Բան ԻԹ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Դու բարիքների սկիզբն ես միակ, անճա՜ռ գթություն,
Որդիդ միածին բարձրյալ Աստծո,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար ներման փրկարան,
Ոչ թե կորստյան դատապարտարան,
Փոխարինելով չարն օրվա՝ կենաց
Մեծ ավետիսի ակնկալության։
Բժիշկ՝ հիվանդիս, մոլոր ոչխարիս՝ հովիվ հոգածու,
Ապավինածիս՝ բարեխնամ տեր,
Վշտամորմոքիս՝ անապակ գինի,
Վիրավորվածիս՝ սպեղանի-դեղ,
Փրկագործություն՝ մեղքով գերվածիս,
Մերժվածիս համար բարի օրհնություն,
Շնորհի կնիք՝ արհամարհվածիս,
Կողոպտվածիս՝ կոչումի օծում,
Ընկածիս՝ նեցուկ, գայթածիս՝ սատար,
Գահավիժածիս՝ հզոր ապավեն,
Տարակուսածիս՝ վերելքի սանդուղք,
Եղկելուս առաջ՝ երանության դուռ,
Մոլորվածիս դեմ՝ անշեղ ճանապարհ,
Պարտվածիս համար՝ ներող թագավոր,
Լքվածիս՝ քաղցր հուսադրություն,
Կյանքի ձեռնկալ՝ տարագրվածիս։
Բ
Ո՜վ մեծդ միակ և ամենառատ,
Որ բարիքների լիությունը քո
Սահմանում ես ու զեղում ավելի մեծ շռայլությամբ,
Քան կարող ենք մենք խնդրել, իմանալ,
Ըստ սուրբ Պողոսի օրհնաբանության։
Դու պատվիրեցիր, որ վաղորդայնից
Մինչև արևմուտ, օրնիբուն անդուլ, իրար ձեռք մեկնած.
Ինն անգամ հիսուն, չորս անգամ տասն հեղ՝
Անարգել սրտով ու սիրահոժար
Ներելով՝ միմյանց բարիքներ գործենք,
Որ վեր է ամեն ակնկալիքից։
Հապա եթե իմ թշվառության ու անարգության հետ
Համեմատելու լինենք փառքը քո,
Ամենակարող զորությո՜ւն ահեղ,
Աստվա՜ծ բոլորի, օրհնյալ տե՜ր Քրիստոս,
Ի՞նչ կշռաչափով պիտի կարենա հողս կշռորդվել,
Համազուգակցել ստեղծողիդ հետ.
Զի անհուն ես դու անբավ, անքնին,
Համակ բարություն, ցասման խավարին անմասն ու օտար,
Մինչևիսկ թիվն այն աստղերի, որոնց
Անէությունից տվիր գոյություն՝
Տարբերակելով իրենց հորջորջմամբ,
Կամ մթնոլորտում հեղված հյութն երկրի,
Որն ստեղծելով անգոյությունից՝
Կերտեցիր զանգվածն այս լայնատարած,
Քո մեծության մոտ անչափ ավելի փոքր կլինեն,
Քան վերոհիշյալ թիվն այն սակավ՝ իմ համեմատությամբ,
Որով եղկելուս դու քեզ նմանվել վարդապետեցիր։
Գ
Ահա ընկղմվեց ու ծածկվեց անհետ
Արարածներիդ չարությունն համայն
Քո երկայնամիտ կամքի լույսի մեջ,
Ինչպես չնչին մեգն արևի տապում.
Այդ են վկայում նաև հենց այստեղ
Մեր իսկ էության հատուկ բարքերն ու կրքերն ամենքի։
Քանզի մարդկանցից այն ո՜վ մեղանչեց՝ ու չապրեց զղջում,
Ո՜վ ապականվեց՝ ու չպատկառեց,
Գարշելի դարձավ՝ ու ամոթ չզգաց,
Սխալմունք գործեց՝ ու չապաշավեց,
Այդ ո՜վ կործանվեց՝ ու չհեծեծաց,
Ո՜վ գայթակղվեց՝ ու չվշտացավ,
Պարտություն կրեց՝ ու չպապանձվեց,
Չարաչար խաբվեց՝ չցավեց սաստիկ,
Ճաշակեց լեղի՝ ու չդառնացավ,
Բարձունքից ընկավ՝ ու չահաբեկվեց,
Կորցրած մեծության համար չսգաց,
Երանությունից զրկվեց՝ չլացեց,
Կողոպտվեց իսպառ փառքի շնորհից՝ ու չհեկեկաց,
Ո՜վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն.
Մերժվեց բարձրյալից՝ ու չհառաչեց,
Սպառնալիքից Աստծո՝ չսոսկաց.
Մի հանցանքի տեղ՝ հազար չավաղեց,
Այդ ո՜վ մերկացավ ձմռան օրերին՝ ու չդողդողաց,
Անօրինացավ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով,
Իր մեծության մեջ տեսավ ստրուկին՝ ու չկսկծաց,
Չարիքներ գործեց՝ չեղավ ինքնանեծ,
Լափվեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր,
Ո՜վ ամոթալի գործեր կատարեց՝ չձաղկեց իրեն,
Լրբության տրվեց՝ ու չնզովեց օրն իր ծննդյան,
Ո՜վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց,
Ծածկություններն իր տեսավ՝ չխնդրեց մահ ու կործանում,
Գաղտնիքներն հիշեց՝ ու չխորովվեց,
Աներևույթներն երևակայեց՝
Եվ ամոթահար չհակվեց գետնին։
Այդ ո՜վ չխառնեց հեշտասիրական իր մեղքերի հետ՝
Անշիջանելի բոցը հնոցի.
Ո՜վ պագշոտացավ՝ ու չպապակեց,
Կամովին գործած չարիքներն հիշեց՝
Ու չաղոթեց իր կորստյան համար,
Անպատմելիներն՝ ու չխռովվեց,
Անտանելիներն՝ ու չվշտացավ,
Մեծամեծերն՝ ու չհալվեց իսպառ,
Ապականիչներն իր անբծության՝ ու չտոչորվեց.
Հիշեց հանցանքներն, որ եղան պատճառ
Իր տարագրման՝ ու չտագնապեց.
Տեսավ իր դեմքի տեսքը աղտեղի՝
Ու չհամարեց իրեն արժանի վերնայնի ցասման.
Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դեմ
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր
Ու հեծեծանքներ հուսահատական.
Ո՜վ արքայական իր գահից զրկվեց՝
Ու չգալարվեց ջղաձգորեն.
Պերճ պսակի տեղ հող կրեց գլխին՝
Ու չմահացավ հոգով կրկնապես.
Ո՜վ պայծառափայլ պատմուճանի տեղ
Քուրջեր հագավ միշտ՝ ու չմորմոքաց.
Ո՜վ կյանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվերջ արյուն-արտասուք.
Այդ ո՜վ լուսեղեն զգեստների տեղ
Ծածկվեց խավարով՝ ու չնվաղեց.
Ո՜վ չթառամեց սիրելու սգից։
Դ
Ահա ճշգրիտ պատկերն իրական
Հանդիմանարժան վնասապարտիս.
Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ,
Իսպառ ցամաքած հյութալիություն,
Չորացած շրթունք, անշքացած տիպ, վշտագնած հոգի,
Այլափոխված ձայն, ծռված պարանոց։
Բնավ սխալված չէր լինի, եթե մեկն ասեր նաև՝
Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ,
Պարգև խնդրելուն անիրավասու երկչոտ տառապյալ,
Աղերսանքների իրավունքից զուրկ ծարավատոչոր,
Ինքնանարգելի հապաղկոտ, պղերգ,
Արդարալլուկ մերժված սովահար,
Ինքնանահատակ մահապարտ մի հեգ,
Արժանապատիժ մի վտարանդի,
Անձնանեծ թշվառ։
Սրան օրինակ կարող են լինել
Այն փարիսեցին, որն արդարագործ
Համարեց իրեն, սակայն կշտամբվեց,
Եվ մաքսավորն այն, որ ճանաչելով
Իրեն մեղապարտ՝ բարեհռչակվեց։
Ե
Արդ, եթե բոլոր այն չարիքները,
Որոնք հնարում և սերմանում է մեր մեջ շարունակ
Մոլորյալներիս գտնող բանսարկուն,
Մտցնում է իր օրվա հաշվի մեջ,
Հապա ինչո՞ւ դու նաև մեկ առ մեկ
Նկատի չառնես բարիքները այն,
Որ խնամակալ կեցուցչիդ կամքն է տնկում միշտ մեր մեջ՝
Արիացնելու համար մեր հոգին,
Ո՜վ բարեգութ տեր, հզոր ու հաղթող,
Մեղքերի քավիչ, ձեռներեց, հասու
Ամենայն ինչի, ամեն փրկության,
Դու, որ կարող ես չափազանց դյուրավ
Անդունդները խոր՝ երկնքի փոխել,
Խավարն անթափանց վերածել լույսի,
Լեղուց պատրաստել քաղցր մանանա,
Վշտահարների ողբը սաստկակոծ
Փոխարկել զվարթ հարսնահանդեսի
Եվ սրանցից էլ ավելին անել,
Տիրո՜ղդ ամենքին ահավորապես,
Փառավորյա՜լդ հավիտյանս. ամեն։