Բան ԻԱ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Արդ, որովհետև անձամբ ինքս ինձ մատնեցի մահվան,

Չկանգնեցի ես որպես մարդ ոտքի,

Չունեցա երբեք բանականի միտք, Գրքի համաձայն,

Չհեռացա իմ նախկին ընթացքից,

Չընթացա բնավ ճիշտ ճանապարհով,—

Ինչո՞ւ, ուրեմն, այս գլխում բոլոր

Այդ խոտորնակի խավար հետքերը չցուցադրեմ։

Ահա և խոսքիս նախընթաց ձևն ու

Իմաստն այստեղ էլ պահած անփոփոխ՝

Կխոստովանեմ նաև մնացած

Ախտաբծերն իմ չարագործության։

Բ

Արժանապատիժ ժանտագործս օտար

Սկզբնաչարի գունդն աճեցրի անսաստ ընթացքով՝

Իմ պղերգությամբ առթելով զազիր,

Ճարտար, խաբեբա, կայտռուն դևերին

Կայթ ու կաքավում, ցնծության հանդես

Եվ այդ կործանված ժանտ դահիճներից

Ստացա անվերջ հարվածներ գաղտնի, խոցեր աննկատ։

Ոչ թե փութաջան հալածեցի այդ

Հիսուսի խաչով վտարվածներին,

Այլ զորացրի նույնիսկ կրկնապես։

Եվ ողորմելուս անօրենության պատճառով ահա

Դիվականների մեջ հայհոյվում է անունն Հիսուսիդ,

Ինչպես երբեմն հեթանոսների

Մեջ՝ Իսրայելի պատճառով եղավ։

Ոչ թե անխնա բնաջնջեցի,

Այլ սերմանեցի ու աճեցրի հենց ինքս իմ մեջ

Հոգուս ծաղիկը ուտող ու վատնող

Ապականագործ ու վնասակար բյուր պատուհասներ՝

Ժանգ ու թրթուրներ, ուտիճներ պես-պես,

Որ, Իսրայելի մասին խոսելիս,

Իբրև օրինակ ավազակների, չար ոգիների,

Դեռ սուրբ Հովելն է նկարագրել

Իր հրաշալի ողբերգության մեջ։

Ինքս հավաքեցի ու կուտակեցի

Անթիվ մահազեն մարտիկներ իմ դեմ.

Գոյություն տվի լիրբ ու անիրավ կշտամբիչների

Եվ զորացրի լպիրշ, անզգամ

Ու անհաղթելի հակառակորդներ.

Քաղցրի փոխարեն դառնություն առա ինձ որպես բաժին,

Արարչի հանդեպ նենգավորս միշտ

Եվ բանսարկուին հավատարիմս հավիտենապես։

Գ

Ավա՜ղ աղետիս, վիշտ ու վտանգիս.

Խավար ամոթիս, մութ անարգանքիս.

Եվ ինչպե՞ս, ինչպե՜ս պիտի բոլորն այդ

Հանդգնեմ խոսքով հրապարակել։

Մեծ են ողբաձայն աղաղակներն իմ ու անտանելի.

Թե հնար լիներ տեսնելու հոգիս,

Որքա՜ն պիտի այն երևար տգեղ,

Նվաղ, ուժասպառ, լիովին հյուծված,

Ողբագին ցավով մատնված վերջին վարանումներին,

Մրոտված, աղտոտ՝ զազրելի գույնով,

Ինչպես մեհյանի մի պաշտոնատար.

Քանզի նույն բանն է՝ սպասավորել կուռքին ձուլածո

Կամ թե ծառայել մեղքերի ախտին։

Դ

Արդ, ես գնացի այս խավարահետ կորստյան ճամփով

Եվ քո ցանկալի բաժինը դարձրի անկոխ անապատ,

Ըստ մարգարեի ամբաստանության՝

Իսրայելական քահանաներին։

Ինչպե՞ս համարեմ ես ինքս ինձ մարդ,

Երբ կարգն եմ դասված տմարդիների

Կամ ինչպե՞ս պիտի բանական կոչվեմ,

Երբ անբանների կցորդ եմ դարձել իմ հիմարությամբ.

Ինչպե՞ս կարող եմ անվանվել տեսնող,

Ես, որ իմ ներքին լույսերն եմ մարել.

Եվ ինչո՞ւ պիտի ունենամ համբավ զգայականի,

Երբ իմացության դռներս են փակված.

Ինչո՞վ կարող եմ ցույց տալ ինձ որպես անեղծի տիպար,

Երբ անձնասպան եմ եղել հոգեպես։

Նույնիսկ շարժուն ու շնչավորական

Իրավունք չունեմ ինքս ինձ կոչելու,

Թող թե հոգևոր և կամ բանական։

Ե

Անպետքագույնս անոթներից ողջ,

Անարգագույնս որմնաքարերից,

Արհամարհվածս կանչվածների մեջ,

Կոչնականներից վատթարս տրուպ։

Սուրբ Երեմիայի խոսքի համաձայն,

Բռնված ցավերով ու տանջանքներով Երուսաղեմի՝

Ահաբեկվել ու սմքել եմ մահվան արհավիրքներով՝

Բոլորից լքված ու անմխիթար.

Օրերս հատնեցին հեծությամբ անվերջ,

Իսկ տարիներիս ընթացքն՝ անհատնում հառաչանքներից,

Ըստ սաղմոսողի նվագերգության։

Զերթ ասվին՝ ցեցից ու փայտը՝ որդից,

Ըստ իմաստունի, ես էլ հալվեցի խիթերից սրտիս.

Ըստ հոգերգողի, սարդոստայնի պես

Մաշվեցի իսպառ ու դարձա խոտան.

Ըստ մարգարեի,

Ինչպես փութանցիկ առավոտվա ամպ

Ու վաղորդյան ցող, անհետ ցնդեցի։

Զ

Սակայն ես հույսն իմ ինչ-որ մի մարդու վրա չեմ դրել,

Որ մարգարեի անեծքն ստացած՝ վհատվեմ անհույս,

Այլ քեզ վրա լոկ, տե՜ր իմ ոգեսեր,

Որ անգամ խաչիդ բևեռված պահին,

Առլեցուն սիրով բարեգթության,

Չարչարողներիդ համար մինչևիսկ

Քո բարձրյալ հորից աղերսում էիր մեծ ողորմություն։

Շնորհի՛ր նաև ինձ հույս քավության, կյա՜նք ու ապավեն,

Որպեսզի թշվառ շունչս փչելիս

Ստացած լինեմ քո բարի հոգին։

Եվ քեզ, Սուրբ Հոգով, բարձրյալ հորդ հետ,

Հաղթություն և փա՜ռք հավիտյանս. ամեն։