Բան ԺԹ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Նայի՛ր, անձկալի կյանքի հուսատու ամենատե՜ս աչք,

Ցավագնած սրտիս հեծեծանքների

Աղաղակներին դառն ու մեծագոչ։

Անհա՜ս մեծություն, անուն ահավոր,

Բարբառ կենդանի, փափագելի լուր,

Ըղձալի ճաշակ, պաշտելի կոչում,

Բարություն անբավ, ազդում տոնելի,

Խնկյալ իսկություն, գոյություն օրհնյալ,

Տե՜ր Հիսուս Քրիստոս, հորդ հետ գովված, ու երկրպագված,

Բարեհռչակված քո սուրբ Հոգու հետ,

Դու, որ մարմնացար մեզ համար՝ ըստ մեզ,

Որ մեզ դարձնես ըստ քեզ՝ քեզ համար,

Լո՜ւյս ամենայնի, համակ ողորմած, հզոր, երկնային,

Աղաչում եմ քեզ, ջարդված, խորտակված,

Լուծված հողանյութ անոթիս նորեն

Վերստեղծելով հրաշակերտի՛ր։

Ինձ, որ պատկերդ եմ, մեղքով հնացած,

Քուրաներիդ մեջ ձուլի՛ր վերստին խոսքիդ հրայրքով։

Քո հանգստարան-խորանի՝ մարմնիս

Շինվածքը խախտված, պահապան հոգուս հետ, պաղատում եմ,

Մաքրագործի՛ր քեզ ի բնակություն։

Չար գործերիս տեղ նույն փոխատրությամբ մի՛ հատուցիր ինձ։

Արբած եմ ահա, ըստ մարգարեի, բայց ոչ թե գինով.

Քո հրամանով, ազատարար ու ամենակեցույց,

Թափի՛ր, բարերա՜ր, մահվան բաժակիս

Թմրաբեր մրուրն անօրենության,

Որ վերջին օրս հատուցման ժամին քոնը չքամեմ։

Բ

Արդար ես դու միշտ քո դատաստանում.

Թե մատնես մահվան, իրավ կլինես,

Թե դատապարտես՝ այժմ իսկ, այստեղից հենց սկսելով

Կշտամբանքները քո տանջողական,

Ճշմարիտ կլինի հատուցումը քո.

Թե անդունդների խորքերը սուզես,

Խափանես ամեն կենդանի շարժում,

Ունայնացնես ուժը խոսքերիս,

Եթե աչքերիս պատուհանները ստվերածածկես,

Կյանքի ճաշակը ետ առնես ինձնից,

Զրկես կերակրից ընդհանրական,

Օրերս կարճես,

Եթե անձրևող քաղցր ցողի հետ նաև հուր տեղաս,

Խոսքդ լսելու սովով ինձ լլկես,

Խցես դռները զույգ ականջներիս,

Շնորհիդ ձիրը կտրես ինձանից,

Ոտքերիս տակից գետինը սարսես,

Հեռացնես քո լույսից անձկալի,

Եթե աշխարհից վտարես իսպառ,

Ահաբեկես ինձ շանթ ու կրակով,

Անբժշկելի ցավերով տանջես,

Մատնես դևերին ժանտ ու անողորմ,

Տաս ծվատելու խոլ գազաններին,

Հանձնես ամեհի հողմերի ցասման,

Եթե պատրաստես և նորահնար այլ տանջարաններ,

Տարտարոսից ժանտ, գեհենից դժխեմ,

Որդերից թունոտ, մթից ահազդու,

Խորխորատից իսկ սահմռկեցուցիչ

Եվ մերկությունից ավելի թշվառ,—

Կհաստատեմ հենց ես ինքս անձամբ,

Որ բոլորին էլ հույժ արժանի եմ։

Գ

Որպես մեղքերով փոխադարձաբար պայմանավորված,

Նրանց հետևանք, արդյունք, էակից՝

Հատուցումները արտահայտությամբ

Չափազանց հար ու նման են նրանց,

Միշտ նույնօրինակ ու զուգակշիռ։

Որպեսզի միտքն այս հետաքրքրողը ուղիղ հասկանա,

Անհրաժեշտ է, որ խոստովանաբար

Քողը ետ տարվի խոսքիս երեսից.

Այսպես, քանի որ բնավ ընկերոջ հոգս ու վշտերին

Ջերմագին սիրով չկարեկցեցի,

Արդարությամբ արդ հենց առաջին իսկ վտանգի պահին

Սառում եմ այսպես սաստիկ տագնապած.

Քանզի տռփական ցանկություններիս

Մոլագարության՝ սանձ չդրեցի,

Արժանի կերպով կրում եմ այժմ

Անզովանալի հրայրքը կիզման.

Զի չսիրեցի լույսն ավետիսիդ,

Արդար հատուցմամբ կորստյան մեգի

Անելանելի թանձր խավարում

Դանդաչում եմ արդ մոլորագնաց.

Քանի որ մանր ու փոքր հանցանքներից չխուսափեցի,

Հաշվելով դրանք անվնասակար,

Հիրավի խայթված խոցոտվում եմ արդ

Խածնող զազրելի, գարշ զեռուններից.

Զի աղետի մեջ ընկած թշվառին

Օգնելու համար ձեռք չմեկնեցի,

Տեղին է, որ հենց նույն ձևով ինքս էլ

Ապականության գբին մատնվեմ։

Դ

Ո՛չ աստվածային ամենաբարի

Քո գանձերից, տե՜ր, որևէ չարիք կարող է լինել,

Ո՛չ ճաճանչներից քո լույսի՝ խավար,

Ոչ էլ գայթում՝ քեզ ապավինելուց.

Հենց ինքս անձամբ, կորստյան որդիս, գտա բոլորն այդ.

Անօրեն մեղքերս միայն նյութեցին,

Գանձեցին այդքան բարկության մթերք.

Հնազանդվելով մոլորեցուցիչ իշխանին հոգու՝

Բարձրյալիդ տեղը նրան թողեցի։

Ե

Ի վերջո մարմնիս անդամների գարշ

Խայտառականքն ու գաղտնիքը բացվեց,

Եվ անվայելուչ ստվերն ամոթի,

Ըստ առակողի, ընկավ երեսիս՝

Ցուցադրելով ինձ ամբողջովին տգեղ, այլանդակ՝

Խայտառակության համար մերկացած մի պոռնկի պես։

Ծագի՛ր ինձ վրա քավությանդ լույսով, արքա՜ երկնավոր,

Որպեսզի իսպառ թոթափած ինձնից մեղքերի փոշին,

Բաբելոնից ետ դարձողների պես,

Որ լսել էին ձայնն ավետիսի,

Հողից բարձրացած՝ վերստին կանգնեմ

Եվ, հիմնվելով անսասանորեն հաստատուն հույսիդ,

Ինչպես ասել է կանխավ Եսային,

Նախկին մաքրությամբ հագնեմ քո բազկի

Զորությունը հաղթ ամենակարող՝

Հանուն մեծության ու քաղցր փառքի

Ամենապարգև քո աստվածության,

Օրհնաբանյա՜լդ հավիտյանս. ամեն։