Բան ԺԵ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս,
Հոգուս աղետով իսպառ տագնապած,
Նույն ողբանվագ ոճով վերստին դիմելով մեծիդ՝
Բազմապարգևիդ գութն եմ աղերսում,
Պաղատում իբրև կենդանի մեռյալ՝ անմահ Աստծուդ,
Խոստովանելով անարգությունն իմ քո փառքի հանդեպ,
Բարությանդ դիմաց չարություններն իմ,
Որոնցով ոչ թե բժշկվեցի, այլ հաղթվեցի միայն,
Ոչ թե ստացա համարձակություն, այլ ամաչեցի
Ուխտակորույսս ավանդամոռաց։
Առակում իբրև օրինակ բերված
Խղճալի տեսքով այն ոչխարի պես,
Որ մատնված հետին անզգայության,
Մոլորված հեռու ամայաբնակ, անկոխ վայրերում՝
Դեգերում էր հեգ վայրի կուռքերի
Ու դևերի հետ գազանաբարո,
Առանց մի փոքր հոտին մոտ գալու,
Ես էի նաև. չունեի լեզու,
Որով պատմեի ցավերն ինձ տանջող,
Ոչ էլ ձեռք, որի շարժուձևերով
Համրերն են իրենց մտքերն հաղորդում։
Իսկ դու, գովյա՜լդ հավիտյանների
Սկզբից մինչև ծնունդն այսօրվա,
Մեղավորիս էլ, ըստ Եզեկիելի,
Գտնելով անլույս մոլորության մեջ՝
Հովիվ կոչվեցիր քո խնամարկու կամքի տեսչությամբ.
Բայց դու ոչ միայն հոգ տարար անձիս, այլև փնտրեցիր.
Ոչ միայն գտար, ո՜վ հրաշագործ,
Այլև սիրագութ ու անճառելի բարերարությամբ
Առար կենսատու ուսերիդ վրա
Ու, դասակցելով երկնավորներիդ,
Տեղավորեցիր քո հայրենական ժառանգության մեջ։
Բ
Եվ արդ, ո՜վ հզոր, օրհնյալ հոգածու,
Կենարար, գթած ողորմածությամբ,
Եթե աղերսի համար անկարող
Այն անխոսներին դու ընդունեցիր,
Որոնցից մեկը մահվան դուռն հասած՝ չարչարվում էր լուռ,
Մեկն՝ անբանների անզգայությամբ,
Տարագրական ու վտարանդի,
Ամայության մեջ վարանած, վհատ,
Բառաչում էր խեղճ, տարտամ ու անմիտ,—
Քո աստվածային հոգատարությամբ տիեզերահրաշ՝
Խնամարկեցիր թշվառության մեջ կորուսյալներին,
Ցո՛ւյց տուր վերստին այժմ նաև ինձ
Խորքը գթությանդ ու բարերարման զեղումներդ հորդ,
Ինձ, որ նրանցից շատ ավելի եմ թշվառ, անօրեն,
Որ մահապարտ եմ մի բազմօրինակ,
Ինձ, որ բարության քաղցր խառնուրդում չար համ եմ հատուկ,
Որ արժանի եմ անդամահատման,
Ինձ, որ խոցված եմ հոգով կարեվեր,
Ախտաժետված եմ համաճարակ ու ամենաբոլոր,
Ինձ, որ լիովին անզգայացած՝
Հավասարվել եմ անասուններին,
Օտարացել եմ ընտանությունից իմաստուն մարդկանց,
Ինձ, որ նման չեմ ինձ հանգունակից բանականներին։
Եթե համատիպ մեկն ունենայի, կասեի անշուշտ,
Եթե լիներ գեթ մի նմանակից, կծանուցեի,
Կիրազեկեի, եթե հանդիպեր մեկն ինձ հավասար,
Եթե պատահեր զուգագործ մի մարդ գեթ, ցույց կտայի,
Կազդարարեի, եթե տեսնեի մի այլ օրինակ.
Եթե լիներ նա անցյալում, գոնե
Կունենայի մի մխիթարություն,
Եթե ներկայում՝ կապրեի հույսով։
Սակայն քանի որ անցել եմ ամեն մի օրինակից
Եվ նմանության ամեն սահմանից մնացել եմ դուրս,
Ուստի դու միայն կարող ես քավել,
Բուժել, ամոքել, կյանք տալ ինձ դարձյալ,
Կենդանարա՜րդ ողջ մեռյալների
Եվ նորոգողդ տիեզերքի համայն։
Գ
Եթե երջանիկ Դավթի սուրբ սրտի հայեցողությամբ՝
Անօրենությունն ու չարիքներն իր՝ գլխից բարձրացած,
Իսկ հանցանքներն ու մեղքն անկրելի
Բեռներից անգամ ծանր էին թվում,
Հապա ուրեմն սխալմունքներն իմ
Կանցնեն հեղեղի այն ջրակուտակ ու տիեզերասույզ,
Ամենակործան հորդածուփ ծովից
Եվ կատարները բարձր լեռների կծածկեն իսպառ։
Սակայն թո՛ղ փչի քամիդ քաղցրաշունչ,
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,
Եվ իր զորությամբ ցամաքեցնի
Բազմակոհակ ու ջրակույտ շեղջերն
Աշխարհակործան իմ հանցանքների
Եվ լեռնակարկառ բարձրություններով դիզված մեղքերս։
Դ
Եվ արդ, խոսքով քո հզոր ու հատու,
Ամենահնար կարողությամբ քո,
Ըստ մարգարեի, հակիրճ հատուցմամբ՝
Քավի՛ր ընդերկար անօրինյալիս
Եվ ներելով այս համառությունն իմ,
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնյալ,
Բարեգործելով ջնջի՛ր համորեն
Նաև անվճար պարտքերիս տույժի
Արժանահատույց տոկոսների բեռն այս տաժանական։
Չէ՛ որ դու չունես ցասումնալից սիրտ, բարկության բորբոք.
Քո մեջ չկա և նենգության նշմար, մթության նշույլ.
Կամքդ աղբյուրն է կյանքի ու լույսի.
Դու ո՛չ, ըստ Դավթի ու Սողոմոնի, մահն ստեղծեցիր,
Ո՛չ էլ հրճվում ես կորստով մարդկանց։
Ե
Քո բարեկտակ կանոնների մեջ
Դու մարդկանց համար մեծագույն օրենքն այս սահմանեցիր՝
Չարը չարությամբ չփոխարինել,
Այլ մի օրվա մեջ ներել յոթն անգամ
Յոթանասուն հեղ գործած մեղքերը.
Եվ այդ, երկնավո՜ր, մե՛զ պատգամեցիր,
Մեզ, որ կրում ենք մեր բնության մեջ
Բնականորեն ծլարձակված բյուր,
Անթիվ-անհամար բծեր չարության,
Որոնք մարմնային օրենքներով հենց
Բողբոջում են միշտ, աճում, նորոգվում՝
Ամենատեսակ փշեր ընձյուղող
Մեր այս բնության անդաստանի մեջ,
Համաձայն անսուտ քո վկայության,
Թե՝ «Մարդու միտքը իր մանկությունից
Հակամետ է միշտ չարիք գործելու»։
Քո կենաց խոսքի ավետարանիչ Հովհաննեսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապես,
Որպես հանրության բնութենակից՝
Նույնպես հաստատեց քո ճշմարտության
Արդարացումն իմ ստության հանդեպ.
«Եթե ասենք, որ ոչ մի մեղք չունենք,
Ապա սուտ պիտի դուրս բերենք նրան»։
Արդ, կատարված է խոսքդ խնկելի,
Լիովին ստույգ, հավաստի՝ հանդեպ իմ մոլորության
Եվ հույժ դժնդակ անիրավության։
Ուստի խնայի՛ր ինձ ողորմությամբ, քաղցրությա՜ն աղբյուր,
Օրհնյա՜լդ միայն՝ հավիտյաններից հավիտյանս. ամեն։