Բան ԺԶ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Արդ, դու ես միայն Աստված երկնավոր, բարձրյալ, բարեգործ,

Քոնն են զորություն ու ներողություն,

Ե՛վ բժշկություն, և՛ առատություն,

Ե՛վ պարգև ու ձիր,

Քոնն են քավություն ու պաշտպանություն,

Բոլոր հնարներն անիմանալի

Եվ անգտնելի արվեստ ու հրաշք,

Քոնն են և չափերն իսկ անչափելի,

Դո՛ւ ես սկիզբը, դո՛ւ ես և վախճան։

Բարկության խավարն ու մեգը երբեք

Չեն ստվերում քո լույսն ողորմության,

Քանզի լինելով ինքդ մտքից վեր՝

Զերծ ես լիովին ախտ ու կրքերից,

Ո՜վ անպարագիր պատկեր, կշռության սահմաններից դուրս,

Ո՜վ անչափություն լայնության փառքի

Եվ անտարրափակ ընդարձակություն հատու զորության,

Բացարձակության անամփոփելի անսահմանություն,

Անտկարելի բարերարություն անբավ գթության։

Մահվան ստվերը, ըստ մարգարեի, այգի ես փոխում.

Ինքնակամորեն իջար տարտարոս,

Արգելափակված աքսորյալների բանտն ստորերկրյա,

Ուր փակ էր անգամ դուռն աղոթքների,

Եվ հոգիների ավարն այնտեղից հափշտակելով՝

Հրաման-խոսքիդ սրով հաղթական

Տանջալի մահվան կապը կտրեցիր

Ու փարատեցիր մեղքի ամեն մի երկյուղ ու կասկած։

Դարձի՛ր այժմ ինձ, որ սահմռկել եմ

Տղմալի գբիս զնդանում խորունկ՝

Մեղքի շղթայով ամուր կապկպված

Եվ բանսարկուի նետի սլաքով խոցված կարեվեր։

Բ

Ո՜վ ամենայնի տերդ բարերար,

Ո՜վ օրհնության գանձ, լույս խավարի մեջ,

Ողորմած, գթած, մարդասեր, կարող,

Հզոր, անքնին, անպատում, անճառ,

Հակոբի խոսքով՝ ամենակարող

Եվ անհնարին բոլոր բաների

Միշտ դյուրապատրաստ հնարավորող,

Մեղքի խռիվներ սպառող կրակ,

Կիզանուտ ճաճանչ, ընդհանրական

Ու մեծախորհուրդ թափանցողությամբ,

Հիշի՛ր ինձ ոչ թե քո իրավունքով, այլ ողորմությամբ,

Ներողությամբ քո, ոչ թե հատուցմամբ,

Ոչ թե հավաստյավ, այլ հանդուրժանքով։

Եթե մեղքերս կշռելու լինես,

Ապա արա քո քաղցրության, ոչ թե արդարության հետ.

Զի ըստ առաջին չափի՝ չափազանց նվազ կլինեն,

Իսկ ըստ վերջինի՝ սաստիկ ծանրակիր։

Գ

Արդ, մոտեցիր ինձ, ո՜վ դու բարություն,

Ինչպես բուժելու համար մոտեցար

Ականջին քո դեմ ստամբակողի.

Մեղապարտիցս վանի՛ր մահվան հողմն այս խռովահույզ,

Որ հանգչի իմ մեջ մեծազոր Հոգին քո խաղաղության.

Ամեն ինչում քեզ փա՜ռք հավիտենից հավիտյանս. ամեն։