Բան ԻԳ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Տե՜ր ամենայնի, Աստված, զորավոր ամեն ինչի մեջ,

Անպարագիր ու անվայրափակ տեղ բոլորի համար,

Ամբողջ իսկությամբ ամենքին մոտիկ.

Դու չես պարփակվում տարածության մեջ,

Սակայն առանց քեզ սահմաններ չկան,

Չես երևում, բայց առանց լուսավոր

Քո ծագման չկա տեսավորություն,

Վսեմագո՜ւյն փառք և անհաս անուն,

Մեծության կոչում, ձայն անբավության,

Անքննելի ու անճառ իսկություն,

Անմատույց հեռու, ընդհուպ մերձավոր,

Տեսնող հեծության ու թշվառության,

Տրտմության հասու և անճարության ճար ամենաբույժ,

Ծագող գթության, ողորմության հայր,

Աստվա՜ծ սփոփման, մխիթարանքի։

Բ

Տե՜ր, ողորմությամբ նայիր դառնավիշտ

Ու բազմավտանգ ախտ ու կրքերով տանջված պատկերիս,

Որ տարածում եմ ահա քո առաջ.

Կարեկի՛ց եղիր ինձ որպես բժիշկ

Եվ ո՛չ թե կանչիր դատաքննության իբրև դատավոր։

Արդարև, մեծ է ցավն ու վտանգը

Վարանումների ու տագնապների,

Երբ որ մարմինդ մեղքով է լափված,

Իսկ ինքդ դարձյալ դժնի գործերից մեկուսացված չես.

Պարավանդված է կամքդ մոլեկան ցանկություններով,

Բաղադրությունն ամբողջ զանգվածիդ

Շաղախված է լոկ կրքով մահաբեր,

Սրտիդ խորքերում զգում ես միայն խայթեր խոցոտող,

Անհետացել է ակնկալությունն ամեն բարիքի,

Երբ որ բանական լինելով հանդերձ՝

Դասված ես կարգը անասունների,

Ողջ գոյությանդ շարամանված է զազիր գարշություն,

Արտաքուստ՝ առողջ, վիրավորված ես, սակայն, ներքնապես,

Հուսահատված ես հավիտենաբար

Ծանր հանցանքներիդ հիշատակներով,

Տագնապախռով ու տարակուսված՝ նախագործածից,

Աղերսանքներիդ հստակությունն է իսպառ պղտորվել

Ու ճենճերված ես միշտ չարակասկած տվայտանքներով,

Երբ ձեռքդ մաճին՝ հետքում թողածն ես դարձյալ որոնում,

Հայացքդ թեև ուղղված է առաջ,

Ոտքերով, սակայն, ընկրկում ես ետ,

Էականներին լինելով հասու՝

Անէներից ես խաբված շարունակ,

Մտամարտության ժամին պարտված ես չքոտիներից,

Սրտիդ թառանչից հագագիդ ելքն է լափված հրդեհով,

Խոնավությունն է ցամաքել քիմքիդ բոլոր մասերում,

Բոլոր կողմերից պարփակված ես լոկ միգով անարև

Ու սեղմվել է քեզ ընդհուպ հորիզոնն ակնկալության,

Երբ անտանելի տառապանքներն են աչքերիդ առաջ,

Թշվառ կորուստն ես միշտ մտաբերում,

Դատակնիքն է դաժան հատուցման

Մտքիդ մատյանում արձանագրված,

Երբ բարերարի աչքն է երևում միշտ ցասումնալից,

Հողազանգվածիս դեմ զայրագնած է լույսը բնությամբ,

Ահեղությունն է Էի ընդհարվել

Մարդկային փոքրիկ բնությանս հետ,

Բարկությամբ է միշտ որոտում ընդդեմ մոխրիս բանական

Եվ կոշկոճում է իր արդարության

Քարերով մահվան արժանավորիս,

Երբ որ տաղանդս եմ կորցրել այստեղ անառակությամբ,

Պատվական ձիրքս իբրև անարգ բան թաղել եմ հողում,

Տքնություններիս արգասիքը ողջ

Ծածկել եմ թանձր մութով ծուլության,

Որն իբրև հեռու տարված, չքացած

Մի ճրագի լույս էլ չի երևում,

Երբ իրավազուրկ լեզուս է դարձել համր ու կարկամ,

Պապանձ են արդար դատապարտությամբ շուրթերս անհամբույր,

Հուզումնածվատ մտքերս են ցնդել,

Եվ հիմարացած՝ ո՛չ հասկանում եմ օգուտը կյանքիս,

Ո՛չ էլ հասու եմ բարու ընտրության,

Ընթացքիս ելքն է չարից խափանվել,

Եվ վառարանը յուղիս լցված է հնոցի մոխրով,

Անունս է ջնջված կյանքի մատյանից,

Ու երանության փոխարեն՝ այնտեղ

Արձանագրված միայն կշտամբանք։

Գ

Թե զինվոր տեսնեմ, մահ եմ սպասում,

Թե պատգամաբեր՝ արհավիրքի բոթ,

Եթե գրագիր՝ կորստյան մուրհակ,

Թե օրինապահ՝ անեծք ու նզովք,

Եթե քարոզիչ՝ ոտքերի փոշու թոթափում միայն,

Եթե բարեպաշտ՝ հանդիմանություն,

Եթե անզգամ՝ կսկիծ ու մորմոք։

Թե ջրով փորձվեմ, պիտի խորտակվեմ,

Թե դեղ ընդունեմ, պիտի մահանամ։

Եթե տեսնում եմ ինձ հասնող բարիք,

Փախուստ եմ տալիս՝ չար կասկածներով,

Թե բարձրացրած ձեռք՝ կորանում նկուն,

Թե մի խրտվիլակ՝ սարսում ահաբեկ,

Ընդոստնում՝ ամեն թեթև թնդյունից,

Դողում, երբ հանկարծ հրավիրվում եմ խրախճանության։

Իսկ եթե մեծիդ ես ներկայանամ, պիտի սարսափեմ,

Պիտի կարկամեմ, եթե կանչվելու լինեմ հարցումի,

Եթե իրավամբ քննվելու լինեմ, պիտի համրանամ։

Դ

Արդ, իրար վրա կուտակված այսքան

Ամենաթշվառ ու ողորմագին վիշտ-տագնապներս,

Որ զգայության խորքերում սրտիս գոյատևելով՝

Անբժշկելի ցավերով՝ ներքուստ

Խոցոտում են այն նետերով անտես,

Որոնք մշտակիր, անարտաքսելի,

Հանապազամուխ ու հարամնաց խրված հոգուս մեջ,

Ամբողջությամբ այն լցրած շարավով

Ու պատճառելով կրկնակի հարված՝

Չարաչար մահս են կանխագուշակում։

Գաղտնի, ծածկապես ներսս մթերված՝

Երկաթը պատող թարախը անվերջ տագնապում է ինձ՝

Շնչառությանս միջոցին ներքուստ

Անբուժելի ու խորը վերքերի ցավեր ազդելով,

Որից նվաղած ձայնիս չարաչար աղաղակները,

Արտասվախառն ու կողկողագին

Թախիծով հոգուս, իղձ-աղերսներով,

Այլև ինձ համար՝ ինձ հետ աղոթող՝

Երկրաստեղծ բոլոր նահատակների

Ամենանվեր ողբ ու հեծությամբ՝

Այս ստորային վայրերից դեպի

Ամենահնար բարեգործիդ եմ երկինք առաքում։

Շնորհի՛ր, ո՜վ տեր, անդորրություն ու հանգստավետ կյանք՝

Զուր աշխատությամբ խեղճ հոգնաբեկիս,

Դո՛ւ, որ համայն ես ամեն ինչի մեջ

Եվ ամեն ինչով միշտ փառաբանված։