Բան ԻԸ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Արդ, ո՞ր մեկն ասեմ, ո՞րն հիշատակեմ,
Կամ որո՞նք հանձնեմ մեծիդ գթության,
Որքա՞ն գաղտնիքներ հիմա մերկացնեմ,
Կամ որո՞նք ասեմ խոստովանությամբ.
Այժմյաննե՞րը, որոնք հասցրել եմ արդեն ունենալ,
Թե՞ անցյալները, որ մթերեցի,
Գալիքնե՞րն արդյոք, որոնցից արդեն երկյուղ եմ կրում,
Թե՞ գայթումներս այն բազմասահ, որոնք ինձ տապալեցին,
Փոքրն իմ կարծիքով, որ Աստված, սակայն, մեծ է համարում,
Փութանցի՞կն՝ անորս, անկերպագրելի,
Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք ծանր են հույժ.
Մարմնական մոլի ախտե՞րն սպանիչ,
Թե՞ կորստաբեր կրքերն հոգեկան.
Երախայրիքի հաճո՞ւյքն հեշտական,
Թե՞ ավերմունքի թերմացքը վերջի.
Աննկա՞տը, թե՞ տեսանելին պարզ.
Ձեռնահպությամբ գործածնե՞րը, թե՞ նույնը՝ մտովին.
Խածոտումնե՞րը լայնական՝ հեշտին,
Թե՞ նետարձակման խոցերն անամոք.
Խորախո՞րն անչափ,
Թե՞ ամենասպառն ակներևորեն.
Պոռնկությո՞ւնը բազմագլխյան, թե՞
Ախտաժետումներն անբժշկելի.
Չարի բտո՞ւմը մարմնովս, թե՞ հոգուս սովը բարության.
Ախորժահոժար տրո՞ւմն Աստծո անախորժներին,
Թե՞ բռնադատման պարանով ձգվելն այդ նույն մոլության.
Մեղքե՞րս մահաձիգ, թե՞ հույսերն իմ սին։
Բ
Արդարև, ձորձերս հանած ինքնակամ խելագարի պես՝
Առականքներս ցուցադրեցի հրապարակավ,
Գործելով ընդդեմ այն իմաստունին,
Որն ասում է, թե ողջախոհ մարդիկ
Պետք է որ ծածկեն ամոթույքն իրենց։
Օտարացել եմ առաքինության
Ու հեռացել եմ բարի կարգերից,
Սրբության մեջ միշտ եղել եմ անսուրբ,
Իսկ կուսության մեջ՝ պիղծ ու անմաքուր,
Արդարության մեջ՝ ժանտ ու ամբարիշտ,
Բարեպաշտության մեջ՝ վնասապարտ.
Բերանով մոտ եմ եղել արարչին, մտքերով՝ հեռու,
Շրթունքներովս եմ լոկ պատվամատույց,
Ըստ մարգարեի, և ոչ թե սրտով։
Եվ եթե պետք է դեռ այստեղ հիշել քստմնելիներ,
Մի հանդգնություն, որ ծանր է պատժից,
Որպես Աստծո զրաջան ծառա,
Անկայուն մտքով, դեպի մահ տանող
Զույգ ճամփաների միջև վարանած՝
Ջանում եմ, սակայն չեմ շահում ոչինչ,
Հետապնդում եմ, սակայն չեմ հասնում,
Աճապարում եմ, բայց չեմ ժամանում,
Անձկությամբ այրվում, չեմ տեսնում սակայն,
Փափագում եմ միշտ ու չեմ հանդիպում,
Կարոտում, բայց չեմ պատահում բնավ.
Մեջս եմ ամփոփել երկրայինը ողջ.
Աղոթանվեր պատգամավոր եմ համայն աշխարհի։
Գ
Բայց դու, բարերա՜ր, ների՛ր բազմազան
Այս արատներն իմ, մտքում մի՛ պահիր.
Ավելի հեշտ է քեզ եղծել դրանք,
Քան ինձ՝ պատկերել հոգնատանջ ձեռքով.
Ահա և այժմ գրում եմ առանց ինձ խնայելու,
Որպեսզի ջնջես դու առատապես.
Չէ՛ որ հենց մեզ պես մեղավորների
Համար կոչվեցիր դու երկայնամիտ,
Ինչպես որ մաղթեց Եզրը երջանիկ՝ սրտի հեծությամբ,
Սաստիկ անձկացած, վհատված հոգով՝
Մտաբերելով աղետները այն, որ ինքն է պատմում։
Բոլոր մահառիթ կրքերով բռնված՝ տանջվում եմ և ես,
Ընկած գարշելի վիհն անդնդախոր
Ապականարար դժնի մեղքերի.
Չեմ էլ հավատում, թե մինչև անգամ,
Ըստ Հոբի խոսքի, դու ինձ կլսես։
Արդ, ինքնապարսավ անձնադատ գերիս
Կամավորապես ինքս ինձ մատնելով՝
Խոստովանեցի, որ իմ ձեռքով իսկ
Բոլոր կողմերից խափանել եմ ու փակել լիովին
Կյանքի, ապրելու ամեն մի հնար,
Որպեսզի փրկես մեղքերով այսպես պիրկ կապկպվածիս՝
Բարձրանալով ու փառաբանվելով կրկնապես, գովյա՜լ։
Դ
Արդ, հետևելով սուրբ մարգարեի բարի խորհրդին՝
Հոգովդ երգելով նրա հետ նաև աղոթում եմ ես՝
Հաստատուն հույսով քեզ ապավինած.
«Ձեզ հետ խոսք առեք,— ասում է Օվսեն,—
Դարձե՛ք ու ասեք ձեր տեր Աստծուն.
«Կարող ես դու մեր մեղքերը ներել»,
Որպեսզի, իրոք, բարիք ստանաք
Եվ բարօրություն վայելեք սրտով»։
Ահավասիկ հենց ինքն Աստված խոսեց,
Ո՞վ չի ցանկանա լսել իր տիրոջ.
Ինքն իսկ վկայեց,
Կարո՞ղ է մեկը նրան չհավատալ։
Ե
Նրա խոսքերն են վճիռ պաշտելի,
Սրբազան պայման, օրենք անփոփոխ,
Կենաց ավետիս, տերունի կանոն,
Բարիքների դուռ, սփոփման հրավեր,
Ճշգրիտ պատկեր, նվիրական գանձ,
Հիշատակ անեղծ, անմոռանալի,
Որոնցով և ես հավատ ստացած՝
Նույնն եմ հաստատում մարգարեի հետ.
Դու, իսկապես, տե՜ր, կարող ես ներել
Բոլոր մեղքերը մեր բազմաբեղուն,
Որով կրկնապես պիտի բարձրանաս
Ամենաթշվառ ու բազմակործան իմ հոգու հանդեպ։
Համայնին իշխող տիրակալն ես դու,
Ամեն ինչի մեջ ամենակարող,
Ամենուրեք ու ամենքին հասու.
Հաղթում ես բոլոր բռնություններին,
Ջախջախում, փշրում ամեն կարծրություն,
Խորտակում ամեն ընդդիմահար ուժ,
Ամեն խստություն վատնում լիասպառ,
Ընդոտնում ամեն ստամբակություն,
Անուշացնում ես դառնություն ամեն,
Քաղցրացնում ամեն դժվարամարս բան,
Զիջում, բաշխում ես պարտքերը բոլոր,
Ներում, ջնջում ես ամենայն հանցանք։
Զորավոր ես դու, կարող, բազմարվեստ, ամենահնար՝
Ընկղմելու ողջ մեղքերն ամենքի,
Անհետացնելու մեջտեղից իսպառ
Իբրև մի չնչին, անգոյության չափ աննշմար կայծ, որ
Ընկնելով ծովը տիեզերատարած՝
Կլանվում է ու չքանում անհետ։
Զ
Արդ, այս մատյանը ընթերցողների աղաչանքներով,
Հանուն քո որդու խաչի ու մահվան
Չարչարանքների, ո՜վ հայր գթության,
Ողորմի՛ր նրան, որն արտոսրածին
Ողբերգությունն այս ստեղծագործեց.
Նա, որ մեզ համար հորինեց դեղն այս կյանքի փրկության,
Թող ինքն էլ բուժվի քո անվամբ, հզո՜ր.
Որն այս գրքով մեզ խոստովանության ճամփան ցույց տվեց,
Թող որ պարտքերից լինի անարատ.
Եվ նա, որ կյանքի կանոնների այս պատգամ-մատյանով
Սովորեցրեց մեզ հպարտության թևերը կտրել,
Ինքն էլ ազատվի թող սկզբնական,
Միջին ու վերջին բոլոր մահառիթ
Փորձությունների չար կապանքներից
Եվ Երրորդությանդ բարեգործությամբ
Նորոգվի դարձյալ ու լուսավորվի.
Նրա հետ նաև մեզ կհամարենք մենք երջանկացած։
Է
Դու, որ գործել ես այսքան բազմազան
Անբավ հրաշքներ, հա՜յր ամենաստեղծ,
Անունդ ահավոր, ձայն սարսափելի,
Կոչում ընտանի, համբուրելի խոսք,
Ազդում հիասքանչ, հրաման ահեղ,
Էություն անհաս, գոյություն անճառ,
Իսկություն անբավ, զորություն անխույզ, կամք բազմաբարի,
Տերություն անծայր, մեծություն անչափ,
Բարձրություն վսեմ, անամփոփելի,
Անկշիռ քանակ, անբաղդատելի առավելություն,
Պատճառդ որդու հայրությամբ միայն, ոչ առաջնությամբ,
Անպարփակելի զորությամբ մեծիդ
Սաստի՛ր դիվական ջերմատենդը այս տագնապախռով,
Որ սպրդելով մտավ մեղքի հետ,
Որպեսզի փախչի մարդուց՝ զարհուրած
Երկնավոր գառիդ սխրալի անբավ արյան վտակից,
Որով թեպետև սրսկվեցինք մենք միայն մի անգամ,
Բայց մաքրվեցինք մշտնջենապես։
Ը
Արդ, արարչակերտ վսեմ խորհրդի
Այս պատկառելի խոնարհությունից
Թող որ ամաչի սատանան իր չար
Հրեշտակների գործերի համար,
Տանջվի, հալածվի,
Քո բնակության խորանից քշվի
Ու դուրս վտարվի խավարն արտաքին։
Ջնջի՛ր մեր դեմքից, մաքրի՛ր ողբերի արցունքներն անհետ
Ու մեր սրտերից՝ հառաչանքները այս հեծեծաձայն։
Հիշատակով այն տաժանատեսիլ,
Սահմռկեցուցիչ, դժխեմ, մահառիթ
Հեղուսահարման, որով բևեռվեց
Խաչ-աշտարակին միածինը քո,
Թող որ չարագործն ինքը կսկծա։
Կողահերձ սուրսայր հսկա սլաքի ուժգին բախումից,
Որով ստացավ նա վերքերն իր խոր,
Սկզբնարարը մահվան թող իսպառ լինի չարամահ։
Քանի որ հոգին ավանդած պահին
Գրկումդ խոնարհեց գլուխն իր գովյալ,
Ապստամբությունն անբարեբարո
Բելիարի թող ի կոր կործանվի՝
Ըստ ամենայնի մատնված կորստյան։
Եվ որովհետև իսկությունն անմահ
Թաղվելով ծածկվեց երկրի արգանդում,
Թող որ դրանով հպարտությունը հոխորտ գոռոզի
Մահվան դժոխքի խավար հատակում տեսնի ինքն իրեն.
Հիշի՝ կենարար չարչարանքներով ամենազորի
Կրած առաջին այն հարվածն անբույժ,
Որով մահացավ ընդդիմությունը թունոտ վիշապի։
Թ
Խոստովանում եմ այս ի փառս քո, հա՜յր ողորմության,
Ի գովեստ որդուդ՝ սուրբ Հոգով հանդերձ,
Զի խորախորհուրդ ձեր միության մեջ
Մեկդ մյուսից խորթ, օտար ինչ-որ զորություն չունի.
Ուստի անսկիզբ անձնավոր բանիդ փառաբանելով՝
Մեծարում ենք և հորդ անժամանակ։
Քեզ՝ միասնական սուրբ Երրորդությանդ,
Հավասարափառ տերությանդ հզոր,
Ինքնությանդ անքակ համագոյակից՝
Օրհնաբանությո՜ւն, գոհաբանություն, զորավորություն
Եվ վայելչություն անճառ մեծության,
Միաբանություն ու զուգակշիռ
Հավասարություն հավիտյանս. ամեն։