատյանն է գոցված,

Հույսն արդարացման լքել է իրեն,

Ու փակ է ճամփան վստահ ընթացքի,

Եվ չէր հապաղի լինել անձնասպան,

Եթե խեղճ գերուն այն անփրկելի կորուստ չլիներ։

Արդարև, վա՜յ այն մեղավոր մարդուն,

Ըստ իմաստունի հոգելից խոսքի,

Որ տարակուսված զույգ ճամփաների վրա կկանգնի։

Ե

Դու, որ բարձրացար ասելով, թե «Ես տեր եմ ողորմած»,

Ինչպե՞ս, բարեգո՜ւթ, պիտի չողորմես

Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս.

Չէ՛ որ կա գերուս չարության հանդեպ բարությունը քո,

Քաղցրությունը քո՝ մահապարտյալիս դառնության դիմաց,

Կորածիս նորից գտնելու համար՝ ճառագայթը քո,

Ողորմությունը քո՝ հանդգնածիս մոլության հանդեպ,

Վնասակարիս խակության դիմաց՝ հեզությունդ անճառ,

Աջդ՝ օգնելու կործանված անձիս,

Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ ձեռքդ հոգածու,

Մատդ՝ բուժելու վերք ու խոցերս անբժշկական,

Ահաբեկվածիս խնամարկության համար՝ քո ոգին,

Երախտամոռիս հույս տալու համար՝ հանդուրժանքը քո,

Զորությունը քո՝ ամենադժնուս օծելու համար,

Հրամանը քո՝ քավելու համար մեղանչականիս,

Փախստականիս ապավինության համար՝ ոտքը քո,

Թևդ՝ սրդողիս պատսպարելու,

Բազմավրեպիս առաջնորդելու համար՝ լույսը քո,

Հանճարդ՝ ճար ու հնար գտնելու տարակուսյալիս,

Անիծյալիս ետ դարձնելու համար՝ օրհնությունը քո,

Խրախույսը քո՝ քաջալերելու հուսալքվածիս,

Վշտամորմոքիս մխիթարելու համար՝ բաժակդ,

Կամքդ՝ արձակելու սաստիկ նեղվածիս,

Սերդ՝ կանչելու դարձյալ ատելուս,

Խոսքդ՝ ցնցվածիս հաստատման համար,

Հոգեպես ծանր խոցվածիս համար՝ կաթիլն արյունիդ,

Մթերված անտես ցավերիս համար՝ հրամանը քո,

Իշխանությունդ՝ կրկին ընտրելու հուսահատվածիս,

Հատվածիս նորից պատվաստման համար՝ կցորդությունդ,

Մահվան խավարով ծածկվածիս համար՝ շողդ կենսաձիր,

Խաղաղությունդ՝ ալեխռովիս հանդարտման համար,

Օտարացածիս մոլեգնության դեմ՝ ողջույնդ հուսատու,

Եվ մոլորյալիս դարձի բերելու համար՝ ձայնը քո։

Դու ես գթությամբ տիրում բոլորին,

Քո մեջ խավարի ոչ մի հետք չկա,

Եվ առանց մեծիդ չկա բարություն.

Քեզ վայելում է փա՜ռք հավիտենից հավիտյանս. ամեն։