Բան ԻԲ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Այլաբանական նույն եղանակով,
Նույն պատկերներով, չափով շարունակ
Բարդելով՝ այստեղ պիտի մատուցեմ
Կշտամբանքները նախատված անձիս։
Կսկծեցուցիչ խոսքերով տրված
Հանդիմանական դատավճիռն այդ
Ամենագետը թերևս համարի
Բոլոր իմ գաղտնի ու չար գործերի
Ճշմարիտ, անկեղծ խոստովանություն։
Բ
Խոսուն մի ձի եմ, կարծրերախ, անսաստ,
Սանձակոտոր ու երասանարձակ,
Հովանակ՝ վայրագ, անկիրթ, անհամբույր,
Լծկան՝ խրտնկոտ, անվարժ, թյուրընթաց,
Մարդ եմ մոլեգար, կորած, տարագիր,
Մանուկ՝ մեղսագործ, անխրատ ու հեստ,
Տնտես՝ մահապարտ, տարտամ ու անգործ,
Բանական՝ զազիր, անասնաբարո ու գազանակերպ,
Ձիթենի՝ լքված ամայի վայրում, անպտուղ ու գոս,
Մարմին եմ՝ հոգուս թախիծ պատճառող, տանջող ու դատիչ,
Վիրավոր՝ անբույժ, անօգ, անփրկում,
Ոսկի շարոց եմ մի կայսերական՝
Այժմ վատնված ու կորած անհետ,
Թշվառ մի ծառա՝ միշտ սխալական ու վտարանդի։
Գ
Ահա կամովին ինքս իմ հանդեպ
Եղա անձնամատն ու մարմնակործան,
Ընդմիշտ մտախաբ ու հոգեկորույս,
Սաստիկ կամակոր, սրտաբեկ ու խենթ,
Անզգա, անմիտ ու խելացնոր,
Հայրատահայաց ու եղեռնալուր։
Բոլոր կողմերից համակ մահաբեր երկունքով լափված՝
Պիտանի չեմ ես, տե՜ր իմ, ոչնչով ընտիր գործերիդ.
Ողբում եմ հիմա այն որովայնը, որ ծնել է ինձ,
Ստինքները այն, որ ինձ սնեցին.
Ինչո՞ւ կաթի տեղ ես չծծեցի մակարդված լեղի,
Քաղցրի փոխարեն ինչպե՞ս չստացա դառը կերակուր։
Դ
Եթե ես ինքս եմ կանգնել իմ հանդեպ
Այսքան խոսքերով դժնի դատախազ,
Եվ բարկությանս սուրն է տակավին անխոնարհելի,
Երկրածիններից ո՞վ, ո՜վ կարող է էլ ինձ ողոքել։
Պիտի ծանակեմ, ինչ որ կա իմ մեջ,
Պիտ պատժապարտեմ էությունս ողջ
Ու գանակոծեմ այս վնասակար գնդերը համայն,
Պիտի ընդվզեմ անձս խոցոտող բանակների դեմ,
Զգայությանս գլխավորներին պիտի կշտամբեմ։
Մեղանչեցի ես ամեն ինչի մեջ
Եվ ամեն ինչով, ողորմի՛ր, գթա՜ծ.
Նոր չէ, որ գտար իմ մեջ մառախուղն հանցապարտության,
Այլ նույնն եմ հավետ, մեղապարտության նույն արատներով.
Անկարկատելի ձորձերով ահա
Նույն հանցավորն եմ, կանգնած քո առաջ։
Եվ դո՛ւ, միայն դո՛ւ, իսկապես գթա՜ծ, օրհնյալ, մարդասեր,
Անայլայլելի քո ներողությամբ
Շտապեցիր ինձ փրկելու համար աջ կողմս կանգնել։
Ե
Արդ, խնամակալ, երկնավոր, բարի
Հաստիչ ամենքի՝ անգոյությունից,
Կայծակը հզոր քո իմաստության
Մատուցի՛ր լեզվիս ներազդող բոլոր գործարաններին՝
Մաքրելու համար քո ձեռակերտած
Զգայարաններն իմ գոյացության,
Որ կարողանամ ես էլ նրանցով,
Որոնք ստեղծել ու բուժել ես դու,
Նոր պատրաստությամբ, աննվազ ձայնով, անհատ բարբառով
Վերընծայել քեզ գոհաբանություն՝
Ի փառս մեծության քո հոր՝ մեր Աստծո, հավիտյանս. ամեն։