Բան ԺԸ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Ես, որ մեղքերի ծնունդ եմ համակ,
Որդին՝ մահաբեր ցավ ու երկունքի,
Արդ պարտավոր եմ մի օրում անթիվ
Բյուր քանքարների տուգանք վճարել։
Այժմ քեզանից ո՛չ թե մարդկային
Մտքի փոքրության համեմատ միայն ներում եմ հայցում,
Այլ պաղատում եմ մարդասիրություն՝
Փրկիչ Հիսուսիդ աննվազելի լիության չափով.
Չկայի երբեմն՝ ինձ ստեղծեցիր,
Չաղաչեցի քեզ՝ տվիր գոյություն,
Լույս աշխարհ չեկած՝ տեսար ինձ արդեն,
Դեռ չհայտնված՝ գթացիր իսկույն,
Չէի աղաչել՝ խնամարկեցիր,
Դեռ չկարկառած ձեռքերս ի վեր՝ նայեցիր վրաս,
Չէի պաղատել՝ ինձ ողորմեցիր,
Դեռ ձայնս նույնիսկ չէր ձևավորվել, բայց լսեցիր դու,
Չէի հեծեծել՝ ունկնդիր եղար,
Քաջ գիտենալով դիպվածներն արդի՝ չանտեսեցիր ինձ,
Չարիքներն իմ այս պատժապարտական
Կանխադետ աչքով տեսնելով հանդերձ՝ ինձ հորինեցիր։
Բ
Այժմ, ինձ, որին ստեղծեցիր դու,
Որին փրկեցիր ու փայփայեցիր
Այնքան սիրով ու հոգատարությամբ,
Մի՛ թող, որպեսզի այս դիվահնար
Մեղքերը իսպառ կորստյան մատնեն.
Թո՛ղ համառության մառախուղը իմ
Չհաղթի լույսին քո ներողության,
Ո՛չ էլ իմ սրտի կարծրությունը քար՝
Քո երկայնամիտ բարությանն անհուն,
Ո՛չ էլ մսեղեն այս մահկանացուն՝
Ամենակատար քո անթերության,
Ո՛չ էլ նյութեղեն տկարությանն իմ՝
Վսեմութանդ ամենակարող։
Գ
Ահա կարկամած բազուկներն հոգուս
Վեր եմ կարկառում քո անվանն, հզո՜ր,
Առո՛ղջ դարձրու ինձ առաջվա պես,
Երբ երանավետ դրախտի այգում
Ըմբոշխնում էի պտուղը կյանքի։
Գոսացած, կարկամ, վհատ, գլխիկոր
Ու տագնապահար այն կնոջ նման՝
Մեղքերով, ասես սատանայական
Պիրկ կապանքներով կքած՝ իմ հոգին
Գետնահակ է միշտ, շվար, ակնկոր.
Չի համարձակվում երկնային մեծիդ ողջույնն ընդունել.
Վրա՛ս խոնարհվիր, միա՜կ ողորմած,
Բարձրացրո՛ւ, ուղղի՛ր գետնաբեկ ընկած ծառիս բանական
Ու չորացածիս կանաչազարդի՛ր վայելուչ տեսքով,
Ըստ պատգամների սուրբ մարգարեի։
Դ
Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր, չունեմ տեսություն,
Որ նշմարելով դեմքդ՝ պաղատեմ.
Հզո՜ր, բարեգութ և միակ պաշտպան,
Անպատում սիրուդ հոգածու ակնարկն ուղղելով վրաս՝
Անէությունից լու՛յս գոյացրու
Շնչավոր խոսուն քո անոթիս մեջ։
Տասներկու տարվա ախտավոր կնոջ
Նման չարչրկված, տանջված, վշտահար՝
Մեղքերի արյան գետերով ահա ողողված եմ ես.
Նայի՛ր բարձունքից քո՝ պարածածկված լույսով անմատույց,
Ուր թեև չկա քղանցք ձեռագործ հանդերձանքների,
Բայց ամենուրեք զորավորապես
Տարածված են քո հրաշքներն անճառ։
Ե
Օծման յուղով չէ, որ պատժապարտս, մեղավորի պես,
Մոտենալով քո կենսաձիր ոտքի գարշապարներին՝
Կաթիլներն աչքի գլխի վարսերով բերում եմ ընծա,
Այլ հավատս անբիծ, իմ բազուկների վերամբարձումով,
Ողջույնով հոգուս, ստույգ դավանմամբ,
Երկրպագությամբ հպվող շուրթերիս,
Աղբերակայլակ արտասուքներիս հեծեծանքներով՝
Բժշկություն եմ աղերսում հոգուս։
Զ
Գոյությունն հոգուս մեղկությամբ լուծված
Ու քայքայված է համակ մեղքերով.
Գործիքն ընթացքիս՝ մարմինս կրող ոտքերս երկու,
Որոնք քայլում են կաղ ու անհաստատ,
Չարի արգելքով՝ շեղվել են ճամփից կենարար ծառի.
Ո՛ւժ տուր վերստին և ուղղի՛ր մոլոր ընթացքը նրանց
Ամենափրկչիդ հնարանքներով։
Փառաբանարանն հաստածդ գոյիս
Նենգ բանսարկուի հողմն է համրացրել ամրափակ խցմամբ.
Ազդելով Հոգուդ մեծ ողորմությամբ,
Ինչպես բուժեցիր ավետարանում հիշատակվածին,
Ինձ էլ շնորհի՛ր բանդ կենդանի սքանչելապես,
Որ կարողանամ խոսել անսայթաք։
Է
Չարաչար, որպես կենդանի դիակ կամ խոսուն մեռյալ,
Մեղքերի ախտի մահիճն եմ ընկել.
Կարեկի՛ց եղիր իմ թշվառության
Եվ աղեկտուր ողբ ու կականին,
Ո՜վ դու բարերար որդի Աստծո,
Քո օրհնաբանված աչքերի ցողով
Վերականգնի՛ր ինձ նորից կենդանի,
Ինչպես սիրելուդ՝ մեռյալությունից իր անշնչական։
Ստամբակելով՝ ստույգ մեղքերի
Գբի մեջ ընկած՝ վարանած եմ ես.
Ձեռքդ պարզի՛ր ինձ, որդի՜ բարձրյալի, արև՜ անստվեր,
Դո՛ւրս բեր, պարուրի՛ր ճաճանչիդ լույսով։
Ը
Ինչպես Նայինում՝ արտասվահեղեղ,
Աղիողորմ ու թշվառ ճիչերով,
Դեմքը տխրամած ու տառապագին,
Թափահարելով ձեռքերը տատամ, կուրծքը ծեծելով՝
Իր միամորիկ մահացած որդուն ողբում էր այրին,
Այնպես էլ ես եմ պաղատում մեծիդ՝ սաստիկ հեծությամբ.
Քաջալերությո՛ւն տուր հուսահատիս
Քո մխիթարիչ գթոտ խոսքերով,
Ո՜վ բարեբանյալ հաստիչ աշխարհի,
Ասելով գերուս, թե մի՛ լար այդքան դառն ու բազմաողբ.
Որպեսզի, ինչպես որդու հարությամբ
Սփոփվեց կրկին մայրը վշտաբեկ,
Այնպես էլ և ես ամոքվեմ՝ քեզնից
Ընդունած հոգին իմ ամենապարտ՝ վերանորոգված։
Թ
Այսահարությամբ անզգայացած,
Դիվատանջ, քարկոծ, արգահատելի ու հեղձամաղձուկ,
Սահմռկեցուցիչ ու գիսախռիվ,
Ահագնատեսիլ ու խելացնոր
Մարդկանց պես, որոնց դու ողորմեցիր,
Փրկի՜չ բոլորի, տե՜ս, դիմում եմ քեզ.
Վանի՛ր, վտարի՛ր ապականարար
Գնդերը չարի մարմնիս խորանից,
Որպեսզի նորից քո բարի Հոգին
Վերադառնա ու բնակվի այնտեղ,
Լցնի, համակի անդամներս ողջ շնչիս մաքրությամբ,
Զգաստություն տա ամենաթշվառ խելագարվածիս։
Ժ
Դժոխաբնակ ու վտարանդի հոգիների պես
Արգելափակված տանջվում եմ գերիս.
Թող որ ճառագի ողորմածաբար
Ճաճանչը փառքիդ, ո՜վ անձկալի լույս,
Ազատի, փրկի ինձ պառակտիչի պիրկ կապանքներից։
Տագնապի մեջ է՝ աննկատելի ու գաղտնորոգայթ,
Աննշմար շավիղ ու երակներով
Ներսս տարածված զազիր մեղքերից ջրգողված հոգիս,
Եղեռնագործի թույնից գոյացած
Այտուցներն անտես, որդի՜ Աստծո,
Քեզ ինքնահատուկ քո կարողությամբ
Գթասիրաբար առողջացրո՛ւ։
Մահացու ախտերը բազմատեսակ, զանազանակերպ,
Որոնք, ամեն մեկն իր կորստաբեր ժանտ պտուղներով,
Շառավիղներով դժնդակարմատ,
Հիմնավորվել են անօրեն մարմնիս անդաստանի մեջ,
Դո՛ւրս կորզիր ձեռքով ամենակալիդ,
Դու, որ արորովդ հոգու դաշտերն ես մշակում անվերջ,
Որպեսզի այնտեղ քո կենաց խոսքը արգասավորվի։
ԺԱ
Ահա ճարակող քաղցկեղի նման
Հանցանքիս վերքերն անցել են բոլոր օրինակներից
Ու տարածվելով՝ լափել լիովին անդամներս ողջ.
Չիք սպեղանի, Իսրայելի պես,
Որ դրվի անչափ իմ խարաններին.
Հիմնախարսխից ազդրերիս մինչև
Ծայրագագաթը մարմնիս շինության
Չկա այլևս որևէ առողջ
Կամ բժշկության ենթակա մի տեղ։
Լսի՛ր, ողորմած, բարերար, օրհնյալ
Եվ երկայնամիտ անմահ թագավո՜ր,
Վշտագնած սրտիս այս ողորմաղերս պաղատանքներին,
Որ անձկության մեջ ուղերձում եմ քեզ։