Բան Ի
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Տե՜ր անոխակալ ու երկայնամիտ,
Ներող, բարեգութ, հզոր, ողորմած,
Ճշմարիտ են քո գործերը բոլոր,
Դատաստաններդ խոստովանված միշտ,
Ու վկայված են վճիռները քո, տեսնո՜ղ ծածկության։
Երեք երջանիկ մանուկների հետ,
Որ Բաբելոնում կիզանուտ բոցով
Փորձվեցին, սակայն չվնասվեցին,
Նրանց թախծագին երգերով նաև ես եմ հառաչում.
«Ես մեղանչեցի, անօրինացա,
Հանցանք գործեցի, ապստամբեցի
Եվ չանսացի քո պատվիրաններին»։
Եվ քանզի նրանք հանցանքից մաքուր լինելով հանդերձ՝
Խոստովանաբար այսպես գոչեցին,
Ապա պետք է որ ես՝ մեղապարտս,
Նաև ուրիշներն ավելացնեմ։
Պիտի հառաչեմ և երանելի մեծ մարգարեի՝ սուրբ Դանիելի հետ,
Որն հարազատ ու ազգական էր քեզ,
Հուդայի ընտիր տան շառավիղից,
Իր ընդունելի և նվիրական պաղատանքներին
Գումարելով և իմ՝ պատժապարտիս
Կողմից բարձրագոչ այլ հեծեծանքներ։
Բ
Թեև գիտակից, սակայն անպատշաճ,
Զարտուղի, խոտոր ճամփով ընթացա
Ու մոլորվեցի դժնդակորեն,—
Որ մեղանչում է կատարելապես ըստ ամենայնի։
Ոտնահարելով քո կամքով հաստված
Ամեն մի սահման՝ դուրս ընդոստնեցի,
Գործելով ստույգ անօրենություն։
Չարագործության չափն անգետների՝ հասցրած իր լրման՝
Բազմապատկեցի ինքս էլ, նյութելով նորեր տակավին,—
Որ օրինակ է իսկական դժնի հանցագործության։
Սաստեցիր, սակայն ես չսոսկացի,
Հորդորեցիր, բայց չանսացի երբեք,—
Որ պարզ նշան է ապստամբության։
Գ
Քեզ արդարություն հարդարեցիր, տե՜ր,
Ինձ պատրաստեցիր լուտանք ու ամոթ.
Քեզ՝ վայելչական փառք ու մեծություն, իսկ ինձ՝ նախատինք.
Քեզ՝ քաղցր հիշատակ, ինձ՝ մաղձ, քացախված կատարելապես.
Քեզ՝ անլռելի բարեբանություն,
Իսկ ինձ՝ ողբաձայն աղաղակ ու կոծ.
Քեզ՝ օրհներգություն, երանությամբ լի,
Իսկ ինձ՝ հուսամերժ տարագրություն.
Քեզ՝ իրավունքներ արժանավայել,
Իսկ ինձ՝ դատաստան ամենավարան.
Քեզ՝ անճառելի դրվատանք ու գովք,
Իսկ ինձ՝ միմիայն մոխիր լիզելու խայտառակ պատիժ։
Դ
Ընտիր բարության ո՜վ անկշռելի անսահմանություն,
Արդ ընդունեցիր քո ընտրյալներից
Դու քեզ արժանի ու ախորժելի բույրը կնդրուկի,
Մինչդեռ ես այստեղ, ըստ արժանիքիս,
Ստացա միայն դրա համեմատ
Բազմակրկնակի բարդված պարսավներ։
Բայց եթե այսպես անբիծներն էին նաև աղերսում,
Հապա ինձ համար, որ դժնաբարո
Բոլոր մարդկանցից խիստ վրիպեցի,
Նախատինքների ի՞նչ տողեր հյուսեմ։
Անառակ վարքով մոլոր ընթացա հանց վայրենամիտ.
Շրթունքներովս համարձակվեցի
Բարբառել անվերջ երկրասեր խոսքեր.
Խենթի մոլությամբ սիրահարվեցի
Ամոթալի ու զազիր գործերին։
Փքվեցի անզուսպ, վերացա ես, որ
Քիչ հետո մահվան հողն եմ իջնելու.
Գոռոզացա ու բարձրամտեցի,
Երբ նույնիսկ հոգուս գրավականի՝
Շնչառությանս տնօրենը չեմ։
Ե
Ամբարշտացա փոշիս շնչավոր,
Սնապարծեցի կավս ձայնավոր,
Պանծացի հոխորտ հողս անարգության,
Ի վեր խոյացա մոխիրս մերժելի,
Բազուկ բարձրացրի բաժակս փշրելի։
Տարածվեցի շա՜տ, վեհագույններից ավելի անգամ,
Սակայն ետ մղված՝ նորից ինքս իմ մեջ ներամփոփվեցի.
Բարկության բոցով ժպրհեցի ցոլալ տիղմս բանական.
Մեծամտեցի որպես մի անմահ
Ես, որ մահվան եմ ենթակա անբան չորքոտանու պես։
Գիրկս բաց արի այս կյանքի սիրուն.
Դեմքի փոխարեն թիկունք դարձրի քեզ.
Մտքիս թռիչքով մութ խորհուրդների միջով սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությամբ հավետ վատեցի.
Ձախ կողմիս ուժգին զորություն տալով՝
Տկարացրի աջիս ուժերն ու հաղթեցի նրանց.
Հոգածությունդ իսկ տեսա իմ հանդեպ,
Որ այստեղ գրել չեմ կարող, սակայն չպատկառեցի։
Զ
Վայրի հավքի պես դեպի վաղեմի
Սովորությունն իմ նորից սլացա,
Ինչպես երբեմն Եփրեմի մասին ասել է Օվսեն.
Աղոթքիս պահին նույնիսկ այս կյանքից չկտրվեցի.
Նժույգը մտքիս ոտքի հաստատված չպահեցի ես
Բանականության երասանակով.
Հին չարիքների վրա բարդեցի նորերն ինքնաստեղծ.
Ըստ Հոբի խոսքի, իմ իսկ ձեռքերով
Պրկվեցի ծանր ու անտանելի անուրների մեջ,
Ըստ Երեմիայի, ինքս իմ ձեռքով
Անկարկատելի մի գոգնոց դարձա,
Ըստ առակողի, անանվանելի մի վիժվածքի պես,
Մարդահամարից իսպառ ջնջվեցի։
Եսայու խոսքով, զազրացա ինչպես
Դաշտանավորի ապականված լաթ.
Թրծված խեցեղեն մի ամանի պես
Փշրվեցի մանր, անարծարծելի.
Ըստ մարգարեի՝ Եդովմին ուղղված հանդիմանության,
Անօրենության չորրորդ՝ սատակման չափից էլ անցա։
Եվ մի՞թե պիտի սուտ լինի, եթե
Ավելացնեմ սրանց նաև այն,
Որ ձեռք բերեցի Մողոքի վրանն այն դիվանվեր,
Որպեսզի դժոխք ժառանգեմ բաժին.
Երկնայինն այսպես լքած՝ մինչևիսկ
Բաբելական այն Ռեփան աստղի
Ձևապատկերը պատվեցի սիրով,
Ինչպես Սինայում իսրայելացիք։
Է
Ես, որ մերժվելով նախկին շնորհի արտոնությունից,
Նրանից զրկված, քշված՝ հեռացել բաժանվել եմ արդ
Ու կտրվել եմ անպատվաստելի,
Այժմ վերստին քեզ եմ դիմում, տե՜ր,
Ընդունի՛ր դարձյալ ու վերակերպի՛ր հոգու պատկերով
Ինձ, մահապարտիս, կյանքին անարժան,
Իբրև չարագործ, սևերես, դարձած
Նենգ բանսարկուի ոտքերի կոխան,
Որպես մանրատված անբժշկելի,
Գարշացած, հասած հատակը մահու,
Քո կոչման համար այլևս անպիտան,
Քշված կորստյան, վանված, դեգերած,
Վարանած, թշվառ, կործանված, վհատ.
Խորտակված, ջարդված,
Անարգված, հոգով տրտում ու թախծոտ։
Ը
Ականջ դնելով, սակայն, խոսքերին իմ ողորմաղերս,
Գթա՜ծ, մարդասեր, հզոր, ընդունի՛ր
Ինձ դարձյալ՝ որպես արդեն զղջացած,
Խոստովանանքով ոտքերդ ընկած ապաշխարողի,
Դու, որ կշռելով՝ մեծ ես համարում
Հառաչանքն հոգու, ձայնն հեծեծանքի,
Շուրթերի կսկիծ, լեզվի ցամաքում,
Բարի ցանկություն ու ձգտում, բխած սրտերի խորքից,
Փրկությո՜ւն մարդկանց, բոլորի հաստող,
Տեսնող դեռևս չգործվածների
Եվ աներևույթ վերքերի բժիշկ,
Հուսացողներիդ ապավեն, պաշտպան,
Ամենքի համար բարեխնամ տեր,
Ամեն բանում քեզ փա՜ռք հավիտենից հավիտյանս. ամեն։